
Նոյեմբերի 11-ին Բաքվում մեկնարկող COP29-ին զուգահեռ Թբիլիսիում մեծամասշտաբ բողոքի ակցիա կանցկացվի ադրբեջանական ավտորիտարիզմի դեմ։
Բողոքն առաջնորդելու է Թբիլիսիում գտնվող շվեդ հայտնի էկոակտիվիստ Գրետա Թունբերգը, որին միացել են վրացի էկոակիտիվիստներ, ինչպես նաև վտարանդի ադրբեջանցի հետաքննող լրագրողներ, ակտիվիստներ, Ալիևի ռեժիմի պատճառով Բաքվից հեռացած և Թբիլիսիում հաստատված քաղաքական գործիչներ։
Ակցիայի կազմակերպիչները «Ռադիոլուր» -ին ասել են՝ նպատակը տարածաշրջանում Ալիևի կողմից տարածվող ավտորիտարիզմի դեմ պայքարն է։ «Ակցիան նաև Իվանիշվիլիի ավտորիտարիզմի դեմ է։ Մենք պետք է կանգնեցնենք Ալիևի ռեժիմի տարածումը»,- «Ռադիոլուր»-ին ասել է ցույցի կազմակերպիչներից վրացի ակտիվիստ Թամար Ջակելին։
Թբիլիսյան երթ-հանրահավաքը գլխավորող, աշխարհում հայտնի ակտիվիստ Գրետա Թունբերգն այս շաբաթ պատրաստվում է ժամանել Հայաստան, նա «Ռադիոլուր»-ի հետ բացառիկ հարցազրույցում ասել է, որ դատապարտում է Բաքվում COP29-ի անցկացումը։ Բոյկոտելով ՄԱԿ-ի կլիմայի համաժողովը Բաքվում, որն իրականացրել է էթնիկ հայերի զտում, նա պահանջում է Ադրբեջանից ազատ արձակել հայ գերիներին։




