Հասարակություն

Ավագանու նիստը չի կայացել․ Գյումրիում կառավարման ճգնաժամը չի հանգուցալուծվում

Ալեքսան Սարգսյան
«Ռադիոլուր»-ի համար


Գյումրիի ավագանու այսօր հրավիրված նիստը չի կայացել՝ քվորում չլինելու պատճառով։ Դրան մասնակցել են միայն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 11 անդամները, մինչդեռ անհրաժեշտ էր ավագանու անդամներից առնվազն 17-ի ներկայությունը։ Արտահերթ նիստը մեծությամբ երկրորդ խմաբկցության՝ «Քաղաքացիական պայմանագրի» նախաձեռնությունն էր և թեև հրավիրվել էր համայնքապետ ընտրելու օրակարգով, բայց որևէ առաջադրում չի արվել:

Կիսադատարկ դահլիճում միայն ավագանիում 11 մանդատ ունեցող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներն էին: Քվորում չլինելու պատճառով նախ հայտարարվեց կես ժամ  ընդմիջում, որից հետո «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, Գյումրիի նախկին փոխքաղաքապետ Արթուր Պապիկյանը նիստը հայտարարեց բացված, բայց՝ չկայացած:

«Հարգելի գործընկերներ, օրենքի համաձայն, 30 րոպե սպասելուց հետո այս պահին նիստերի  դահլիճում ներկա է 11 ավագանու անդամ, քվորում չկա, նիստը համարվում է չկայացած, շնորհակալություն»:

Ավագանու «Ապրելու երկիր» և «ՀՀԿ» խմբակցությունների ղեկավարներ Կարեն Մալխասյանն ու Նարեկ Սարգսյանը դեռ օրեր առաջ էին «Ռադիոլուրին» հայտնել, որ արտահերթ նիստին չեն մասնակցելու: Համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար ընտրելու օրակարգով նիստը, ըստ ավագանու ընդիմադիր անդամների, իրավական հարցեր է առաջացնում։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը հակադարձում է գործընկերներին․ նիստը հրավիրել են օրենքի պահանջներին  համապատասխան:

«Բացարձակ օրենքի խախտմամբ նիստը չի հրավիրվել, ՏԻՄ օրենքը շատ հստակ ասում  է, որ ավագանու անդամների մեկ երրորդի նախաձեռնությամբ կարող է նիստ հրավիրվել։ Մենք ունենք ավագանու 11 մանդատ, ինչը նշանակում է, որ մենք ունենք իրավասություն և լիազորություն արտահերթ նիստ գումարելու և մենք դա արել ենք»:

Ըստ ՔՊ խմբակցության ղեկավարի՝ թեև իրենց նախաձեռած արտահերթ նիստի օրակարգում համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար ընտրելու հարցն էր, բայց իրենք որևէ մեկի թեկնածությունն առաջադրել չէին  պատրաստվում: ՔՊ-ն, օրենքի պահանջին հետևելով, գնում է արտահերթ ընտրությունների:

«Այո, օրենքի պահանջ է, որ եթե երկշաբաթյա ժամկետում համայնքի ղեկավար չի ընտրվում, ապա  կառավարությունը կարող է դադարեցնել ավագանու լիազորությունները և արտահերթ ընտրություններ նշանակել։ Մենք շարժվել ենք՝ ըստ օրենքի պահանջի»: 

Գրեթե մեկ ամիս է Գյումրին առանց իշխանության է, չունի քաղաքապետ ու տեղակալներ: Շուրջ  10 տարի հանրապետության երկրորդ քաղաքը ղեկավարող «Բալասանյան դաշինքի» ավագանու 14 անդամները մանդատները պաշտոնապես վայր դրեցին՝ հոկտեմբերի 28-ին թիվ 31  ընտրատարածքային հանձնաժողով ներկայացնելով հրաժարականների արձանագրությունը: Այս գործընթացը սկսվեց Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի, նրա որդու՝ Խաչատուր Բալասանյանի, Գյումրիի նախկին ու ներկա փոխքաղաքապետեր Ռուբեն Սանոյանի և Սուրեն Ջանոյանի դեմ հարուցված քրեական գործի հանրայնացումից հետո, ըստ որի՝ օտարվել են Սև բերդ ամրոցի հարակից տարածքները: «Բալասանյան դաշինքը» մինչ այս պահը որևէ պազաբանում չի տվել, հայտարարություն չի արել։

Չկայացած արտահերթ նիստից հետո երկշաբաթյա ժամկետում խմբակցություննները ևս մեկ  արտահերթ նիստ կհրավիրեն թե ոչ, դեռ պարզ չէ: Ըստ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի՝ երկու անգամ նման օրակարգով նիստ հրավիրելուց և համայնքապետ չընտրելուց հետո կառավարությունը կարող է դադարեցնել ավագանու լիազորությունները և արտահերթ ընտրություններ նշանակել։

Մյուս սցենարը ժամանակավոր պաշտոնակատարի նշանակումն է։ Թե որ տարբերակը կգործի, առայժմ պարզ չէ, բայց փաստ է, որ ֆինանսական ու քաղաքի համար կարևոր այլ փաստաթղթերը մնացել են առանց ստորագրության, համայնքապետարանի շուրջ 2000 աշխատակից էլ հոկտեմբեր ամսվա աշխատավարձը դեռ չի ստացել:

Կարդացեք նաև

Back to top button