
Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը համոզված է, որ Թուրքիայի հետ, ի վերջո, հնարավոր է լինելու հասնել ոչ միայն ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչմանը, այլ նաև երկու երկրների միջև հարաբերությունների ամբողջական կարգավորման։ Խոսքը, ըստ փոխնախարարի, նաև դիվանագիտական հարաբերությունների հաստատման և սահմանի ամբողջական բացման մասին է։
Թեև Անկարան Երևանի հետ հարաբերությունները շարունակում է պայմանավորել Ադրբեջան-Հայաստան բանակցությունների արդյունքներով, Երևանում հույս ունեն, որ ի վերջո հնարավոր կլինի հասնել համաձայնությունների։ Նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին շեշտել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների բարելավումն ուղիղ կապ ունի Երևան Բաքու գործընթացի հետ։
Այդ երկրի արտգործնախարարն էլ հույս է հայտնել, որ Անկարայի և Երևանի հարաբերությունները կկարգավորվեն Խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո,
Ավելի վաղ Հաքան Ֆիդանն ասել էր, որ հայ-թուրքական սահմանը բացելու նախապայմանը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումն է։
Չնայած այս հայտարարություններին՝ Երևանում կարծում են, որ Անկարայի հետ հնարավոր կլինի հասնել հարաբերությունների ամբողջական կարգավորման։
«Թուրքիայի հետ, ի վերջո, հնարավոր է լինելու հասնել ոչ միայն ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչմանը, այլ նաև երկու երկրների միջև հարաբերությունների ամբողջական կարգավորման։ Այդ թվում՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման և սահմանի ամբողջական բացման»։
Ըստ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի՝ երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակվում է, այս պահին՝ բավական դինամիկ։
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցով բանագնացներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի վերջին հանդիպումը տեղի է ունեցել 2024 թվականի հուլիսի 30-ին՝ Մարգարա-Ալիջան սահմանային կետում։ Այս հանդիպմանը կողմերը վերահաստատեցին նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններն ու դրանց իրագործման ուղղությամբ ջանքեր գործադրելու պատրաստակամությունը։
Ռուբինյանն ու Քըլըչն ընդհանուր առմամբ հանդիպել են 5 անգամ։ Դրանցից առաջինը 2022 թվականին էր, երբ երկու երկրները որոշեցին պաշտոնական բանագնացներ ունենալ հարաբերությունները կարգավորելու համար։
Հինգերորդ հանդիպումից հետո կողմերը խոսեցին վստահության ձևավորման միջոցառումների մասին, ներառյալ՝ դիվանագիտական անձնագրերով վիզաների պարզեցման հնարավորությունը։
Տարածված հայտարարություններում դարձյալ նշվում էր, որ Երևանն ու Անկարան կարգավորման գործընթացը շարունակելու են «առանց նախապայմանների»։
Խաղաղության պայմանագրի համաձայնեցված ու չհամաձայնեցված կետերից դուրս կան նաև այլ խոչընդոտներ։ Վահան Կոստանյանն ասում է՝ ռազմագերիների վերադարձի հարցը ԱԳՆ-ի առաջնահերթությունների մեջ է։
«Ինչ վերաբերվում է հումանիտար խնդիրներին, մասնավորապես՝ ռազմագերիների խնդրին, դա մշտապես մեր օրակարգում է։ Մենք բոլոր հանդիպումների ժամանակ բարձրացնում ենք հումանիտար հարցերը, այդ թվում՝ ռազմագերիների հարցերը։ Երկու երկրների ղեկավարների միջև տեղի ունեցած հանդիպումից հետո, կարծում ենք, ակտիվացել են։ Ակտիվություն ենք նկատում բանակցային գործընթացում»։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հանդիպումը Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ հոկտեմբերի 23-ին Կազանում էր: Հանդիպման ընթացքում քննարկվել էին տարբեր հարցեր, ներառյալ՝ հայ ռազմագերիների վերադարձի հարցը: Լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շեշտել էր, որ ռազմագերիների վերադարձի հարցը դեռ լուծված չէ, բայց կազանյան հանդիպումը հույս է առաջացրել, որ այն առաջ կշարժվի։
Թերև գերիների հարցում տեղաշարժով է պայմանավորված նաև Բաքվում անցկացվելիք COP-29 համաժողովին Հայաստանի մասնակցել–չմասնակցելու հարցը։ Թեև այդ համաժողովի մեկնարկին ընդամենը 4 օր է մնացել, սակայն Հայաստանը դրան մասնակցելու վերաբերյալ վերջնական որոշում դեռևս չունի։
«Օրեր են մնացել, այս պահի դրությամբ դեռևս որոշում կայացված չէ։ Քննարկումներ են ընթանում»։
Հարցին, թե ինչով է պայմանավորված որոշման ձգձգումը, Վահան Կոստանյան կարճ պատասխանեց՝ բանակցային գործընթացի դինամիկայով։




