
Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների կանոնակարգը թեև նոյեմբերի 1-ից ուժի մեջ է, բայց դեռ հայտնի չէ, թե ինչպես է շարունակվելու գործընթացը։ ԱԺ նախագահն այսօր ասել է, որ քննարկումներն այդ հարցի շուրջ դեռ ընթանում են, և որոշումները կախված են տարբեր գործոններից։
Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը և Շահին Մուստաֆաևը նոյեմբերի 1-ին տեղի ունեցած իրենց 10-րդ հանդիպմանը բացի փաստաթղթերի փոխանակումից, քննարկել են հաջորդ հանդիպման տեղն ու օրը, ինչպես նաև սահմանագծման ենթակա տարբեր հատվածների հաջորդականության հարցը։ Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը քննարկել են նաև տրանսպորտային ենթակառուցվածքների խնդիրը։
Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների փորձից ելնելով` իշխանությունը հորդորում է հանրությանը ըմբռնումով մոտենալ և շատ ինֆորմացիա չակնկալել` ասում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ չհստակեցնելով, թե Տավուշում սահմանագծման աշխատանքներից հետո որ հատվածից է շարունակվելու Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման աշխատանքը։
«Որովհետև այդ ինֆորմացիան կարող է վնաս հասցնել հենց գործընթացին և խաթարել այն։ Դաշտում եղածի 90%-ին մեր լրատվությունը տիրապետում է։ Հայաստանն իր բաց լինելու բերումով ինֆորմացիոն առումով հագեցած է, և ավելին ես չեմ ուզում ասել․ և չեմ կարող ասել, և ինքս չեմ ուզում որևէ ձևով խանգարել։ Այս պահին որոշում չկա, քննարկումներ են գնում, թե որտեղից շարունակել։ Գոյություն ունեն տարբեր փաստարկներ, հիմքեր, հարցեր, որոնք կարող են դեր խաղալ, թե ինչպես շարունակել։ Կարելի է շարունակել դեպի հյուսիս, կարելի է շարունակել դեպի հարավ, կարելի է ընդհանրապես Սյունիքից սկսել կամ ինչ-որ այլ մասից, որտեղ ավելի հստակ պատկերացում ունենք։ Երբ այդ քննարկումները պարզ կլինեն, արդեն լավ կլինի ու այսպես՝ 12 կմ, 50կմ, 100 կմ այդ վերարտադրումը մեր սահմանի, պետք է ասեմ, որ մեր պատմության մեջ կարևորագույն հարց է, որը, եթե լուծենք, ինձ թվում է, պետք է բոլորս շատ գոհ ու շնորհակալ լինենք»։
Թեև արդեն չորս օր սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգն ուժի մեջ է, բայց փաստաթղթի հայերեն և ադրբեջաներեն տարբերակները համադրելու հնարավորություն այս պահին չկա։ Հայաստանում փաստաթուղթը հրապարակվել է ստորագրվելուց մի քանի օր անց` սեպտեմբերի 2-ին, իսկ ադրբեջանական բաց աղբյուրներից փաստաթղթի ադրբեջաներեն տարբերակին ծանոթանալու հնարավորություն չկա։ Կանոնակարգն այնտեղ, կարծես, չի հանրայնացվել։ Ադրբեջանական անդրադարձներում հղում է արվում Հայաստանում հրապարակված փաստաթղթին։
Նշվում է, որ թեև Երեւանն ու Բաքուն պայմանավորվել են սահմանազատում իրականացնել 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, սակայն համաձայնագիրը վերջնական չէ, և Խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո գործընթացը կարող է շարունակվել այլ սկզբունքներով։ Ադրբեջանական կողմը նաև շեշադրում է փաստաթղթի 4-րդ հոդվածը, որտեղ խոսվում է «սահմանների օպտիմալացման» մասին։
Երևանի և Բաքվի ստորագրած փաստացի առաջին պետական փաստաթուղթը Հայաստանի իշխանությունը, ի դեմս ԱԺ նախագահի, խիստ կարևոր է համարում։
«Ես կարծում եմ, որ այդ թղթի առկայությունը մեծագույն հաղթանակ է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի համար։ Սա երկկողմ հաղթանակ է, սա Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական առաջին փաստաթուղթն է, և դրա իրագործումը թե՛ Հայաստանի Հանրապետության, թե՛ Ադրբեջանի Հանրապետության անկախության և տարածքային ամբողջականության ամենակարևոր հիմնաքարերից մեկն է։ Մենք առաջ ենք շարժվելու, և ես լիահույս եմ, որ դա դրական ընթացք կունենանք»։

