ԼուրերԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Գնդակը իշխանության և խորհրդարանական ընդդիմության դաշտում է․ «Եվրաքվե»-ն պատրաստվում է պատասխան փոխանցումներին

60 հազար ստորագրություն հավաքելու համար «Եվրաքվե»-ի նախաձեռնող խումբը 60 հենակետ ուներ։ Նախատեսված երկու ամսվա փոխարեն մեկ ամսում Հայաստանի 60 բնակավայրերից հավաքեցին անհրաժեշտ ստորագրությունները, դրանք արդեն համապատասխան ձևաթղթերով Կենտրոնական ընտրական հանձնաժողովում են։ «Եվրաքվե»-ի ստորագրահավաքի շտաբի՝ ԿԸՀ-ում լիազոր ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը ստորագրությունները հանձնաժողովին ներկայացնելիս շեշտեց՝ սա սովորական, ոչնչով չտարբերվող օրենքի նախագիծ է, դրա քննարկումները 2-3 ամիս կտևեն, առաջին ամիսը՝ ԿԸՀ-ում։

«Մենք օրենքի նախագիծը ձևակերպել ենք այնպես, որ այն հնարավորինս օգնի Հայաստանին իր նպատակներին հասնելու համար։ Այն որևէ խոչընդոտ չի ստեղծելու և չի սահմանափակելու Հայաստանի գործադիր իշխանության, օրենսդիր իշխանության և դատական իշխանության ճկունությունը՝ մեր նպատակներին հասնելու համար»։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Նունե Հովհաննիսյանը ստորագրությունների լրացված ձևաթղթերի 4 տուփերն ընդունելուց հետո հայտնեց՝ հաձնաժողովը դրանց վավերականությունը ստուգելու գործընթացը կարող են սկսել միայն նոյեմբերի 14-ից հետո։ Օրենքի պահանջն է այդպիսին։

«Հանձնաժողովը ստորագրած քաղաքացիների տվյալները համադրում է բնակչության պետական ռեգիստրում վերջինների տվյալների հետ, այսինքն՝ պետական ռեգիստրը մեզ հնարավորություն է տալիս անձի անուն-ազգանունը և անձնագրի տվյալները մուտքագրելուց հետո հավաստիանալ, որ վերջինն այդ պահին ուներ ստորագրահավաքին միանալու իրավունք»։ 

Հանձնաժողովի վավերացումից հետո օրինագիծը խորհրդարան կգնա։ Նախ կքննարկվի գլխադասային հանձնաժողովում, ապա՝ լիագումար նիստում։ «Հանրապետություն» կուսակցության նախագահ, «Եվրաքվեի» ստորագրահավաքի շտաբի ղեկավար Արամ Սարգսյանն ասում է՝ գնդակն այլևս քաղաքական որոշում կայացնողների դաշտում է։

«Գնդակն արդեն իշխանությունների և ԱԺ-ում ներգրավված քաղաքական ընդդիմության դաշտում է։ Պիտի սպասենք նրանց պատասխանին ու պատրաստ լինենք ցանկացած պատասխանի դեպքում մեր գործողությունների հետագա ընթացքը կազմակերպել։ Չեն բացառվում նոր հանրահավաքները, գործողությունները, որոնք միասին կքննարկենք ու ընդհանուր հայտարարի կգանք»։ 

Նախաձեռնող խումբն ավելի ուշ հայտարարությամբ ընդգծեց՝ Հայաստանի ինքնիշխանությունը, անվտանգությունը, ժողովրդավարության կայացումը, տնտեսական զարգացումը և մարդու իրավունքների և ազատությունների ապահովումը հնարավոր է միայն եվրատլանտյան քաղաքակրթության ռազմաքաղաքական դաշինքի շրջանակում, ինչի առանցքային բաղադրիչը Եվրամիությանն անդամակցությունն է։ Գերագույն Խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյան․

«Սա «այո»-ի և «ոչ»-ի պայքար է, ովքեր են անկախության, ժողովրդավարության և զարգացման կողմնակիցները՝ համեցեք»։

