Բաքվում մեկնարկել է բնապահպանական այն լայնամասշտաբ միջոցառումը, որի հետ քաղաքական մեծ հույսեր էին կապում ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ տարբեր երկրներում։ Ակնկալիք կար, որ, հաշվի առնելով COP-ի հումանիտար ուղղությունը, միջազգային համաժողովին ընդառաջ ընթացող բանակցություններով, քաղաքական ազդեցություն գործադրելով կհաջողվի Ադրբեջանի հետ գալ ընդհանուր հայտարարի և հասնել հայ գերիների ազատ արձակմանը։ Մինչդեռ Հայաստանի արտաքին գործերի նախարարն այսօր մեկնել է բոլորովին այլ ուղղությամբ՝ Շվեդիա, ինչը, քաղաքագիտական գնահատականներով, ուղիղ նշանակում է մի բան՝ հայ-ադրբեջանական կողմերն առանցքային որոշ հարցերի շուրջ կրկին չեն կարողացել պայմանավորվել։
Ադրբեջան մեկնելու փոխարեն՝ այց Շվեդիա․ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ընտրեց այս օրակարգը, թեև դեռ հուլիսից իր անունով հրավեր էր ստացել Ադրբեջանից՝ COP29 կլիմայի փոփոխության համաժողովին մասնակցելու համար։
Մինչև համաժողովի մեկնարկին նախորդած վերջին օրը հայկական կողմը չէր հստակեցնում մասնակցության մասին իր որոշումը։ Միրզոյանի քայլից, թերևս ակնհայտ է, որ կողմերը սկզբունքային հարցերի շուրջ ընդհանուր հայտարարի չեն եկել։ Կոնսենսուսի և Բաքու մեկնելու համար Հայաստանը, որպես նախադրյալ, դիտարկում էր Ադրբեջանում պահվող գերիների վերադարձը։ Թեև Հայաստանի արտգործնախարարը COP29–ի նույն օրերին լինելու է ոչ թե Բաքվում, այլ՝ Ստոկհոլմում, բայց փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը հստակ մերժման մասին էլ չի խոսում։ Հաստատում է, որ որոշումների կայացման վրա մեծապես ազդում են գերիների հարցով ու «Խաղաղության պայմանագրի» բանակցությունները։
«Ընդհանուր գործընթացների դինամիկան պիտի դիտարկվի, ի վերջո։ Դեռ որոշում չունենք։ Վստահաբար, այն պահին, երբ լինի որոշումը, մենք պատշաճ կտեղեկացնենք, թե արդյոք մասնակցո՞ւմ ենք, ի վերջո, վերջնական որոշում կա՞՝ մասնակցելու կամ չմասնակցելու, և ի՞նչ մակարդակով մասնակցելու»։
Որ Բաքվում անցկացվող COP29 համաժողովը, բացի արծարծվող կլիմայական խնդիրներից, ունի նաև զգալի քաղաքական ենթահարցեր, հաստատվում է ոչ միայն հայկական կողմի, այլև միջազգային հարթակների ու տարբեր գործիչների հայտարարություններով, որոնցով ընդգծվել է գերիների ազատ արձակման անհրաժեշտությունը։ Ակնկալվում էր, որ Ադրբեջանը կօգտագործի միջազգային խոշոր միջոցառումն իր «խաղաղասիրական», «կառուցողական» դիրքորոշումները ներկայացնելու համար, սակայն այդպիսի դրսևորումներ չեղան։
ՄԱԿ-ի տվյալներով՝ ավելի քան 100 պետության և կառավարության ղեկավար հաստատել է իր մասնակցությունը համաժողովին։ Սակայն առանցքային գործիչները տարբեր պատճառաբանություններով դրան չեն մասնակցում։ Բաքու չեն մեկնել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ 3-րդը, Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Չինաստանի նախագահ Սի Ծինփինը, Կանադայի, Ավստրալիայի, Նիդերլանդների, Հնդկաստանի և Հարավաֆրիկյան Հանրապետության վարչապետերը։ Մի շարք ազդեցիկ հանրային գործիչներ նույնպես բոյկոտեցին Բաքվի համաժողովը՝ այնտեղ մարդու իրավունքների ոտնահարումների, կլիմայի հանդեպ վերաբերմունքի և հայ գերիների առկայության պատճառով։
Այս տարի այս խոսքերն ուղղված էին COP29-ի համաժողովի 40 հազար մասնակցի, մինչդեռ անցյալ տարի Դուբայի համաժողովի մասնակիցների թիվը գրեթե կրկնապատիկ էր, գերազանցում էր 83 հազարը:
Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը կարևոր է համարում, որ բազմաթիվ առաջնորդներ իրենց ուղերձներում բարձրացրել են հայ գերիների վերադարձի հարցը։ Ասում է, որ անկախ COP29 համաժողովում ձևավորված իրավիճակից և մթնոլորտից, բանակցությունները Ադրբեջանի հետ շարունակվում են թե՛ գերիների վերադարձի, թե՛ խաղաղության օրակարգի շուրջ․
«Գերիների խնդրի հասցեագրումը շատ կարևոր է, և մենք նույնպես այդ ուղղությամբ աշխատանքներ ենք տանում, որ բոլոր հայ ռազմագերերն և այլ պահվող անձիք ի վերջո վերադառնան։ ՀՀ–ն շարունակում է շահագրգռված լինել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում, և կարծում ենք, որ դրական հաղորդագրություններն են, որոնք օգնում են այս գործընթացին, ինչպես նաև երկու պետությունների հանրությունների նախապատրաստմանը»։
