Կադաստրի կոմիտեի թարմացված տվյալներով սահմանամերձ բնակավայրերում տների գները հիմականում բարձրացել են։ Այսպես՝ Սյունիքի մարզում բնակարանների գները բարձրացել են միջինում 3, Վայոց Ձորում՝ մոտ 3․3 տոկոսով, Տավուշում՝ 2, Գեղարքունիքում՝ մոտ 5 տոկոսով։
Արարատում նույնպես տների գները մոտ 2 տոկոսով բարձրացել են։ Բայց Սահմանամերձ մարզերի որոշ բնակավայրերում տները էժանացել են։
Տավուշի մարզ, Սոթք բնակավայր․ սահմանամերձ այս համայնքում բնակիչները ոչ միայն չեն հեռանում գյուղից, այլև նոր տներ են կառուցում։ Բնակապահովման 16 մլն դրամ աջակցության ծրագրով 40-ից ավելի տուն է կառուցվում։ «Ռադիոլուրի» զրուցակիցը՝ Ռոզա Աղաջանյանը, ծրագրի շահառուներից է. «Հաստատվել է մեր ծրագիրը, շահառու ենք արդեն։ Տունը կառուցելու ենք գյուղում։ Մենք վեց հոգի ենք»։
Սահմանամերձ գյուղում սովորել են ապրել։ Ավելին, եթե եղբայրները ծրագրի շահառու դառնան, երկուսն էլ անպայման իրենց տները կկառեուցեն Սոթքում։ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը նկատում է՝ սահմանամերձ համայնքներում տուն կառուցողների թիվն ավելանում է՝ չնայած սկզբում ծրագրից օգտվող չկար․
«Տավուշում արդեն 300 և ավելի տուն էին կառուցում, մեր մարզում չէր ստացվում։ Ամեն անգամ հանդիպելով, զրուցելով, բացատրում էինք։ Բայց միշտ լինում էին մարդիկ, որ խանգարում էին, ասում էին՝ վարկի տակ են գցում։ Բայց այդ բարիերը հաղթահարվեց, ու հիմա 42 տուն միայն Սոթքում է կառուցվում։ 15-ը արդեն շինարարության փուլում է։ Շինթույլտվություն ստացել են 46-ը»։
2022թ հոկտեմբերից կառավարությունն իրականացնում է սահմանային բնակավայրերում բնակարանային ապահովության աջայցության ծրագիրը։ Պայմանները վերջերս բարելավվել են, ինչի արդյունքում շահառուների թիվն ավելացել է։ Ուստի որոշվել է ծրագիրը 2000 գործարքով սահմանափակել։ Սահմանամերձ գյուղական բնակավայրերում քաղաքացիները իրենց տները կառուցում են պետության ֆինանսավորմամբ։
Աջակցությունը տրամարդվում է հիպոթեքային վարկի մայր գումարի մինչև 16 մլն դրամի և դրա գծով 13 տոկոս տոկոսադրույքի մարման նպատակով։ Ծրագրին մասնակցելու համար կան մի քանի պայմաններ՝ ասում է Օրբելի վերլուծական կենտրոնի փորձագետ Մերի Բոյաջյանը․
«Առաջին պայմանը՝ պետք է ունենալ հող սահմանամերձ բնակավայրերում։ Պարտադիր է ամուսնության վկայականը, ընդ որում ամուսինների տարիքային գումարային շեմը 75 տարին է։ Հաջորդ պայմանը ՀՀ քաղաքացիություն ունենալն է։ Սա վերաբերում է շահառու ընտանիքի բոլոր անդամներին։ Բացի նշվածը, պետք է լինի շինթույլտվություն ու նախագիծ։ Շահառու է համարվում նաև ամուսնուն կամ կնոջը կորցրած, առնվազն մեկ անչափահաս երեխա ունեցող միայնակ ծնողը»։
Հունիսի տվյալներով ծրագրով հաստատվել է 1334 հայտ։ Փետրվարի 412-ի համեմատ՝ 5 ամսում ավելի քան 3 անգամ հայտերի քանակը ավելացել է։ Հայտերից քանի՞սն է բավարարվել, քանիսի՞ն է տրվել այդ աջակցությունը․ «Հունիսի տվյալներով 853 բնակչի հետ կնքվել է հիպոթեքային վարկավորման պայմանագիր։ Մինչև հունիս ծրագրի շրջանակներում տրամադրվել է 1․5 մլրդ դրամի վարկ»։
Բայց խնդիրներ լինում են։ Շահառուների մի մասը, օրինակ, բախվում է վարկավորման հետ կապված խնդիրների։ Այս պարագայում խնդիրը տան շինարարությունն է, որը պետք է երեք տարում ավարտեն, Հակառակ դեպքում կառավարությունը դադարեցնում է ֆինանսավորումը։ Իսկ դա ռիսկ է բանկերի համար։ Ծրագիրը որոշ չափով նպաստել է նաև Արցախից տեղահանվածների բնակապահովության խնդրի լուծմանը, քանի որ նրանք ևս հնարավորություն ունեն օգտվելու ծրագրից։ Ծրագրի շրջանակներում սկսվեց իրականացվել լայն շինարարություն, նաև հողերի գները բարձրացան։
«Մարզերում ավելացել են հողերի վաճառքի գործարքները 22․8 տոկոսով։ Ըստ գույքի տեսակի, առքուվաճառքի գործարքներում գերակա տեսակարարար կշիռը՝ 62․7 տոոկսը հողերի առքուվաճառքն է, ըստ մարզերի՝ Կոտայքում՝ ավելի քան 25 տոկոս, ապա Արագածոտն, Արարատ Արմավիր»։
Ծրագրի իրականացման արյունքում կարևորվում է տարածքային համաչափ զարգացումը։ Այդ նպատակով, հատկապես այն գոտիներում, որտեղ տների կառուցման պահանաջարկը քիչ է, կառավարությունը տրամարդում է ևս 5 մլն դրամ․ «Տավուշում՝ Բաղանիս, Բերքաբեր, Կիրանց, Ոսկեպար բնակավայրերում անհատական բանկելի տուն՝ 21 մլն դրամ աջակցություն։ Ծրագրի գործողության ժամկետը մինչև 2025թ դեկտեմբերի 31 է, բայց գուցե առաջիկայում ծրագիրը երկարաձգվի»։
Կադաստրի կոմիտեի թարմացված տվյալներով՝ սահմանամերձ բնակավայրերում տների գները հիմականում բարձրացել են։ Այսպես՝ Սյունիքի մարզում բնակարանների գները բարձրացել են միջինում 3 տոկոսով, միայն Մեղրիում է մոտ 1 տոկոսով նվազել, Վայոց Ձորում՝ Ջերմուկում՝ բնակարանները թանկացել են 3․3 տոկոսով, Տավուշում՝ Նոյեմբերյանում մոտ 1 տոկոսով բնակարանների գները նվազել են, մնացած բնակավայրերում՝ 2 տոկոսով ավելացել։
Հատկանշաակն է, որ Գեղարքունիքի մարզի երկու սահմանամերձ բնակավայրերում՝ Վարդենիսում տների գները բարձրացել են մոտ 5, իսկ Ճամբարակում՝ 6 տոկոսով։ Արարատում նույնպես տները մոտ 2 տոկոսով թանկացել են։