Փոխվարչապետեր Գրիգորյանի և Մուստաֆաևի գլխավորած հանձնաժողովները թեև հիմնականում սահմանազատման աշխատանքների կանոկակարգման համար են ձևավորվել, բայց նույն հանձնաժողովի շրջանակում, ըստ պաշտոնական հաղորդագրության, քննարկվել են նաև տրանսպորտային ենթակառուցվածքների հարցերը։
Տարածաշրջանի ապաշրջափակումն այս փուլում քննարկվում է տարբեր հարթություններում։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը վերջերս միջազգային համաժողովի ժամանակ հանդիպել է թուրք պաշտոնակցի հետ։ Ասում է՝ Թուրքիայում բարձր են գնահատում Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը։ Այժմ առարկայական փուլ է մտել երկաթգծի վերագործարկման ուղղությամբ ներուժի գնահատման գործընթացը։ Գնել Սանոսյանի խոսքով՝ երկաթգծային ամբողջ ցանցը վերականգնելու համար խիստ նախնական գնահատումներով 200 միլիոն դոլարից ավելի գումար է անհրաժեշտ։ Նա չի խոսում երկաթգիծը կոնկրետ ուղղությամբ կամ մի կետից գործարկելու մասին, ասում է՝ գաղափարն ամբողջական է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի տրամաբանության մեջ։ Երբ պայմանավորվածությունները կլինեն, այն ժամանակ էլ Հայաստանի կառավարությունը կմտածի անհրաժեշտ գումարի հայթայթման մասին։
«Նոր բան չեմ ասի։ Մեղրիի երկաթգծի մասին է խոսքը, Երասխի, Իջևանի հատվածների, Կարսի երկաթուղու մասով՝ նաև Թուրքիայի հետ։ Այսինքն՝ այն ենթակառուցվածքները, որոնք եղել են և հիմա չեն գործում, դրանք վերագործարկելու հնարավորությունների մասին է։ Հայեցակարգը բոլոր ենթակառուցվածքների մասին է, այդ թվում նաև՝ էներգետիկ ոլորտի, գազատարների։ Եթե բանը հասնի շինարարությանը, նախնական թվերը կբերվեն վերջնական տեսքի, այսինքն՝ նախագիծ կպատվիրենք, որի արդյունքում գումարը պարզ կդառնա, ժամկետները պարզ կդառնան։ Հայաստանի կառավարությունը նման խոշոր ծրագրեր իրականացնելու կարողություններ ունի։ Նաև այդպիսի ծրագրեր իրականացնելու ժամանակ, երկրները հաճախ նաև վարկային միջոցներ են ներգրավում։ Այդ բոլոր հատվածները պետք է բացվեն, որպեսզի ենթակառուցվածքների հզորությունները լիարժեք օգտագործվեն»։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հստակ չի պատասխանում, թե արդյոք սահմանազատման կանոնակարգի փոխանակումն ու ուժի մեջ մտնելն արագացրեց Փաշինյան-Ալիև կազանյան հանդիպումը, բայց այն, որ Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը քննարկել են բազմաթիվ հարցեր, հաստատում է։ Ալեն Սիմոնյանի խոսքով՝ առանձին ձևաչափով հանդիպումը տևել է 1.5 ժամ, դրանից առաջ էլ՝ ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի ժամանակ, սեղանի շուրջ Փաշինյանն ու Ալիևը շփվել են մոտ մեկ ժամ։
«Երբ զգացել են, որ կարող է խանգարում են և այլն, տեղափոխվել են նշածս 1.5 ժամանոց խոսակցության մեջ։ Իսկ խոսակցությունը, պայմանավորվածությունները նույնն են, ինչի մասին գիտեք՝ խաղաղության հաստատում, կոմունիկացիաների բացում և գերիների մասով խոսակցություն»։
Ալեն Սիմոնյանը հաստատում է, որ այդ շփումներից հետո որևէ նոր համաձայնություն ձեռք չի բերվել, խոսքը եղած խնդիրները քննարկելու և դրանց շուրջ երկկողմ համաձայնություն գտնելու մասին է։ Հայաստանի ԱԺ նախագահը փաստում է, որ «Խաղաղության պայմանագրի» հարցում կողմերը փոքր քայլերով առաջ են գնում։