ԱԺ Պաշտպանության և անվտանգային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հաստատում է, որ տարբեր խողովակներով տարբեր աշխատանքներ են տարվում հայ ռազմագերիներին Բաքվից Հայաստան վերադարձնելու համար։ Պատգամավորը համոզված է, որ COP-ի շրջանակում Հայաստանը մի կարևոր հարց արդեն լուծել է, երբ 2023–ի դեկտեմբերին՝ Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական լայնածավալ հարձակումից և Արցախի հայաթափումից ընդամենը երեք ամիս անց, որոշեց աջակցել Բաքվին և հրաժարվել COP-ը Երևանում անցկացնելու հայտից։ Երևանի այդ աջակցության համար Բաքուն համաձայնեց ազատ արձակել 32 հայ ռազմագերիների։
Ըստ պաշտոնական տվյալների՝ այժմ Ադրբեջանում 23 հայ է գերության մեջ, նրանցից 8-ը Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարությունն է։ Բաքուն Արցախի նախկին պաշտոնյաներին ծանր մեղադրանքներ է առաջադրել՝ ահաբեկչությունից մինչև ապօրինի զինված խմբավորումների կազմավորում։
Ըստ Անդրանիկ Քոչարյանի՝ բացի COP-ից դեռ կան այլ հնարավորություններ գերիներին վերադարձնելու համար։
«Եթե մարդասիրական և հումանիտար բնույթ ունի տվյալ միջազգային հավաքը, ապա նա պետք է առաջին հերթին իրացնի այն պահանջը, որը նոյեմբերի 9-ի փաստաթղթում արձանագրված է: Գերիների հարցում առանց հանրայնացնելու պետք է մշտապես զբաղվել, մինչև վերջին գերին հետ գալը, որովհետև հիմա տեսնում եք նաև առաջին պատերազմի զոհվածների և անհետ կորածների խնդիր է արծարծվում: Այդ խնդրի շրջանակներում էլ կարող են ստեղծվել հնարավորություններ, որպեսզի գերիների և անհետ կորածների հանձնախմբերը աշխատեն միասին և փորձենք հասնել ամբողջական լուծումների»։
Պատգամավորը համոզված է՝ ինչպես Բաքու գնալը, այնպես էլ չգնալը իր գինն ունի։
Չգնալու դեպքում այն դեռ հայտնի չէ։ Ուշագրավ է, որ Հայաստանի բացակայության պայմաններում Բաքվում հանդիպել են Եվրոպական միության խորհրդի նախագահ Շառլ Միշելը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Պաշտոնական հաղորդագրությունը Բաքվից լռում է, թե ինչ հարցեր են քննարկել պաշտոնյաները։ Ակնհայտ է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև մշակվող «Խաղաղության պայմանագրի» նախագիծը չէր շրջանցվի։
Այս բանակցությունների առումով Հայաստանի փոխարտգործնախարարը հաստատում ու պնդում է, որ ադրբեջանական 11–րդ խմբագրումներից հետո դրական դինամիկան պահպանվում է։
«Դեռևս շարունակում են մնալ հարցեր, որոնց շուրջ երկու կողմերի տեսակետները տարբերվում են, բայց մենք տեսնում ենք հնարավորություն այս տեսակետները մոտարկելու»։
Փոխարտգործնախարարը չի մեկնաբանում, թե որ հարցերի շուրջ կողմերի դիրքորոշումները դեռ մոտ չեն։ Չի հաստատում նաև ադրբեջանական «գաղտնազերծումները», թե ադրբեջանական նախապայմանները վերաբերում են ՀՀ Սահմանադրությանը, սահմաններին ԵՄ դիտորդների ներկայությանը և միջազգային դատարաններից Ադրբեջանի դեմ հայցերի հետքաշմանը։
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հեռախոսազրույցում ասել էր, որ Ադրբեջանն ու Հայաստանը մոտ են խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ վերջնական համաձայնության գալուն։
Ինչ վերաբերում է COP29 համաժողովին, ապա այն ինչպես կարող էր օգուտ բերել Ադրբեջանի միջազգային հեղինակությանը, նույն հաջողությամբ նաև կան այդ հեղինակությունը ստվերելու հնարավորություններ։ Միջոցառման կազմակերպումը ուղորդվել է տարբեր սկանդալներով։ BBC-ի տրամադրության տակ է հայտնվել մի ձայնագրություն, որից հետևում է, որ Ադրբեջանի COP29 թիմի գործադիր տնօրեն Էլնուր Սոլթանովը քննարկել է նավթագազային պետական ընկերությունում «ներդրումների հնարավորությունները» մի անձի հետ, որը ներկայացել է որպես պոտենցիալ ներդրող: Ադրբեջանցի պաշտոնյան հայտարարել է, որ ունեն բազմաթիվ գազի հանքավայրեր, որոնք պետք է մշակվեն։
Կլիմայի հարցերով բանակցությունների համար պատասխանատու ՄԱԿ-ի մարմնի նախկին ղեկավարը BBC-ին ասել է, որ Սոլթանովի գործողություններն «ամբողջովին անընդունելի» են և «դավաճանություն են» COP գործընթացին:
COP միջոցառումների ընթացքում համաշխարհային առաջնորդները հավաքվում են՝ քննարկելու կլիմայի փոփոխության դեմ պայքարի լավագույն լուծումները: Ներկայում Կոնվենցիան ունի 198 կողմ՝ 197 երկիր + Եվրամիությունը:
Նախատեսվում է, որ մինչև նոյեմբերի 24-ը շարունակվող COP29-ի առաջնորդների գագաթնաժողովին կմասնակցեն ավելի քան 100 պետությունների ու կառավարությունների ղեկավարներ, փոխնախագահներ։