Խորհրդարանական մեծամասնությունը դեռ չգիտի՝ ինչ դիրքորոշում է որդեգրելու Եվրաքվեի նախաձեռնության վերաբերյալ։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը վերջերս հստակեցրել էր՝ հարցին կանդրադառնան, երբ այն հասնի խորհրդարան։ Ըստ օրենքի, եթե խորհրդարանը չընդունի օրինագիծը, նախաձեռնող խումբը կգնա 300 000 ստորագրություն հավաքելու ճանապարհով, ինչը թույլ կտա միանգամից հանրաքվեի դնել նախագիծը։ Այդ դեպքում առաջին փուլում քվեարկածները կզրկվեն նորից քվեարկելու իրավունքից։ Արտակ Զեյնալյանի խոսքով՝ խորհրդարանի մերժման դեպքում նախաձեռնող խումբը ճանապարհային նոր քարտեզ կգծի։ Կգնա՞ն 300000 ստորագրություն հավաքելու ճանապարհով, թե՞ ոչ՝ դեռ պարզ չէ․

«Դա քաղաքական որոշում է, կախված է նախաձեռնող քաղաքական ուժերի և հասարակական կազմակերպությունների համատեղ որոշումից, պայմանավորված է նրանով թե ինչ ընթացք կունենա գործընթացը ԱԺ-ում։  Պետք է նկատի ունենալ, որ առնվազն 2-3 ամիս սա տևելու է և արդեն մոտ են 2026-ի ընտրությունները, նախաձեռնող խումբը և քաղաքական ուժերը պետք է այս ամբողջը իրար հետ համադրեն»։  

Նախորդ հոկտեմբերին Ստրասբուրգում՝ Եվրոպական խորհրդարանի նիստում, վարչապետ Փաշինյանը հայտարարել էր, որ «Հայաստանը պատրաստ է մոտ գտնվել ԵՄ-ին այնքան, որքան ԵՄ-ն դա հնարավոր է համարում»։ Հուլիսին «Ժողովրդավարության հայկական ֆորումի» ժամանակ վարչապետը հայտարարեց, որ չգիտի՝ ԵՄ-ն պատրա՞ստ է ընդունել Հայաստանին․

«Ես գիտեմ Հայաստանի ժողովրդի կարծիքը, հիմա հանրաքվե անե՞լ, թե՞ չանել, ինչում է պրոբլեմը։ Ես չեմ ուզում անդրադառնալ օրենքի կարգավորումների հետ կապված խնդիրներին, որովհետև դրանք կարելի է կարգավորել, հարցը դա չի, բայց էսօր, եթե մենք անում ենք հանրաքվե, մենք պետք է անենք քարոզարշավ, երբ գնանք քարոզարշավ, քաղաքացիները մեզ տալու են հարցեր, ասելու են՝ երբ, ինչքան ժամանակով, ինչ քայլերով, ԵՄ-ն ուզո՞ւմ է դա թե ոչ։ Ինձ ասել են` դուք հայտարարեցիք, որ Հայաստանը պատրաստ է լինել այնքան մոտիկ, ինչքան Եվրամիությունն է պատրաստ, հիմա հարց՝ ԵՄ-ն ինչքանո՞վ է պատրաստ, էդ հարցի պատասխանը կարո՞ղ եմ տալ։ Ոչ, չեմ կարող»։

Փաշինյանի ստրասբուրգյան հայտարարությունից ամիսներ անց՝ մարտին, Եվրախորհրդարանը հատուկ բանաձև ընդունեց, որով կոչ արեց Եվրոպական հանձնաժողովին ու խորհրդին՝ աջակցել Երևանին Բրյուսելի հետ համագործակցությունն ընդլայնելու հարցում։ Փաշինյանն էլ արձագանքեց՝ Եվրոպական խորհրդարանի ընդունած բանաձևը Հայաստանում հանրային քննարկման առարկա պետք է դառնա։ Սեպտեմբերի 9-ին մեկնարկեց նաև վիզաների ազատականացման հարցով ԵՄ-Հայաստան պաշտոնական երկխոսությունը, ինչի առթիվ Երևան ժամանեց Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտիս Սխինասը։

Կարդացեք նաև

Back to top button