
Բորիկ Միրզոյանի ընտանիքը 2023թ սեպտեմբերին տեղահանվել է Մարտակերտի շրջանի Վարնկաթաղ գյուղից: Հիմա ապրում են Արմավիրի մարզի Արևաշատ գյուղում՝ օդանավակայանի հարևանությամբ: Մարտակերտում մեղվապահությամբ են զբաղվել, շուրջ 160 փեթակ են թողել «Երից Մանկանց» վանքի տարածքում: Արևաշատում նույնպես ցանկանում են մեղու պահել ու սպասում են բարերարների առաջարկին:
Միրզոյանների վարձակալած տունը «Զվարթնոց» օդանակայանի թռիչքուղուց բաժանում է քարե պատնեշը: Մարտակերտի բնության ձայներն Արևաշատում փոխարինվել են ինքնաթիռների աղմուկով՝ ասում է Անահիտ Միրզոյանը:

«Այն պարիսպը, որ կա, հենց այդտեղով են ինքնաթիռները վայրէջք կատարում: Աղմուկը շատ է խանգարում, թոշակառու մարդիկ ենք, ճնշում ունենք: Երբ իջնում են ու գնում օդանավակայան, ձայնը, ոչինչ, տանելի է, իսկ երբ թռիչք է լինում, աղմուկն անտանելի է: Մյուս կողմից են թռնում, բայց մեր տան վրայով են անցնում»:
Թռիչքուղու պարիսպը տնամերձ հողամասի սահմանն է: Գարնանը հողը պարապ չեն թողել, բանջարեղեն են մշակել: Չեն համեմատում Մարտակերտի հետ, որտեղ հողն ավելի փխրուն էր ու լավ բերք էր տալիս:

«Մեզ մոտ՝ Ղարաբաղում, հիմա բոստանի ամենալավ սեզոնն է, բայց այստեղ շուտ է վերջանում: Պահածոներն այստեղ շուտ են փակում, իսկ մենք՝ երբ զովանում է եղանակը: Լոլիկ եմ փակել, սմբուկ,վարունգ, բայց վարունգը լավ չի եղել, լոլիկն էլ այդքան լավ չէր, իսկ պղպեղն ու սմբուկը լավ բերք են տվել: Պահածոների համար եղածը բավական չէր, գնել ենք, 20-25 բանկա փակել»:
Արցախում մեղվապահությամբ են զբաղվել, 160 մեղվաընտանիք են ունեցել: Մարտակերտի անտառներից ու դաշտերից հավաքած մեղրը ուրիշ համ ուներ՝ ասում է Անահիտ Միրզոյանը: Փեթակները հաճախ տեղափոխել են, վերջում դրանք Երից Մանկանց վանքի տարածքում են մնացել:

«Մեր գյուղում էինք պահում, Քարվաճառի «Տաք ջրի» տարածքում: Ամուսինս, «Երեք Մանկուկ» են ասում, այնտեղ ջրի վրա էր աշխատում: Մեղուներին տանում էինք, թողնում իր մոտ, որտեղ չտեսնված ծաղիկներ կային: Տարանք թողեցինք ու եկանք»:
Գյուղից դուրս են եկել, երբ Դրմբոնն անցել է թշնամու վերահսկողության տակ, երկու ժամ ունեին՝ ազատելու տարածքը: Ամեն ինչ թողած՝ գյուղից փախել էին ու հասել Ասկերանի շրջանի Այգեստան գյուղ:
Մարինե Միրզոյան. «Հորս ընկերոջ տունն էր, Ստեփանակերտին մոտ էր: Երբ ծնողներս Մարտակերտում էին ու պատերազմը սկսվեց, դուրս եկան: Երբ քաղաքը ռմբակոծում էին, մենք մի քանի օր ընկերոջ տանը մնացինք, հետո եկանք»:

Գյուղում լավ են ապրել, երեքն էլ աշխատել են, Մարինեն՝ Ստեփանակերտի գնումների աջակցման կենտրոնում: Հիմա երեքով էլ զբաղմունք չունեն: Մարինե Միրզոյանը բարձրագույն կրթություն ունի, ասում է՝ պատրաստ է ցանկացած վարչական աշխատանքի:
«Մասնագիտությամբ ինժեներ-շինարար եմ, բայց իմ մասնագիտությամբ չեմ աշխատել: Վարչական աշխատանքներ եմ արել՝ գործավարություն, կադրերի գործ»:
Ապրում են ծնողների թոշակով ու պետության աջակցության 50 հազարական դրամներով: Առջևում ձմեռ է, Արցախում մեղրի վաճառքից տնտեսած գումարով վառելափայտ են առել: Արևաշատում հաստատվելիս նորից մտածել են մեղուներ պահելու մասին:

«Ես չեմ սիրում, որ նստենք ու ինչ-որ մեկը մեզ փող տա: Այստեղ խոսք էին տվել, որ մեզ պետք է մեղու տան, չգիտեմ, ասեցին՝ ինչ-որ բարերարներ: Ամուսնուս անունը գրել էին, ինքն էլ ահագին ուրախացել էր, ասեց՝ այստեղ կպահեմ, մի բան կանեմ, բայց չտվեցին՝ չգիտեմ ինչ պատճառներով»:
Մեղուներ պահելով հանգստանում են: Ասում է՝ ժամերով կարելի է հետևել մեղվաընտանիքի աշխատանքին: Մեղուներից մարդիկ շատ բան ունեն սովորելու:
«Ամենալավ բանն է, որ նստում ես ու նայում, շատ հետաքրքիր է: Փեթակի մուտքին երկու մեղու է կանգնում, եթե մեկը գալիս է դատարկ՝ ներս չեն թողնում: Իսկ երբ մեղուները ձագ են տալիս, ես նստում եմ ծառի տակ, նայում, թե որտեղ են կանգնում. հետևում եմ, որ չփախչեն: Հետո ամուսինս գալիս է, կտրում ու տեղավորում առանձին փեթակի մեջ»:
Մեղրը տարվա մեջ երկու անգամ են քամել, մեկը՝ մայիսին, մյուսը՝ աշնանը: Նոր կեցավայրում էլ մեղվապահությամբ զբաղվելու հույսը չեն կորցնում և սպասում են փեթակներ նվիրելու առաջարկին:




