ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Միջազգային իրավունքը չունի հարկադրանքի միջոցներ. միջազգային քրեական իրավունքի մասնագետ Գուրգեն Պետրոսյան

Քաղաքական շահերը մշտապես բախվում են միջազգային արդարադատության իրականացման խնդիրներին, բայց միջազգային իրավունքը չունի հարկադրանքի միջոցներ ` ասում է Ֆրիդրիխ-Ալեքսանդր Էռլանգեն Նյուրնբերգի համալսարանի իրավաբանական գիտությունների դոկտոր, հայ-գերմանական իրավաբանների միության նախագահ, միջազգային քրեական իրավունքի մասնագետ Գուրգեն Պետրոսյանը։ «Ռադիոլուր»-ի հետ զրույցում, անդրադառնալով Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով Արդարադատության միջազգային դատարանի նոյեմբերի 12-ին հրապարակելիք վճռին, քիչ հավանական է համարում  դատարանի կողմից Հայաստանի բոլոր պահանջները մերժելը։ Միջազգային քրեական իրավունքի մասնագետը նշում է, որ պետք է նաև հաշվի առնել հայկական հայցի վերաբերյալ Ադրբեջանի ներկայացրած նախնական առարկությունները և պատասխանները։ Գուրգեն Պետրոսյանը հույս ունի, որ ադրբեջանական պահանջներն ամբողջությամբ չեն բավարարվի։

Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով՝ Ադրբեջանի կողմից ներկայացված նախնական առարկությունների վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանը կհրապարակի իր վճիռը 2024 թվականի նոյեմբերի 12-ին: Այս մասին տեղեկացնում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը:

 Հրապարակային նիստը տեղի կունենա Երևանի ժամանակով ժամը18-ին, Հաագայի Խաղաղության պալատում, որի ընթացքում Դատարանի նախագահ, դատավոր Նավաֆ Սալամը կկարդա Դատարանի վճիռը։

2021 թվականի սեպտեմբերի 16-ին Հայաստանը վարույթ նախաձեռնեց Ադրբեջանի դեմ՝ կապված «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի ենթադրյալ խախտումների հետ:

2023 թվականի ապրիլի 21-ին Ադրբեջանը ներկայացրեց նախնական առարկություններ՝ Դատարանի իրավասության վերաբերյալ և Դատարանի կանոնակարգի 79-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, գործի վարույթը կասեցվեց մինչև նշված նախնական առարկությունների վերաբերյալ Դատարանի որոշման հրապարակումը:

2023 թվականի ապրիլի 25-ի որոշմամբ Դատարանի նախագահի սահմանված ժամկետում Հայաստանը ներկայացրեց իր գրավոր դիտարկումներն ու դիրքորոշումը Ադրբեջանի նախնական առարկությունների վերաբերյալ:

Հայաստան ընդդեմ Ադրբեջանի գործով վճռի հրապարակումից անմիջապես հետո դատարանը կհրապարակի իր վճիռը՝ Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով՝ Հայաստանի ներկայացրած նախնական առարկությունների վերաբերյալ:

Կարդացեք նաև

Back to top button