«Հայաստան-Իրան. համագործակցություն և հեռանկարներ» խորագրով փորձագիտական եռօրյա աշխատաժողովի ավարտը տրվել է Կապանում, որին մասնակցել է նաև Հայաստանում Իրանի արտակարգ ու լիազոր դեսպանը։ Մեհդի Սոհբանին մեկ անգամ ևս ընդգծել է, որ Իրանը դեմ է ցանկացած միջանցքային տրամաբանության։ Դիվանագետը չի բացառել նաև Կապանի օդանավակայանից դեպի Իրան ուղիղ թռիչքների կազմակերպումըը։
Հայկական և իրանական վերլուծական, գիտական կենտրոնների փորձագետները Կապանում մեկ սեղանի շուրջ քննարկեցին պաշտոնական Երևանի և Թեհրանի դիրքորոշումները երկկողմ հարաբերությունների զարգացման վերաբերյալ։ Կապանի ընտրությամբ նպատակ է դրվել շեշտադրել նաև Սյունիքի զարգացման կարևորությունը Հայաստան-Իրան հարաբերություններում՝ ասում է ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի տնօրեն Գոռ Ծառուկյանը․
«Էական շեշտադրումը նա էր, որ իրանցի գործընկերներին ներկայացնեինք տարածաշրջանային հիմնական գործընթացները, Հայաստան-Իրան հարաբերությունների կարևորությունն ու դրա խորացման նշանակությունը, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացները՝ սահմանազատման, ապաշրջափակման գործընթացը՝ հիմնավորելով դրա կարևորությունն ինչպես Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում, այնպես էլ Հայաստան-Իրան համատեքստում։ Ներկայացնենք Հայաստան-Արևմուտք հարաբերությունները, փարատենք հնարավոր մտահոգությունները, որ Հայաստանը որևէ պարագայում չի կարող ներգրավվել այնպիսի գործընթացների մեջ, որոնք կարող են դեմ լինել մեր հարևան երկրի հետաքրքրություններին»։
Իրանը ողջունում է Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, քանի որ երկրների միջև լարվածությունն ու հակամարտությունը կարող են անցանկալի հետևանքներ ունենալ տարածաշրջանի ժողովուրդների համար՝ լրագրողների հետ ճեպազրույցում ընդգծեց Հայաստանում Իրանի արտակարգ ու լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին․
«Մենք չենք ցանկանում օգտագործել «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը։ Համաձայն ենք հաղորդակցությունների բացմանն այն դեպքում, երբ դա տեղի կունենա Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հիման վրա: Բացի այդ, մենք դեմ ենք ցանկացած բանի, որն ունի միջանցքային տրամաբանություն: Մենք դեմ ենք ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխությունների»։
Իրանն ու Հայաստանը դարեր շարունակ հարևաններ են, ապրել են կողք կողքի և ունեն շատ լավ, բարիդրացիական հարաբերություններ։ Հենց այս հանգամանքը հաշվի առնելով՝ Մեհդի Սոբհանին չի կարծում, որ ինչ-որ մեկը քայլեր կանի երկու երկրների ժողովրդի շահերի դեմ։
«Հայաստանի ու Իրանի առևտրաշրջանառության ծավալը կազմում է 700 մլն դոլար, ու 2 երկրների ղեկավարները 3 մլրդ-ի շեմ են սահմանել․ որպեսզի հասնենք դրան, պիտի ենթակառուցվածքները զարգացնենք, նաև շինարարական աշխատանքները կնպաստեն։ Ագարակ-Քաջարան ճանապարհի 32 կմ ճանապարհի կառուցումը կկրճատի հեռավորությունը, հետո նաև՝ Քաջարանի թունելի կառուցումը։ Դրանից հետո օրական 600 բեռնատար ավտոմեքենայի փոխարեն ավելի շատ մեքենայի հոսք կլինի։ Նշեմ, որ Արաքսի վրա կառուցած կամուրջն արդեն չի ապահովում մեքենաների թողունակությունը, ու նոր կամուրջ պիտի կառուցենք։ Մենք այդ հեռանկարով ենք աշխատում, ապագան լուսավոր է» ։
Սյունիքի մարզի հնարավորություններից է նաև կախված Իրան-Հայաստան հարաբերությունների խորացումը՝ ասում է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։
«Տևական ժամանակ է՝ բազմաթիվ հանդիպումներ ենք ունենում դեսպանի, հյուպատոսի հետ։ Մարզի համայնքների միջեւ կա համագործակցություն, այցելություններ են արվում տարբեր ծրագրերի շրջանակում։ Մեր երկու բարեկամ երկրներն ունեն դարավոր բարեկամություն, սակայն կա նաև հսկակայան պոտենցիալ, որն օգտագործված չէ։ Համաժողովը նաև դրան է ուղղված»։
Վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի տնօրեն Գոռ Ծառուկյանը վստահ է՝ քննարկումները շարունակական կլինեն, արդյունքները՝ դեռ կզգացվեն։
«Դրանք պիտի երկարատև ընթանան, կազմակերպեն քննարկումներ, որպեսզի հնարավորինս լայն շրջանակներ ներգրավված լինեն, ճանաչեն փոխադարձ մոտեցումներն ու հետաքրքրությունները, ու հնարավորինս թափանցիկ լինեն հարաբերությունները երկու երկրների, երկու հասարակությունների, այս դեպքում երկու երկրների փորձագիտական շրջանակների միջև»։
Իրանցի պատվիրակները Երևանից Կապան են ժամանել օդանավով, ու դեսպան Մեհդի Սոբհանին չի բացառում Կապանի օդանավակայանից դեպի Իրան ուղիղ չվերթերի հնարավորությունը։