ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

«Խաղի կանոնների» փոփոխություն՝ ընտրություններից առաջ․ վերարտադրվե՞լ, թե՞ մնալ ժողովրդավար

Խորհրդարանում կազմակերպված լսումների միջոցով գործադիր և օրենսդիր իշխանությունները փորձել են լսել նաև արտախորհրդարանական ուժերի և քաղհասարակության կարծիքը Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունների առնչությամբ։

Հեղինակները ներկայացրել են այն հիմնավորումները, որոնցով առաջնորդվելով որոշել են հերթական ընտրություններից 1.5 տարի առաջ փոփոխությունների գնալ։ Ընդդիմախոսների կարծիքով՝ դրանք կարող են ազդել ընտրության արդյունքների և իշխանության ձևավորման գործընթացի վրա։

Քաղաքական պայքարի «խաղի կանոնները», որոնք սահմանված են Ընտրական օրենսգրքում, փոխվում են։ Փաստը, որ իշխանությունը գործընթացը նախաձեռնել է հերթական՝ 2026-ի ընտրություններից առաջ, մտահոգվելու խնդիր է թե՛ խորհրդարանական, թե՛ արտախորհրդարանական ընդդիմության համար։ Այս թևում համոզված են, որ իշխանությունն այդ կերպ պատրաստվում է ապագա ընտրություններում իր հաղթանակը երաշխավորելուն։  

Իշխանության և ընդդիմության տարաձայնություններն ընդհանուր առմամբ մեկ  կետում են։ Ընդդիմադիրներները կարծում են, որ իշխանությունը հնարավորություն էն ստեղծում արտակարգ կամ ռազմական դրություն հայտարարելու միջոցով չեղարկելու ընտրության արդյունքները և նոր ընտրություն նշանակելու քվեարկության նախնական արդյունքների պահին, եթե ստացված արդյունքներն իր «սրտով» չեն։

Առաջին ընթերցմամբ ընդունված նախագծում նշվում է.

«Եթե ռազմական կամ արտակարգ դրությունը հայտարարվել է Ազգային ժողովի կամ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները ամփոփելու և դրանք արձանագրությամբ վավերացնելու պահից հետո մինչև համապատասխանաբար՝ նորընտիր Ազգային ժողովի կազմավորումը, ավագանու ձևավորումը, կամ մեծամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքները մարզպետին ներկայացնելը, ապա ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարվելու պահից ընտրական գործընթացն իրավունքի ուժով համարվում է կասեցված՝ բացառությամբ սույն հոդվածով նախատեսված՝ ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները ամփոփելու և դրանք արձանագրությամբ վավերացնելու պահին հաջորդող ընտրական գործընթացի փուլերին վերաբերող առանձնահատուկ դեպքերի»։

Այսպիսի կարգավորումն, օրինակ անընդունելի է համարում «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից Դավիթ Խաժակյանը։

«Արտակարգ կամ ռազմական դրության հայտարարման միջոցով հակաժողովրդավարական է չեղարկել ընտրությունների արդյունքները, որովհետև այս փոփոխությունը հնարավորություն էր տալիս կառավարությանը միակողմանի կերպով, ընտրության արդյունքները տեսնելուն պես, հայտարարել արտակարգ դրություն, որը կզրոյացներ ընտրության արդյունքները և կնշանակվեր վերաքվեարկույուն։ Սա անընդունելի լուծում է, որովհետև ընտրողի քվեն պետք է գնահատվի որպես անքակտելի և բարձրագույն արժեք»։

Սա է պատճառը, որ նաև խորհրդարանական ընդդիմությունն է դեմ, որ ԸՕ փոփոխությունների նախագիծը ներառվի ԱԺ լիագումար նիստերի օրակարգում։ Փաստաթուղթն առաջին ընթերցմամբ ընդունվել է բացառապես «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քվեարկության շնորհիվ։ Մինչև երկրորդ ընթերցումը, սակայն, իշխանությունը խոստանում է աշխատել բոլոր կողմերի հետ՝ մտահոգությունները փարատելու և կասկածները վերացնելու համար։ Արդարադատության փոխնախարար Արմենուհի Հարությունյանի պնդմամբ՝ անգամ որոշ հարցերում ընդհանուր հայտարարի են եկել։  

«Սահմանադրությունը, ինչպես նաև ընտրական օրենսգիրքը արգելում են ընտրությունների նշանակումն ուանցկացումը արտակարգ և ռազմական դրության պայմաններում: Օրենքով կարգավորված չեն բազմաթիվ մանրամասներ այս դրությունների հայտարարաման հետ կապված, և քննարկումների ընթացքում նաև այս դրույթները համապատասխան փոփոխություններով կառաջարկվեն երկրորդ ընթերցմանը: Իրականում նպատակը ոչ թե խնդիրներ առաջացնելն էր, այլ հակառակը՝ հնարավոր առաջացող խնդիրները լուծելն է բնականաբար։ Մենք արդեն իսկ ունենք համապատասխան պայմանավորվածություն, կարելի է ասել, որը ներկայացնելու ենք կառավարությանը»։

Փոխնախարարի ասածը մինչդեռ հերքում է «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։ Իշխանությունների «սրտով» ընտրություններ կազմակերպելու վտանգն, ըստ Մինասյանի, դեռ պահպանվում է։

