ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Միասնական աղոթքի զորությունը կարող է սարեր շարժել․ Հայր Գարեգին

Միասնական աղոթքի զորությունը կարող է սարեր շարժել, կարող է մեծ հրաշքներ գործել` «Ռադիոլուր»-ի հետ զրույցում նշում է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Հայր Գարեգին վարդապետ Համաբարձումյանը` անդրադառնալով նոյեմբերի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Հայաստանի և Սփյուռքի թեմերի բոլոր եկեղեցիներում Սուրբ Պատարագին կատարվելիք համահայկական աղոթքին։ Այն ուղղված է արցախահայերի իրավունքների պաշտպանությանը, մասնավորապես Ադրբեջանի կողմից առևանգված, գերեվարված և Բաքվում շինծու մեղադրանքներով ապօրինաբար պահվող զինծառայողների, քաղաքացիական անձանց և Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների ազատ արձակման հարցի լուծմանը։

Ըստ մեր զրուցակցի` նոյեմբերի 10-ին առ Աստված ուղղված աղոթքն ամենաընդգրկուն նախաձեռնությունն է` միջազգային հանրության մասնակցության առումով։

«Քրիստոնյա աշխարհը՝ որպես Աստծուն խորապես հավատացող հանրություն, վստահ է, որ Աստծո զորակցությամբ ամեն ինչ հնարավոր է դառնում և այս մեծ հավատն է, որ առաջնորդում է Ամենայն Հայոց Հայրապետին կոչով դիմելու աշխարհի քրիստոնյա քույրերին և եղբայրներին ուղղելու իրենց հոգևոր ջանքերը բարձրաձայնելու այս շարունակվող մարդասիրական ճգնաժամի մասին  համաշխարհային իրազեկվածությունը և նպաստելու ճշմարտության և արդարության վրա  հիմնված խաղաղ լուծմանը։ Եկեղեցին Աստուց ստացած հույսի բաշխման առաքելությունն ունի»,- ասում է է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Հայր Գարեգին վարդապետ Համաբարձումյանը։

Ամենայն Հայոց Հայրապետի կոչին ընդառաջ՝ Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը (ԵՀԽ) և Եվրոպայի Եկեղեցիների Կոնֆերանսը (ԵԵԿ) հորդորել են իրենց անդամ եկեղեցիներին ու բարի կամքի տեր բոլոր մարդկանց նոյեմբերի 10-ին միանալ Հայաստանին և արցախահայությանը նվիրված աղոթքի օրվան։

Կարդացեք նաև

Back to top button