Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի պատրաստվում շնորհավորել Հանրապետական Դոնալդ Թրամփին նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ, այսօր լրագրողներին ասել է նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ես տեղյակ չեմ Թրամփին ընտրությունների կապակցությամբ շնորհավորելու նախագահի ծրագրերի մասին»,-ասել է Կրեմլի խոսնակը։
«Չմոռանանք, որ խոսքը ոչ բարեկամ երկրի մասին է, որն ուղղակիորեն և անուղղակիորեն ներգրավված է մեր պետության դեմ պատերազմի մեջ»,- նշել է նա։
Պեսկովը, սակայն, ասել է, որ ՌԴ նախագահը պատրաստ է ԱՄՆ-ի հետ երկխոսության։ «Նախագահ Պուտինը բազմիցս ասել է, որ բաց է արդարության, հավասարության և միմյանց մտահոգությունները հաշվի առնելու պատրաստակամության վրա հիմնված կառուցողական երկխոսության համար։ Եվ նախագահ Պուտինը պահպանում է այս վերաբերմունքը, նա բազմիցս հաստատել է դա»,- ընդգծել է Կրեմլի խոսնակը։
«Այս պահին ԱՄՆ վարչակազմը տրամագծորեն հակառակ վերաբերմունք ունի։ Մենք կտեսնենք, թե ինչ կլինի հունվարին»,- նշել է Պեսկովը։ Նա վստահ է, որ ռուս-ամերիկյան հարաբերությունների ապագան, որոնք ներկայումս գտնվում են իրենց ամենացածր կետում, կախված է ԱՄՆ ղեկավարությունից։