«Միանգամից ասեմ, տիկին Հարությունյան, որ ձեր խոսքը խեղաթյուրվեց և ներկայացվեց այնպես, որ իբր ընդդիմությունը կոնսենսուսի է եկել վճարույթի հարցերի շուրջ։ Ես խնդրում եմ, որ դուք ձեր եզրափակիչ ելույթի ժամանակ նույնպես հերքեք այս բանը։ Չկա այդպիսի բան։ Կան կոնկրետ մի քանի սկզբունքային հարցեր, որտեղ եղել է համաձայնություն։ Առաջինը, որ քվեարկությանը մասնակցած ընտրողի ձայնը չի կարող արհամարհվել։ Դրանով պայմանավորված առաջին գործողությունը հետևյալն է․ եթե արտակարգ կամ ռազմական դրությունը հայտարարվել է ժամը 20:00-ից հետո, ապա նախնական արդյունքների ամփոփումը անհրաժեշտություն է։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել, սա էլ ասենք, որ մենք, ես մասնավորապես, պետք է ներկայացնեմ առաջարկություններ ռազմական և արտակարգ դրության իրավական ռեժիմների մասին օրենքի փոփոխության մակարդակով»։

«Հայաստան» խմբակցությունը 15 էջանոց փաթեթ է մշակել և պատրաստվում է ներկայացնել կառավարությանը։

Հանրային սեկտորից «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության նախագահ Դանիյել Իոաննիսյանն այս դեպքում պաշտպանում է իշխանության առաջարկած փոփոխությունները։ Առաջարկվող փոփոխությունների համատեքստում այլ իրավիճակի օրինակներ է բերում․

«Ի սերն Աստո, իշխանությունն այնքան մեխանիզմներ ունի ընտրությունները չեղարկելու՝ ՍԴ–ով, ԿԸՀ-ով։ Իշխանությանը նոր մեխանիզմ պետք չէ ընտրությունների արդյունքները չեղարկելու, գործող օրենսդրությամբ այնքան տարբեր մեխանիզմներ կան։ Հիմնական հավանական սցենարը դա ընտրակեղծարարությանն ի պատասխան ժողովրդի դժգոհության դեմ կոշտ միջոցներ ձեռնարկելն է։ 2008 թիվ, հա՞։ Հետևապես, ես կողմնակից եմ, որ իշխանությունը իմանա, որ եթե ինքը նման բան արեց և դրա արդյունքում ընտրակեղծարարությամբ իր արձանագրած հաղթանակը ինքը կորցնելու է։ Այսինքն, պետք է սահմանափակենք և զսպաշապիկ դնենք այդ մեխանիզմի վրա»։

Հայաստանի ընտրական պատմության մեջ մեկ այլ օրինակ վերաբերում է 2020 թվականին համաճարակի պատճառով սահմանադրական հանրաքվեի չեղարկմանը։ Օրենսդրական կարգավորումներով այն ժամանակ ոչինչ նախատեսված չէր քարոզարշավը ընդհատելու և նշանակված հանրաքվեն չեղարկելու համար։ Իշխանությունը փորձեց այդ հարցը լուծել խորհրդարանում, օրենսդրական փոփոխություններով։

Տարընթերցումներից խուսափելու համար իշխանության անունից ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն է բացատրում, թե ինչու են նախաձեռնել «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունը։

«Լավ կյանքից չէ, որ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսդրությունը այդ աստիճանի մանրամասնված է։ Դա պայմանավորված է մեկ, բայց չափազանց կարևոր գաղափարով՝ վստահություն ընտրական գործընթացների նկատմամբ։ Մենք տեսել ենք, մենք գիտենք, որ ցավոք, շատ դեպքերում մենք կարող ենք բախվել իրավիճակների հետ, երբ ընտրությունների գործընթացների նկատմամբ վստահության սակավությունը կարող է հանգեցնել այլ, ոչ ժողովրդավարական զարգացումների։ Հավատացնում եմ ձեզ, առնվազն այս դահլիճում ես չեմ տեսնում մեկին, որ ցանկություն ունենա կարգավորումներով վերարտադրել ապօրինի եղանակներով, հակասահմանադրականորեն կամ ի խախտումն Քրեական օրենսգրքի ինչ-որ մեկի իշխանությունը։ Ո՛չ, մենք փորձում ենք հասկանալ՝  ինչպե՞ս երաշխավորենք քաղաքացու քվեն տարատեսակ ներքին և արտաքին մանիպուլյացիաներից»։

Ռազմական և արտակարգ դրությանը վերաբերող դրույթը, թերևս, ամենասկզբունքային հարցն է ներկայացված նախագծում։ Մյուսներն առավելապես տեխնիկական բնույթի փոփոխություններ են։ Օրինակ, գործող ԸՕ-ն չի նախատեսում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախաձեռնությամբ վերահաշվարկի հնարավորություն։ Փոփոխություններով նման իրավունք է վերապահվվում ԿԸՀ-ին, այն հիմնավորմամբ, որ վերահաշվարկն անհրաժեշտ գործիք է ընտրական գործընթացի նկատմամբ արդյունավետ վերահսկողություն իրականացնելու համար։

Կարդացեք նաև

Back to top button