ԿարևորՌեպորտաժներՏնտեսական

Բանկային համակարգում վրացական շունչը կզգացվի․ Լևան Գոգոլաձե

Հայաստանում դոլարից կախում չունենալու բարձր մակարդակը, վերաֆինանսավորման ցածր տոկոսադրույքները՝ մեր տնտեսության առավելություններ են՝ «Ռադիոլուրի» հետ բացառիկ զրույցում ասել է Վրաստանի բանկերի միության ESG/Կայուն ֆինանսավորման համակարգող Լևան Գոգոլաձեն։ Նա ընթացիկ տարին կարևորում է վրացական  Bank of Georgia-ի և հայկական Ամերիաբանկի գործարքի առումով։

-Բանկային գործառնությունները հայ–վրացական բանկերի միջև ինչպիսի՞ն են։

Հայաստանի բանկերի միության հետ համագործակցությունը սկսել ենք այս տարի՝ ստորագրելով հուշագիր։ Տարին կարևոր էր նաև, քանի որ ներդրում կատարվեց վրացական առևտրային բանկից Հայաստան՝ Bank of Georgia խումբը գնեց Ամերիաբանկի բաժնետոմսերը։ Դա, կարծում եմ, համագործակցության առաջին քայլն է։ Մենք բազմաթիվ ծրագրեր ունենք Հայաստանի Բանկերի միության հետ, նաև ֆորումներ կազմակերպելու առումով։

-Թվեր, համեմատություններ՝  հայկական և վրացական բանկային համակարգի մասով։

Մենք տեսնում ենք, որ Հայաստանի բանկային հատվածը զարգանում է։ Օրինակ, տեսնում ենք, թե ինչ արդյունավետ կերպով Հայաստանը հասավ ապադոլարացմանը՝ դոլարից կախման թուլացմանը։ Վրաստանի համեմատ՝ դուք ունեք տեղական արժույթով արտահայտված պորտֆելի լավ տոկոսադրույք։ Ընդհանուր առմամբ, մենք ունենք բավականին նման փորձառություն, բավականին նման զարգացումներ՝ ցուցանիշների և գործող բանկերի թվի առումով։ Վրաստանում մենք ունենք 18 բանկ, դուք ունեք 17-ը, այնպես որ դա գրեթե նույնն է: Մենք նույն տարածաշրջանի մասն ենք, և անխուսափելի է, որ պետք է զարգանանք նույն ձևով, նույն ոգևորությամբ և ամուր համագործակցելով:

Բանկերի թիվը գրեթե նույն է, բայց Ձեզ մոտ բանկային համակարգի շահույթի մեծ մասը գեներացնում է 2 խոշոր բանկ, իսկ մեզ մոտ այդպես չէի՞նչ դիտարկումներ կան այդ մասով։

— Կարծում եմ, որ ոչ մեծ կենտրոնացվածությունն ընդհանուր բանկային համակարգում ավելի լավ է մրցակցության համար։ Այս երկու բանկերը, այո, իսկապես աչքի են ընկնում, և դա հիմնված է մաքուր մրցակցության սկզբունքների վրա, և ես կարծում եմ, որ հնարավորություն կա, որ մյուս բանկերը նույնպես զարգանան և մեծացնեն իրենց մասնաբաժինները։

-Եվ միտումները բանկային ոլորտի, մենք տեսանք, որ HSBC-ն հեռացավ, իհարկե ոչ միայն Հայաստանից, այլ նաև այլ երկրներից է հեռացել։ Միտումներն ինչպիսի՞ն են, արդյո՞ք խոշոր խաղացողները հետաքրքրված են տարածաշրջանում ներկայությամբ։

Դե, այն, ինչ ես տեսնում եմ որպես միտում, այն է, որ բանկերը հաճախորդների համար ավելի թվայնացված ապրանքներ են ստեղծում, ուստի մենք իրականում չենք սպասում, որ նոր բանկեր մտնեն շուկա՝ թե ձեր երկրում, թե մեզ մոտ, քանի որ այն շատ հագեցած է:  Բանկերն արդեն հաստատել են իրենց մրցակցային առավելությունը, և դրսի բանկերի համար իսկապես դժվար է գալ և մրցել տեղացիների հետ, քանի որ դրանք արդեն ունեն իրենց ռազմավարությունը։

Կարծում եմ՝ 15-20 բանկերը բավական են լավ մրցակցային միջավայր ստեղծելու համար։

-Հայ վրացական բանկային համակարգերի միջև ինչպիսի՞ համագործակցություն կարող է լինել, ի՞նչ կարող ենք շահել դրանից։

Այո, մենք կարող ենք շատ օգուտներ քաղել, և նման ֆորումները հիանալի հնարավորություն են ընդհանուր նախագծերի համար։ Գործակցությունը պետք է տա իրական նոր ընդհանուր նախագծեր, և ընդհանուր շահավետ արդյունքներ՝ 2 երկրներն էլ։

-Ի՞նչ սպասենք Ամերիաբանկի գործարքից։

Կարծում եմ, որ Bank of Georgia-ն առաջատարներից է հատկապես թվայնացման ոլորտում։ Օրինակ, այն այս տարի առաջին տեղը գրավեց «բջջային հավելվածի և թվայնացված արտադրանքի» համար մրցապայքարում։ Դա նշանակում է, որ նրանք իսկապես շատ ուժեղ են։ Կարծում եմ, որ այս զարգացումն ու փորձը, որ նրանք ունեն, կփոխանցվի ձեր տեղական շուկա։ Դուք կտեսնեք ավելի լավ լուծումներ, ավելի լավ սպասարկում հաճախորդների համար Հայաստանում:

Կարդացեք նաև

Back to top button