Հայաստանի ԳԱԱ–ի և գերմանական Մյունսթերի համալսարանի հնագետները պատմական Արտաշատում հայտնաբերել են վաղ քրիստոնեական, նախկինում անհայտ եկեղեցու մնացորդներ։ Կառույցը բացառիկ է ճարտարապետական հորինվածքի առումով։ Պեղավայրն այժմ հողածածկ է, այնտեղ աշխատանքները կվերսկսվեն 2025թ.-ի սեպտեմբերից։
Պատմական Արտաշատ մայրաքաղաքի պեղումների արդյունքում բացառիկ հուշարձանի հիմքեր են հայտնաբերվել։ Այդ կառույցը կարող է առ այսօր Հայաստանում հնագիտորեն հաստատված ամենահին եկեղեցիներից մեկը լինել։
4-րդ դարի 1-ին կեսի եկեղեցի է, ժամանակաշրջանի առումով համադրելի Սուրբ Էջմիածնի Մայր տաճարի հետ՝ ասում է Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Հին Հայաստանի հնագիտության բաժնի վարիչ Մկրտիչ Զարդարյանը։ Նա է ղեկավարում Արտաշատի պեղումները։ Պատմական մայրաքաղաքը հիմնված է եղել 18 բլուրների վրա։ Նորահայտ եկեղեցու հիմքերի և պատերի մնացորդները 17-րդ բլրի տարածքում են։ Տեղանքում պեղումներն իրականացվում են հայ-գերմանական ԱԳԱՊ ծրագրով։
«Հավանական է, որ ի թիվս այլոց, Սուրբ Գրիգոր Լուսավորիչի կողմից հիմնադրված եկեղեցիներից մեկն է։ Կառույցը իրենից ներկայացնում է ութանկյուն մի շատ մեծ՝ մոտ 1000 մ² չափերի շինություն, ութանիստ, խաչաձև ելուստներով»։
Մարմարե հարդարանք և կղմինդրե ծածկ, կառույցի բացառիկությունը նաև կերտվածքի մեջ է։ Ճարտարապետական հորինվածքի առումով այն նմանը չունի Հայաստանում։
«Նմանակները մենք ունենք Սիրիայում և պաղեստինյան տարածքում, մինչև Իտալիա։ Այդ ոճը ձևավորվել է հենց սիրիա-պաղիստինյան տարածքում, հետագայում իր շարունակությունը գտել Իտալիայում, մասնավորապես Ռավեննայի նման եկեղեցիների շարքում»։
Պեղումների արդյունքում գտնված հայկական վաղ միջնադարյան կառույցի պատերից մնացած հատվածի բարձրությունը որոշ տեղերում 0.5 մետրից ավելի է։
Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատողը մանրամասնում է՝ շինությունն առնվազն 2 անգամ ենթարկվել է մեծ ավերածությունների։ Դրա մասին են վկայում զանգվածային հրդեհի հետքերը։
«Արտաշատի պեղումները ընթանում են դեռևս 1970թ.-ից, բայց այն, ինչ սկսել է հետաքրքրել վերջերս ժողովրդին, մենք անցյալ տարվանից ենք սկսել ուսումնասիրել և այս տարի վերջնականապես համոզվեցինք, թե ինչի հետ գործ ունենք։ Մեզ հարկավոր է միայն ժամանակ, որպեսզի կարողանանք մոտակա տարիներին շարունակել և ավարտել պեղումները»։
Հնագետը մանրամասնում է՝ ԿԳՄՍ նախարարությունը կզբաղվի եզակի պեղավայրի պահպանության հարցով։ Հայ-գերմանական խումբը պեղումները կշարունակի հաջորդ տարվա սեպտեմբերից։