ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Ռուսական կապիտալը խանգարել է Հայաստան-ԵՄ ապրանքաշրջանառությանը

Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգը առաջ մղելու տեսանկյունից 2024-ը ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն աննախադեպ է համարում։

Նա թվարկում է բազմաթիվ ձեռքբերումներ, օրինակ, Հայաստան-«Եվրոպոլ», Հայաստան- «Եվրոջասթ» պայմանագրերը: Անվտանգային ոլորտում համագործակցությունը առանձին տողերով թե՛ ֆինանսավորումն է, թե՛ ԵՄ դիտորդների աշխատանքը Հայաստան-Ադրբեջան սահմանին։ Այս տարվա ամռանը մեկնարկել է ՀՀ քաղաքացիների համար ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսությունը: 

Հայաստանը ԵՄ-ի հետ քննարկումների մեջ է, և 2025-ին հնարավոր է ստանա 25 մլն եվրո աջակցություն, Աժ-ում հաջորդ տարվա բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Երկօրյա այցով Երևանում է ԵՄ պատվիրակությունը՝ հայկական կողմի հետ մշակելու վիզաների ազատականացման շուրջ բանակցությունների ծրագիրը: Լուրը հաստատել է Հայաստանի փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը։ Այս ամառ մեկնարկած գործընթացը, սակայն, երկարատև է։ Ըստ փոխնախարարի, բովանդակային բանակցությունները, հավանաբար, կսկսվեն 2025 թվականի սկզբից, երբ հստակ պարզ լինի, թե ինչ անհրաժեշտ քայլեր պետք է Հայաստանը կատարի՝ պահանջվող պայմաններն ապահովելու կամ երաշխավորելու համար։

«Փուլերի վերաբերյալ այդ պատվիրակությունը, որ այս օրերին գտնվում է Երևանում, հենց մշակելու է գործողությունների ծրագիր։ Այս պահին բոլոր քայլերը, հերթականությունը և այլն քննարկվում են համապատասխան գերատեսչությունների հետ։ Ինչ վերաբերում է նախապայմանների ցանկին, իրապես, այդքան էլ բարդ չէ։ Ունի թե՛ տեխնիկական մաս, հիմնական բաղադրիչն է բիոմետրի անձնագրերի այստեղ պատրաստելը, թե՛ մի շարք ոլորտներում իրավիճակը փոխելու՝ առողջապահության ապահովագրության խնդիրը։ Նույնը վերաբերում է սահմաններում մեր վերահսկմանը, մաքսային վերահսկմանը։ Այստեղ նաև միգրացիոն մեր ստրատեգիայի մշակման մասին է նույնպես խոսքը։ Մի հարց, որը շատ հետաքրքրում է եվրոպական բոլոր երկրներին։ Մարդու իրավունքների ոլորտում համեմատաբար քիչ անելիքներ ունենք, բայց դե կարևոր քայլերի անհրաժեշտություն կլինի։ Իհարկե, առանձին երկրներ կունենան առանձնահատուկ հարցեր, որոնք կքննարկվեն երկկողմ նաև մակարդակով լրացուցիչ»։

Վիզաների ազատականացման երկխոսության ավարտի համար անհրաժեշտ քայլերի ցանկում առկա առողջապահության պարտադիր ապահովագրության ծրագիրը, սակայն, Հայաստանի 2025 թվականի բյուջեի նախագծում ներառված չէ։ Փոխարտգործնախարարի և ֆինանսների նախարարի զրույցը այս թեմայով դեռ հուսադրող չէ․

Ուշ, թե շուտ այդ հարցին պետք է անդրադառնանք, և վստահ եմ, որ կգտնենք համապատասխան լուծումներ ֆինանսական առումով, որպեսզի այդ կարևորագույն հարցը կարողանանք առաջ տանել:

Մենք բոլոր մանրամասնություններով այս հարցին անդրադարձել ենք, և ըստ էության, որևէ նոր ասելիք չունեմ: Մենք կառաջնորդվենք մեր հնարավորություններին և կարողություններին համապատասխան։

ԵՄ հետ համագործակցությունից Հայաստանի իշխանությունը գոհ է։ «Դիմակայունություն և աճ» ծրագրի ներքո ԵՄ-ն նախատեսում է Հայաստանին 270 մլն եվրո աջակցություն տրամադրել: Ծրագիրը 4 տարվա համար է, նախագիծը վերջնականացման փուլում է։

Մեկ այլ ծրագրով՝ 10 միլիոն եվրո Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին տրամադրումը կսկսվի նոյեմբերի 18-ից: 2024 թվականի հուլիսին ԵՄ-ն որոշում էր կայացրել առաջին անգամ Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին գումար տրամադրել։ Օգնության նպատակն է բարձրացնել Հայաստանի զինված ուժերի նյութատեխնիկական կարողությունները և նպաստել ճգնաժամային ու արտակարգ իրավիճակներում խաղաղ բնակչության պաշտպանության բարելավմանը: 

Անվտանգային հարցերում համագործակցությունը ԵՄ հետ շարունակվելու է նաև նոր օրակարգով, որի բանակցություններն, ըստ փոխարտգործնախարարի, մոտակա շաբաթներում կավարտեն։

«Նոր օրակարգի այս տարբերակը կլրացնի պայմանագիրը ոչ միայն համեմատելով հնարավոր ասոցացման պայմանագրի հետ, այլև նոր ոլորտներ կավելացնի, որոնք CEPA-ում չկար։ Օրինակ, անվտանգությունն է և այլն: Եվրամիության հետ թերևս ամենամեծ առաջընթացը այս ոլորտում դա, Եվրամիության առաքելության գործունեությունն է: Նույնը վերաբերվում է ԵՄ ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության առաքելություններին մեր միացմանը, որը կլինի մեր ներդրումը տարածաշրջանային և գլոբալ անվտանգության առումով»։  

Այս ամենի կողքին մտահոգիչ թվեր է հրապարակում ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Խաչատրյանը՝ առաջարկելով փաստերով խոսել տնտեսական դիվերսիֆիկացիայի մասին։

«Հայաստան-ԵՄ առևտրատնտեսական հարաբերությունները ձեր կառավարության օրոք վատագույն վիճակում են գտնվում սեպտեմբերի 21-ից հետո։ Երբեք մեր արտաքին առևտրի մեջ դեպի ԵՄ մեր արտահանումները 4.5% չեն եղել, ինչպես եղել է այս տարվա առաջին վեց ամսվա ընթացքում։ Դրանք խոսքեր են՝ մենք գնում ենք, դիվերսիֆիկացնում ենք։ Փաստն այն է, որ ձեր կառավարության օրոք վատագույն առևտրատնտեսական հարաբերություններն են Եվրոպայի հետ»։

Սրա բացատրությունն, ըստ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի, կապն է հայկական ընկերությունների և ռուսական կապիտալի կամ իրական սեփականատերերի հետ։

«Այստեղ խնդիրը խորքային է։ Արտահանողների իրական սեփականատերերը կամ արտահանողները եղել են Ռուսաստանի քաղաքացիներ և հայտնվել են արևմտյան սանկցիաների տակ և մենք էլ չենք արտահանում։ Սա մեր տնտեսության խոցելիության հերթական կետերից մեկն է։ Ենթադրենք՝ պղնձի, մոլիբդենի և այլ հանքանյութերի արդյունահանման ծավալները այն ժամանակ, ենթադրենք, գնացել է եվրոպական որևէ երկիր, հիմա դրանց արտահանման ուղղությունները փոխվել են և տեղափոխվել են Չինաստան։ Եվ այս կոնտեքստում, եթե դիտարկում ենք, մոտավորապես, օրինակ, կարող եք տեսնել համաչափություն. ինչքան որ ԵՄ-ի հետ պակասել է, այդքան, օրինակ, մի քանի երկրների, այդ թվում ասենք՝ Չինաստանի հետ ավելացել է»։

Եվրոպային հետաքրքրում են հայկական տարբեր ապրանքներ, երբեմն՝ անսպասելի։ Ի՞նչ է արտահանում Հայաստանը ԵՄ երկրներ՝ ցանկը ներկայացնում է էկոնոմիկայի նախարարը․

«Ավստրիա՝ մանրաթել և նրբաթելից գործված հագուստ, Բելգիա՝ մոլիբդեն, հանքաքար, խտանյութ, Բուլղարիա՝ պղնձի հանքաքար, խտանյութ, Գերմանիա՝ կոստյում, անդրավարտիք, պիջակ տղամարդու, Դանիա՝ ռենտգեն ապարատ, բժշկական մասեր, Էստոնիա՝ մրգային գինիներ, Իռլանդիա՝ արտադրանք մարգարիտից, թանկարժեք, կիսաթանկարժեք քարեր, Իսպանիա՝ ալյումինի փայլաթիթեղ, Իտալիա՝ վերարկու, տաք կիսաբաճկոն, անձրևանոց, Լատվիա՝ կոնյակ, ռոմ, ջին, օղի, լիկյոր, Լեհաստան՝ ալյումինի փայլաթիթեղ, Լիտվա՝ պղինձ, զտված և չմշակված ձուլվածք, արույր, բրոնզ և այլն, Լյուքսեմբուրգ՝ ծխախոտ, վերականգնված ծխախոտ, նիկոտին, Խորվաթիա՝ կոստյում, անդրավարտիք, շրջազգեստ, Կիպրոս՝ ալյումին չմշակված»։

Հայկական ապրանքները եվրոպական շուկայում ավելի ճանաչելի դարձնելու համար փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը կարևորում է տնտեսական կցորդների դերի ակտիվացումը Եվրամիության անդամ երկրներում։ Բրյուսելում տնտեսական կցորդների ինստիտուտը ծրագրվում է ընդլայնել նաև այլ եվրոպական երկրներում՝ այդ թվում Ֆրանսիայում, Գերմանիայում և Բենիլյուքսի երկրներում՝ Բելգիա, Նիդեռլանդներ և Լյուքսեմբուրգ:

Ի դեպ, ԵՄ «խաղի կանոնները» ստիպում են փոխել հայկական կոնյակի անվանումը։ Հայ արտադրողներն իրենց արտադրանքը այլևս չեն մակնշի այդ անվանումով, որը ԵՄ-ի կողմից պաշտպանված աշխարհագրական նշում է։ Փոխարենը՝ «Հայկական բրենդին» կգրանցի որպես աշխարհագրական նշում: Ըստ Գևորգ Պապոյանի՝ «Կոնյակ» աշխարհագրական նշման օգտագործման սահուն և արդյունավետ դադարեցման ուղղությամբ անհրաժեշտ գործընթացներ են արվում:

Կարդացեք նաև

Back to top button