Նոյեմբերի 11-ից 22-ը Ադրբեջանի մայրաքաղաքում կընթանա ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության գագաթնաժողովը, որը պաշտոնական Բաքուն կհյուրընկալի երկրում ռազմագերիների առկայության, մարդու իրավունքների կոպիտ խախտումների ու բնապահպանական խնդիրների մասին իրավապաշտպան կառույցների ահազանգերի պայմաններում։ Համաժողովին ընդառաջ՝ մի շարք հեղինակավոր կառույցներ այն բոյկոտելու կոչեր են արել ու տարբեր զեկույցներ հրապարակել։ Կլիմայական համաժողովի մեկնարկից 2 օր առաջ դրանց թիվն ավելացել է ևս մեկով․ BBC-ի աղբյուրները լրատվամիջոցին նավթային հերթական սկանդալի մասին են պատմել։
COP29-ի մեկնարկից 48 ժամ առաջ համաժողովը բոյկոտելու տարբեր կոչերին ավելացել է ևս մեկը։ BBC-ի աղբյուրները և Global Witness իրավապաշտպան կազմակերպությունը պարզել են, որ COP29-ի ադրբեջանական թիմի գործադիր տնօրեն Էլնուր Սոլթանովը, պատրաստվելով կլիմային սպառնացող վտանգներն ու բնապահպանական խնդիրները քննարկել Բաքվում, համաժողովից մի քանի օր առաջ, իր պաշտոնական դիրքն օգտագործելով, գովազդել է ադրբեջանական վառելիքն ու ներդրումների հնարավորությունները։ Իրավապաշտպան կազմակերպության տեսագրությունը փաստում է, թե ինչպես է Սոլթանովը, որը նաև Ադրբեջանի էներգետիկայի փոխնախարարն է ու պետական նավթային ընկերության տնօերնների խորհրդի անդամը, պոտենցյալ ներդրողներին ներկայացնում Ադրբեջանի բազմաթիվ հանքավայրերը, որոնք պետք է շահագործվեն։
Կլիմայի շուրջ բանակցությունների համար պատասխանատու ՄԱԿ-ի նախկին պաշտոնյան՝ Քրիստիանա Ֆիգերեսը, BBC-ի հետ զրույցում Սուլթանովի գործողությունները «միանգամայն անընդունելի» է որակել և պնդել, որ նման մոտեցումը «դավաճանություն» է COP գործընթացի նկատմամբ:
Global Witness-ը մեկն է այն իրավապաշտպան կառույցներից, որոնք ամիսներ շարունակ քննադատում են COP-ի հյուրընկալման համար ընտրված երկիրը, բազմաթիվ փաստեր հակադրելով՝ պնդում՝ Ալիևի վարչակազմը ոչ միայն սեփական բնապահպանական խնդիրներն է արհամարհում, այլև ծրագրում է եռապատկել գազի արդյունահանումը հաջորդ տասնամյակում, ինչը հակասում է բնապահպանական օրակարգին:
Ո՛չ Ադրբեջանի կառավարությունը, ո՛չ այդ երկրին Կլիմայի հարցերով համաժողով վստահած ՄԱԿ-ը չեն մեկնաբանել սկանդալն ու մեղադրանքները:
Սա Բաքվին ուղղված առայժմ վերջին, բայց ոչ առաջին մեղադրանքն է։ Կլիմայական համաժողովը բոյկոտելու կոչերը հնչել են նաև Ֆրանսիայում։ Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող՝ ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների՝ այդ թվում Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ և անվերապահ ազատ արձակել հայ պատանդներին։ Ավելի վաղ ֆրանսիական կառավարությունը հայտարարել էր, որ COP29-ին կմասնակցի բնապահպանության նախարար Անյես Պանյե-Ռյունաշեին։
«Հնարավո՞ր է արդյոք լրջորեն խոսել բնապահպանության մասին՝ անտեսելով համաժողովի անցկացման վայրից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա անհիմն ու կամայական կալանքի տակ պահվող և խոշտանգման ենթարկվող բոլոր քաղբանտարկյալների այդ թվում՝ մարդասեր բարերար Ռուբեն Վարդանյանի և ևս 22 հայ պատանդների կոչերը։ Այս կոչը ստորագրողները դրան չեն հավատում»,-ասված է ֆրանսիացի գործիչների ուղերձում։
Նոյեմբերի 11-ին Ադրբեջանը կհյուրընկալի Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանը՝ COP 29-ը, որին ավանդաբար մասնակցում են հարյուրավոր ներկայացուցիչներ տարբեր երկրներից։ Այս որոշումն ընդունվել է անցյալ տարի դեկտեմբերի 11-ին Դուբայում կայացած COP 28-ի լիագումար նիստում։
Համաժողովին ընդառաջ՝ միջազգային Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը զեկույց է հրապարակել՝ նշելով, որ Ադրբեջանն ունի մարդու իրավունքների տագնապալի ցուցանիշ՝ արտահայտվելու, միավորումների և հավաքների ազատության իրավունքի երկարաժամկետ սահմանափակումներով: Խաղաղ բողոքի ակցիաները, այդ թվում՝ բնապահպանական, սովորաբար ենթարկվում են բռնաճնշումների:
Կլիմայական համաժողովն Ադրբեջանում է հյուրընկալվում նաև Հայաստանի աջակցությամբ։ Նախորդ տարեվերջին Ադրբեջանում պահվող 32 հայ զինծառայողների վերադարձի դիմաց Հայաստանը համաձայնություն տվեց կլիմայական կոնֆերանսը Բաքվում անցկացնելուն։ Այդ երկիրն ամիսներ առաջ նաև պաշտոնական հրավեր է ուղարկել Երևանին։ Համաժողովի նախօրեին, սակայն, դեռ պարզ չէ՝ Հայաստանը կմասնակցի դրան, թե՞ ոչ։ Օրերս ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ COP29-ին մասնակցելու վերաբերյալ որոշում դեռևս չի կայացվել։
«Օրեր են մնացել, բայց այս պահի դրությամբ դեռևս որոշում կայացված չէ, քննարկումներ են ընթանում»,-ասել էր Կոստանանը։
Ավելի վաղ էլ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն էր անդրադարձել թեմային, պնդելով՝ եթե համաժողովին մասնակցելը կնպաստի գերիների վերադարձին, ապա մասնակցել պետք է։ Ըստ պաշտոնական տվյալների՝ Ադրբեջանում 23 հայ գերության մեջ է, նրանցից 8-ը Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության ներկայացուցիչներն են։
«Ես չեմ կարծում, որ եթե կա հնարավորություն գերիների վերադարձի կամ որևէ այլ կերպ Հայաստանի համար դրական քայլ անելու մենք պետք է հապաղենք ու չգնանք նման քայլի, բայց կապրենք ու կտեսնենք, բայց չեմ կարծում որ ճիշտ է»,-ասել էր Ալեն Սիմոնյանը։
Թուրքիան համաժողովին կմասնակցի ամենաբարձր մակարդակով, նոյեմբերի 11-ին Բաքու կմեկնի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Պաշտոնական Մոսկվան կլիմայական համաժողովին կներկայացնի վարչապետ Միխայիլ Միշուստինը։ Բաքվում կլինի նաև Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը․ այս մասին հայտարարել է ԵՄ խորհրդի նախագահի մամուլի քարտուղարը։