ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Արցախի մասին ֆիլմը չի լռի․ «Օսկարից» հետ կանչված հորդանանյան «Տունս քաղցր ա»-ն լայն ցուցադրության կդրվի

Հորդանանն Ադրբեջանի ճնշման ներքո հետ է կանչել «Օսկար»-ի ներկայացված՝ հորդանանահայ Սարին Հայրապետյանի «Տունս քաղցր ա» վավերագրական ֆիլմը։ Իր գլխավոր հերոսի՝ 11-ամյա Վրեժի օրինակով ֆիլմը պատմում է արցախցի հայ երեխաների կյանքի և պատերազմից տուժած հայրենիքում նրանց պայքարի մասին։ Բաքուն պաշտոնապես հաստատել է, որ իր ճնշմամբ է Հորդանանն այդպես որոշել, քանի որ ֆիլմը, նրանց ձևակերպմամբ, հակասում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը։ Փորձագետները, մինչդեռ, սա այլ կերպ են բնորոշում՝ Բաքուն քաղաքական գործիքակազմ է կիրառում անգամ ապաքաղաքական բազմաթիվ ոլորտներում, միայն թե Արցախի անունն ու ձայնը չհնչի։

Սա մի հարց է, որն անշուշտ հետաքրքրում է հորդանանահայ համայնքին՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում ասաց Հորդանանի հայ համայնքի ակտիվ անդամ, Ազգային մարզական միության ատենապետ Մարալ Ներսեսյանը։ Նա մեծ հաջողություն է համարում, որ Արքայական կինոհանձնաժողովը որոշել էր հորդանանահայ կինովավերագրող Սարին Հայրապետյանի վավերագրական ֆիլմը ներկայացնել «Օսկարի»։

«Մեծ հաջողություն էր Արքայական կինոհանձնաժողովի հովանու ներքո հորդանանահայ կինովավերագրող Սարին Հայրապետյանի այս վավերագրական ֆիլմը ցուցադրելը նույնիսկ, առավել ևս՝ կինոթատրոնում»։ 

Բաքուն հաստատել է, որ իր ճնշմամբ է Հորդանանը հետ կանչել հայ ռեժիսորի՝ Արցախի մասին ֆիլմը «Օսկար»-ի 97-րդ մրցանակաբաշխությունից։ Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն հայտարարել է, թե Հորդանանի կողմից «Օսկար»-ի «Լավագույն միջազգային ֆիլմ»-ին հավակնող  ժապավենի բովանդակությունը, նրանց ձևակերպմամբ, «հակասում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը»։

«Ֆիլմն, ի վերջո, չի ներկայացվել «Օսկար»-ի մրցանակաբաշխությանը, և դրա ցուցադրությունը Հորդանանում դադարեցվել է։ Մենք ողջունում ենք հորդանանյան կողմի այդ որոշումը»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը։

Հորդանանահայ համայնքում նկատում են, որ թե՛ Թուրքիան, թե՛ Ադրբեջանն ամեն տեսակի ռեսուրս ներդնում են՝ սիրաշահելու արաբ ժողովրդին։ Դա նկատելի է նաև լրատվամիջոցների հրապարակումներից։ Ըստ Մարալ Ներսեսյանի՝ ադրբեջանական մոտեցումը նորություն չէ։ Նրանք մշտապես և մշակույթի, և հումանիտար հարցերը, լ, որոնք զերծ պետք է լինեն քաղաքականությունից, օգտագործում են իրենց քաղաքական ամենատարբեր նպատակներին հասնելու համար։

«Իմ կարծիքով, այս հարցը երբ քաղաքականացավ, կամ ավելի ճիշտ՝ քաղաքական ճնշումի հասավ, Հորդանանն ընտրեց չեզոք դիրք  և չառաջադրեց այդ ֆիլմը։ Ես այդպես եմ կարծում և հավատում եմ, որ այդպես է։ Այսինքն, ուրիշ երկրների քաղաքական հարցերի շուրջ արտահայտվելու սահմաններ կարող է դրած լինել երկիրը՝ ապահովելու իր երկրի հանգստությունը։ Սա էլ, ուրեմն, ավելի մեծ պատճառ է հանդիսանում, որպեսզի չառաջադրեն, կամ՝ հետ կանչեն։ Հավատում եմ, որ դա է հիմնական պատճառը»։

Հորդանանի արքայական կինեմատոգրաֆիայի հանձնաժողովը իր որոշումը դեռ որևէ կերպ չի մեկնաբանել։ 

Այսուհանդերձ, կատարվածը հերթական ապացույցն է, թե ինչպես է Ադրբեջանը քաղաքական գործիքակազմ կիրառում այս ու տարբեր ապաքաղաքական ոլորտներում՝ ձգտելով վերահսկել հայ-ադրբեջանական թեմաներին առնչվող բովանդակությունը։ 

Բաքուն ամեն կերպ փորձում է մեկուսացնել Արցախի և դրա հայ համայնքի իրական պատմությունը՝ զրկելով նրան միջազգային հարթակներում խոսելու հնարավորությունից։ Մշակութային ու հումանիտար հարցերի նկատմամբ նման քաղաքականացված մոտեցումը թույլ չի ալիս բազմակողմանի պատկերացումներ և կարծիքներ արտահայտել։ Սա բացահայտ խոչընդոտ է այնպիսի մշակութային արտադրանքի տարածմանը, որն անդրադառնում է Արցախի ժողովրդագրական և մշակութային իրականությանը։ Դիվանագիտական ճնշումները, որոնք կիրառվում են նման դեպքերում, նպատակ ունեն «մաշել» պատմական ճշմարտությունը՝ ի վնաս խաղաղության և առանձին ժողովրդի արժանապատվության։ Հորդանանի հայ համայնքի ակտիվ անդամ, Ազգային մարզական միության ատենապետ Մարալ Ներսեսյանը նկատում է.

«Այս ֆիլմի ցուցադրությունը Հորդանանի մեջ ամենամեծ իրազեկման  քայլն է, որ եղել է մինչև այսօր Արցախի հարցի շուրջ, որովհետև քաղաքական հարցերի հետ կապված ինչ-որ զսպվածություն կա՝ ընդհանրապես։ Այն հանգստությունը չկա, երևի, արտահայտվելու մեր հարցի հետ կապված»։ 

«Տունս քաղցր ա» ֆիլմը ներկայացնում է Արցախի հայ երեխաների կյանքը, երազանքներն ու պայքարը՝ պատերազմի հետեւանքով ավերված հայրենիքում։ Ֆիլմի կենտրոնական կերպարը՝ 11-ամյա Վրեժը, խորհրդանիշն է այն սերնդի, որն աճում է պատերազմական պայմաններում, սակայն ձգտում է խաղաղության և ապագայի կառուցմանը։ Հայրապետյանի աշխատանքը փոխանցում է խաղաղության, հայրենասիրության ու դիմակայության գաղափարները՝ ցույց տալով պատերազմի մարդկային գինը։ Անգամ այսպիսի մարդկային պարզ բովանդակությամբ վավերագրումներն են անհանգստացնում Բաքվին։ Հորդանանահայ համայնքի ներկայացուցիչը նաև այսպիսի դիտարկում ուներ.

«Բայց հավատում եմ, որ ֆիլմի այս հետկանչելն ավելի մեծ տարածում կարող է ունենալ։ Նույնիսկ՝ ավելի մեծ ազդեցություն պետք է ունենա։ Այսինքն՝ ցանկանում եմ դրական մտածել, որ անգամ նրանք, ովքեր չէին լսել նույնիսկ այս ֆիլմի մասին, հիմա՝ արդեն այս կերպ տարածմամբ կիմանան։ Հուսամ՝ կհաջողվի. դեռ ձևը կա նույնիսկ «Օսկարի» հասնելու»։

Այս դեպքը լայն քննարկումներ է առաջացրել կինոաշխարհում։ Հարց է առաջանում՝ Հորդանանը, Ադրբեջանի ճնշման տակ, միայնա՞կ կլինի, թե՞ այլ երկրներ ևս կվախենան ներկայացնել Լեռնային Ղարաբաղին վերաբերող ֆիլմեր։ Ադրբեջանը շարունակելու է ճնշումներ կիրառել։ Փորձագետները նկատում են, որ մշակութային արտադրանքը պետք է լինի քաղաքական ազդեցություններից զերծ, քանի որ այն արտահայտում է մարդկանց իրական կյանքը, ոչ թե պետությունների շահերը։ Նման մոտեցումների դեպքում միջազգային մշակութային միջոցառումները կարող են կորցնել իրենց բազմակողմանիությունն ու անկախությունը։

«Պարզապես, պետք է, որ համայնքի անդամներն արտահայտվեն։ Հավատում եմ, որ կարտահայտվեն։ Հիմա արտահայտվելու առիթն ավելի ունեն՝ այս հարցի շուրջ կարծիք հայտնելու։ Եթե նախկինում ինչ-որ զսպվածություն կար, հիմա կարծիք արտահայտելն ավելի դյուրին դարձավ»։

Ֆիլմի ռեժիսոր Սարին Հայրապետյանը և պրոդյուսեր Ազզա Հուրանին հիասթափություն են հայտնել Հորդանանի որոշման առիթով՝ նշելով, որ այդ ճնշումն ընդամենը խթանում է իրենց՝ «Տունս քաղցր ա» ֆիլմի պատմությունը հանրայնացնելու պատրաստակամությունը: Նրանք հավատացած են, որ իրենց աշխատանքը կարևոր է բոլոր երեխաների համար, ովքեր երազում են խաղաղության և ազատության մասին՝ առանց պատերազմի վտանգի։

Թիմը ծրագրում է շարունակել ֆիլմի ցուցադրությունները ԱՄՆ-ում՝ ներառյալ Լոս Անջելեսը՝ սկսած նոյեմբերի 29-ից, վճռականորեն հակադարձելով որևէ փորձի՝ խոչընդոտելու իրենց պատմության ձայնը: Տեսանելի է, որ այսպիսի խոչընդոտներն անգամ կարող են ավելացնել ֆիլմի ազդեցությունը՝ այս անգամ միջազգային կինոլորտում բարձրացնելով Արցախի պատմությունը և հայ համայնքի ձայնը՝ ցույց տալու խաղաղության և հումանիտար արժանիքների կարիքը։

Կարդացեք նաև

Back to top button