Արմավիրի մարզ Փարաքար համայնքում Տարածքային զարգացման հիմնադրամի պատվերով ու պետական բյուջեի միջոցներով նոր մարզադպրոց է կառուցվում: Մարզադպրոցի հին շենքի պայմանները բավարար են միայն որոշ մարզատեսակներով զբաղվելու համար: Նոր մարզադպրոցում հիմնական ուշադրությունը սևեռելու են օլիմպիակամ մարզաձևերի վրա և ավելացնելու են ըմբշամարտը:
Փարաքար համայնքի մարզադպրոցը երկու մարզադահլիճ ունի, մեկում ծանրամարտ են պարապում, մյուսում՝ բռնցքամարտ ու կարատե: Երկու մարզադահլիճներում փորձում են հարմարավետ պայմաններ ստեղծել մարզումների համար ու բավարարվել եղած մարզագույքով: Մարզումների արդյունքները շատ գոհացուցիչ չեն, բայց չեն էլ դժգոհում:
Մարզադպրոցի տնօրեն Հովհաննես Շարբաթյան. «Բռնցքամարտի խմբակում լավ երեխաներ շատ ունենք՝ Հայաստանի չեմպիոններ, Եվրոպայի առաջնութան մասնակիցներ, որովհետև բռնցքամարտը վաղուց է գործում: 2009թ.-ին ես եմ հիմնել բռնցքամարտի խմբակն ու արդեն մեծ հարջողություններ ունենք»:
Բռնցքամարտիկներից հետ չեն մնում նաև կարատեի խմբակի սաները, իսկ ծանրամարտի խմբակը մոտ մեկ տարի առաջ է բացվել: Այս մարզաձևում հաղթանակի հասնելու համար սաները դեռ ճանապարհ ունեն անցնելու: Փարաքարի մարզադպրոցի ներքո են գործում նաև Արևաշատի բռնցքամարտի, Մուսալեռի ու Մերձավանի ֆուտբոլային թիմերը: Ընդհանուր առմամբ մարզադպրոց է հաճախում 120 երեխա: Մուտքի մոտ գավաթների ու մրցանակների ցուցափեղկն է, գավաթների մի մասը 44-օրյա պատերազմում զոհված, հետախույզ Գագիկ Պողոսյանին նվիրված հուշամրցաշարի արդյունքներն են: Հովհաննես Շարբաթյանը նաև բռնցքամարտի մարզիչ է։
«Մեր արտադպրոցական պարապմունքներն այնպես ենք կարողանում կազմակերպել, որ մարզիչները ծանրաբեռնված են աշխատում: Լավ մարզիչներ են, ճիշտ է, երիտասարդներ են, բայց արդյունավետություն կա իրենց աշխատանքի մեջ»:
Հենակետային մարզաձևերը զարգացնելու նպատակով Փարաքարի գործող մարզադպրոցին կից կառուցվում է նոր մարզադպրոց: Հովհաննես Շարբաթյանն ասում է, որ սա ոգևորել է Փարաքար համայնքի երեխաներին:
«Մեր նոր մարզադպրոցը մի ծրագիր է, որի միջոցով կկարողնանք Փարաքար խոշորացված համայնքից ավելի շատ երեխաներ ընդգրկենք: Երբ շինարարությունը նոր էին սկսել, մարզադպրոցում երախաների հաճախելիությունը մեծացավ: Բացի դրանից՝ մենք սպորտի ջատագովն ենք, որպեսզի համայնքում կարողանանք առողջ սերունդ ունենալ»:
Փարաքարի հին մարզադպրոցը չունի ջեռուցման համակարգ, այնտեղ է մարզվել նաև համայնքի ղեկավար Լյուդվիգ Գյուլնազարյանը.
«Շենքը հին է, ես այնտեղ ըմշամարտով եմ զբաղվել 1991թ.-ին ու ինձնից ավագ սերունդն էլ է պարապել: Շենքը հավանաբար 80-ականներին կամ ավելի վաղ է կառուցվել: Այնքան էլ լավ վիճակում չէ: Մարզասրահի կենտրոնում սյուն կա, որը խանգարում է պարապմունքներին. ընբշամարտի գորգի կենտրոնում սյուն չպետք է լինի, իսկ տանիքը ցածր է»:
Նոր մարզադպրոցը կառուցվում է նոր պահանջներին համապատասխան։ Մեկհարկանի կառույց է լինելու, որի նկուղային հարկը նույնպես լիարժեք օգտագործվելու է՝ շինարարկան աշխատանքներին հետևելով՝ ասում է Փարաքար համայնքի բնակիչ Աշոտ Գևորգյանը:
Շինարարները Իրանի քաղաքացիներ են. «Մարդիկ շատ լավ աշխատում են, Պարսկաստանի եզդիներ են: Յոթ հոգանոց բրիգադով աշխատում են: Առաջին հարկի հատակը վերջացրել են, ծածկել: Հիմա հենասյուներ են տեղադրելու, որը լցնելուց հետո տանիքը կհավաքեն: Շենքը մի հարկանի է, բայց նկուղային հարկում կլինի բուժկետն ու մյուս վարչական սենյակները»:
Համայնքի ղեկավար Լյուդվիգ Գյուլնազարյանն ասում է, որ նոր մարզադպրոցի կառուցումից հետո հին մասնաշենքը համայնքապետարանի միջոցներով կվերանորոգվի ու կդառնա մարզական համալիրի մաս:
Մարզադպրոցը կառուցվում է պետական բյուջեի միջոցներով և Տարածքային զարգացման հիմնադրամի պատվերով։ Տրամադրվել է շուրջ 165 մլն դրամ:
Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյան. «Նախատեսված է երեք օլիմպիական մարզաձևերի համար՝ ծանրամարտ, բռնցքամարտ ու ընմբշամարտ, որտեղ հնարավորութուն կունենան մարզվելու Փարաքարի ու հարակից բնակավայրերի երեխաներն ու պատանիները: Շինաշխատանքները կավարտվեն 2025թ.-ի տարեվերջին ու 2026թ-ին կհանձնվի շահագործման»:
Փարաքարում համոզված են, որ նոր մարզադպրոցի կառուցումից հետո գավաթներրի ու մրցանակաների ցուցափեղկն ավելի է մեծանալու: