Բուդապեշտում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում ունեցած տարբեր հանդիպումների, մասնավորապես, Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ շփման ընթացքում վարչապետ Փաշինյանը վերահաստատել է Հայաստանի մոտեցումը՝ պատրաստ ենք հնարավորինս շուտ ստորագրել Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը։
Սա միջազգային հարթակներում պաշտոնական Երևանի կողմից վերջին շրջանում հաճախակի շեշտադրվող դրույթ է։ Այս համատեքստում, մինչդեռ, ուշագրավ է, որ նախ Բուդապեշտ մեկնելուց հրաժարվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, իսկ հաջորդիվ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ Հայաստանին մեղադրելով, նրանց ձևակերպմամբ, «խաղաղության գործընթացի հաջող ավարտին» խոչընդոտելու մեջ։ Կարեն Ղազարյանն է ի մի բերել թեման։
Բուդապեշտում վարչապետ Փաշինյանը մի շարք բարձրաստիճան հանդիպումների շրջանակում հանդիպել է նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Ի շարս այլ հարցերի՝ քննարկվել են նաև ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման մանրամասները։ Այս մասին հաղորդագրության մեջ կարդում ենք. «Վարչապետ Փաշինյանը շեշտել է Հայաստանի հավատարմությունը խաղաղության օրակարգին և տարածաշրջանային անվտանգության ու կայունության ապահովման քայլերին»։
Սա միջազգային հարթակներում հերթական վերահաստատումն է՝ Հայաստանը պատրաստ է խաղաղության։ Փորձագետները, սակայն, այդ համատեքստում նկատում ու հակադրում են ուշագրավ երկու հանգամանք։ Առաջինը, որ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին Բուդապեշտ չմեկնեց Ադրբեջանի նախագահը։ Այնինչ, մինչ այդ մամուլում շրջանառվում էր, թե սա կարող է լինել Փաշինյան-Ալիև հանդիպման հարթակ։ Միաժամանակ, ադրբեջանական լրատվամիջոցները փոխանցեցին Ալիևի հերթական հոխորտանքը։
«Որոշ արևմտյան երկրներ Երևանին դրդում են նոր պատերազմի, ինչն աղետ կլինի Հայաստանի համար։ «Ես հայկական կողմին բազմիցս բացատրել եմ, որ չպետք է ենթարկվեն սադրանքների, բայց Հայաստանը շարունակում է զինվել։ Մենք, տեսնելով դա, պետք է պատրաստ լինենք ցանկացած սադրանքի։ Ադրբեջանի զինված ուժերը գտնվում են լիարժեք մարտական պատրաստության վիճակում»։
Ալիևի սպառնալից ձևակերպումներին անդրադառնալով՝ տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ընդգծում է․ «Չնայած ավելի մեղմ են հիմա, այսպես ասած, հայտարարությունները, ձևակերպումները, բայց սա խոսում է այն մասին, որ Ադրբեջանը չի հրաժարվել այն մտքից, որի մասին շատ կոպիտ ձևակերպումներով բարձրաձայնվեց 2020 թ.-ի դեկտեմբերին»։
Նախորդիվ նման հայտարարություն էր տարածել Ադրբեջանի արտգործնախարարությունը, ըստ էության, ի պատասխան Հայաստանի լավատեսության՝ կրկին հայկական կողմին մեղադրելով այսպես ասած «սադրանքների» մեջ։ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել էր, թե, դրա ձևակերպմամբ, «Հայաստանի ռազմականացումը» և «տարածքային պահանջները» վտանգ են ներկայացնում խաղաղության գործընթացի համար, և թե Հայաստանը շարունակում է ստանալ դաշնակիցների աջակցությունը, ինչը, նրանց խոսքով, սպառնալիք է Ադրբեջանի անվտանգությանը։
«Մասնավորապես, Հայաստանի ռազմականացումը, Հայաստանի Սահմանադրությամբ ամրագրված տարածքային պահանջների պահպանումը և նրան կրկին ռազմական ագրեսիայի մղող դաշնակիցների առկայությունը խոչընդոտներ են ստեղծում կայուն խաղաղության համար։ Հայաստանը պետք է դասեր քաղի պատմությունից և վերջապես հասկանա, որ իր հարևանների նկատմամբ տարածքային պահանջները դատապարտված են ձախողման»,-ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։
Հատկանշական է, որ Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությամբ փորձ է արվում արդարացնել Արցախի դեմ սանձազերծված պատերազմը և էթնիկ զտումները։ Հայտարարության մեջ նշվում է, թե Հայաստանը «2020-ի սեպտեմբերի 27-ին հերթական լայնածավալ հարձակումն իրականացրեց Ադրբեջանի վրա», ինչը «ստիպեց Ադրբեջանին» պատասխան քայլեր ձեռնարկել։ Այնինչ մինչ այս Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում՝ Ալիևը, չեն խուսափել խոստովանել, որ 44-օրյա պատերազմը նախաձեռնել է հենց Բաքուն։ 2020 թ-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները խախտած, ԼՂ-ը շրջափակման ու սովի մատնած պաշտոնական Բաքուն հայկական կողմին է մեղադրում դրանք խախտելու մեջ ու փորձում արդարացնել Արցախում իրականացրած էթնիկ զտումը։
Փորձագետների համոզմամբ՝ Բաքուն ձգտում է միջազգային հանրության աչքին արդարացնել իր ագրեսիան։ Փորձագետները նման հռետորաբանությունը բացատրում են խաղաղության հասնելու իրական պատրաստակամության բացակայությամբ։
Տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը նկատում է. «Առաջին անգամ չէ, որ Բաքվի բռնապետը Հայաստանի նկատմամբ ներկայացնում է պահանջներ՝ կապված ՀՀ զինված ուժերի հետ։ Այսինքն, Ադրբեջանն անընդհատ տարբեր ձևաչափերով, տարբեր ձևակերպումներով Հայաստանից, կարելի է ասել, պահանջում է զինված ուժերի ոչ միայն չհամալրում, այլ նաև, ինչու չէ՝ լուծարում։ Եվ իրենք ամեն ինչ անելու են, որ ՀՀ-ն այլևս բանակ չունենա»։
Փորձագետները նկատում են, որ Ադրբեջանի համար առաջնայինը խաղաղությունը չէ, այլ այս պրոցեսում հնարավորինս մեծ առավելություն ստանալը։
Քաղաքագետ Հարություն Մկրտչյանն այս առումով նկատում է․ «Ադրբեջանական կողմն ամեն ինչ անում է, որպեսզի բանակցություններից խուսափի և խաղաղության պայմանագիր մեզ հետ չստորագրի։ Սա ակնհայտ է»։
Այս դիտարկումներին ավելանում են նաև ադրբեջանական լրատվամիջոցների կողմից գաղտնազերծված երեք դրույթները, որոնք Բաքուն առաջադրում է որպես խաղաղության նախապայման։ Դրանց թվում են նաև Սահմանադրության փոփոխությունը, միջազգային ատյաններից դատական գործերի հետկանչն ու Եվրոպական դիտորդներին սահմաններից դուրս բերելը։ Հայկական կողմը պաշտոնական մակարդակով մանրամասներ դեռ չի հայտնում։