Նոյեմբերի 9-ից հանրապետությունում մեկնարկել է ուսուցիչների կամավոր ատեստավորման հերթական շրջափուլը։ Այս տարի ատեստավորվելու ցանկություն է հայտնել ավելի քան 5600 ուսուցիչ։ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են՝ գործընթացն այսուհետ ամբողջությամբ էլեկտրոնային համակարգով է իրականացվելու։ Բացի սրանից՝ գնահատման և թեստավորման կենտրոնը վերանայել է առարկայական թեստերն ու բարելավել դրանք՝ առկա դիտողությունները հաշվի առնելով։ Նախարարությունը, նախորդ տարվա ցուցանիշներն ամփոփելով, փաստում է՝ հանրապետությունում չկա մի դպրոց որտեղ ատեստավորում անցած գոնե մեկ ուսուցիչ չլինի։
Այս տարի ավելի քան 5600 ուսուցիչ նոր՝ էլեկտրոնային համակարգով ատեստավորվելու ցանկություն է հայտնել։ ԿԳՄՍ նախարարությունում կարծում են, որ նորամուծությամբ պայմանավորված՝ ուսուցիչներից շատերը խուսափել են գրանցվել։ Մինչդեռ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը վստահեցնում է՝ էլեկտրոնային ձևաչափը լրացուցիչ բարդություն չի ենթադրում, ընդհակառակը՝ ավելի արագ ու արդյունավետ է դարձրել ատեստավորման գործընթացը։
«Համակարգը բավականին պարզ է կառուցված, ընդամենը պետք է ընտրեն ճիշտ կամ սխալ պատասխաններ, կամ որոշ դեպքերում բաց հարցեր ունենք, թվեր պետք է լրացնեն ընդամենը, այսինքն բարդ տեխնիկական հմտություններ չեն պահանջվում ուսուցիչներից, տեղում կլինեն, իհարկե, նաև մասնագետներ, որոնք անհրաժեշտության դեպքում տեխնիկական աջակցություն կտրամադրեն»,– ասում է Սվաջյանը։
Այս տարի ատեստավորման գործընթացը կմեկնարկի նոյեմբերի 9-ին ու կշարունակվի մինչև 24-ը։ Հանրապետության ողջ տարածքում արդեն իսկ 35 քննական կենտրոններ են ձևավորվել։ Գործարկված էլեկտրոնային համակարգն առաջին հերթին ժամանակ խնայելու և ավելի համակարգված գործընթաց կազմակերպելու հնարավորություն է տվել՝ կարծում է փոխնախարարը։
«Իսկ թեստը համարվում է ամփոփված, երբ մասնակիցը սեղմում է ավարտել կոճակը, այսինքն ուսուցիչն ինքն է վերջնական որոշում, թե որ դեպքում է պատասխանը վերջնական, ինչպես նաև էլեկտրոնային ձևաչափով հնարավորություն է տրվելու միանգամից տեղում տեսնելու, թե քանի պատասխանն է ճիշտ ու քանի տոկոս արդյունք է գրանցվել»։
Ատեստավորմանը մասնակցած ուսուցիչները հաճախ մատնանշում են քննական նյութի չափազանց բարդ լինելը, ժամանակի սղությունը, ծրագրին չհամապատասխանելը։ Նախարարությունն այս տարի գնահատման ու թեստավորման կենտրոնին պատվիրակել է նաև վերանայել թեստերի բովանդակությունը ու լավարկել դրանք։ Սվաճյանը վստահ է՝ առկա դժվոհություններն այս տարի կվերանան։
«Մեզ համար ամենակարևոր սկզբունքներից մեկն այն է, որ բոլոր բոլոր առարկաների ատեստավորման գործընթացը, թեստերի բարդությունը լինի համադրելի․ դա ևս, կարծում եմ, այս տարի կարգավորվել է, և չունենք այնպիսի առարկաներ, որոնք ավելի բարդ են, քան մյուսները»,-ասում է նախարարի տեղակալը։
2021-ին ներդրված համակարգի՝ կամավոր ատեստավորման նպատակը նախ և առաջ ուսուցիչներին խրախուսելն ու բավարար գիտելիքների մակարդակ ապահովելն է։ Առարկայական թեստի 60 տոկոսը հաղթահարելու դեպքում ուսուցչի 1 դրույքի վարձատրությունը հասնում է 200 հազար դրամի։ Ավելի բարձր արդյունք ցուցաբերելու դեպքում մանկավարժները կարող են մինչև անգամ 50 տոկոս հավելավճար ստանալ։ Այս տարիների ընթացքում 3800-ից ավելի ուսուցիչ հաղթահարել է կամավոր ատեստավորումը և նրանց մեծ մասը հավելավճար է ստացել։ Հանրապետությունում շուրջ 29 հազար ուսուցիչ ու 9000 դասավանդող կա․ կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի կարծիքով, ատեստավորում անցած ուսուցիչների թիվը ընդհանուրի մեջ ցածր է։
«Ընդհանրապես, ատեստավորումը լավ բան է, որովհետև հնարավորություն է տալիս թարմացնել, աշխատել իրենց առարկայի գիտելիքների վրա։ Բայց ամբողջ խնդիրն այն է , թե ինչպես է այն իրականացվում։ Ստեղծվել է մի իրավիճակ, որ ուսուցչին ավելի ձեռնտու է չդիմել ատեստացիայի, այդպես ավելի ապահով է, քան դիմել, ստանալ անբավարար և հայտնվել աշխատանքը կորցնելու վտանգի տակ։ Այսինքն՝ նախարարության մեխանիզմը տրամաբանական չէ։ Ասում է՝ եկեք ատեստավորվեք, ձեր աշխատավարձը բարձրացնենք, բայց այնպիսի պայման է թելադրում, որ ավելի ապահով է չմասնակցելը»։
Այն ուսուցիչները, որոնք երկրորդ տարին անընդմեջ ատեստավորման դրական արդյունք չեն ունենա, կկորցնեն աշխատանքը։ Փոխնախարարն ասում է՝ այս մեխանիզմն ի սկզբանե սահմանված է եղել, բայց կկիրառվի այս տարվանից։ Շուրջ 360 ուսուցիչ նախորդ տարիներին բացասական ցուցանիշ է ունեցել, նրանք արդեն ծանուցվել են ու այս տարի պարտադիր պետք է մասնակցեն կամավոր ատեստավորմանը։
«Ուրախալի է, որ հիմա մենք գրեթե չունենք դպրոց, որտեղ գոնե մեկ ատեստավորված ուսուցիչ չլինի, իսկ դպրոցում գոնե մեկ ատեստավորված ուսուցչի առկայությունն արդեն խթանում է մյուսներին»։
Եթե առարկայական գիտելիքները ստուգվում են կամավոր ատեստավորմամբ, ապա մանկավարժական հմտությունների ստոգատեսը տարակարգի քննությունն է։ Այս տարի նոր կարգով տարակարգ ստացել է ավելի քան 270 ուսուցիչ։ Տարակարգը ևս աշխատավարձի բարձրացման հնարավորություն է։