ԿարևորՌեպորտաժներՎերլուծական

Լարվածության նոր ալիք Իրանի և Իսրայելի միջև․ «Ազնիվ խոստում-3»-ը նախապատրաստական փուլում է

Մերձավոր Արևելքում շարունակվող լարվածությունը նոր աստիճանի է հասել՝ ընդգրկելով Իրանի և Իսրայելի միջև կտրուկ սրացումները: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հայտարարած «Ազնիվ խոստում-3» գործողությունն ու Իսրայելի հակազդեցությունները ցույց են տալիս տարածաշրջանում ամրապնդվող վտանգի ստվերը, որին աշխարհն է ուշադիր հետևում։  Իրանը հայտարարում է իր պատասխանի պատրաստակամության մասին, իսկ Իսրայելը փորձում է թուլացնել իրանական ռազմական կարողությունները: Միաժամանակ, Թուրքիայի, ԱՄՆ-ի և այլ երկրների արձագանքներն այս լարվածության համար նոր հորիզոններ են բացում, ընդգծելով հակամարտության հնարավոր միջազգային ազդեցությունը։ Փորձագետները մեծ ռիսկեր են տեսնում նաև մեր տարածաշրջանի համար։

Իրանի և Իսրայելի միջև շարունակվող լարվածությունը հասել է նոր մակարդակի, քանի որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ներկայացուցիչը հայտարարել է Իրանի կողմից սպասվող նոր հարձակման մասին։ Իր հերթին Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ասել է․

«Թշնամիները, ներառյալ ԱՄՆ-ն և սիոնիստական ռեժիմը պետք է իմանան, որ Իրանի և դիմադրության ճակատի դեմ գործողություններին նրանք անպայման ջախջախիչ պատասխան կստանան»։

Հարձակումը կկոչվի «Ազնիվ խոստում-3», և, ըստ ԻՀՊԿ-ի գլխավոր հրամանատարի տեղակալ Ալի Ֆադավիի, այն կլինի նախորդ գործողությունների շարունակությունը՝ ուղղված Իսրայելի գործողություններին հակազդելուն։ Ֆադավին չի մանրամասնել հարձակման պլանավորված մեթոդները, բայց հավելել է, որ զրոյական ժամը շատ մոտ է։

Հոկտեմբերի 26-ին Իսրայելը օդային հարվածներ հասցրեց իրանական ռազմական օբյեկտներին՝ որպես պատասխան Իրանի կողմից արձակված հրթիռների։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս գործողությունները հիմնավորել է, ասելով, որ նպատակ ունեն նվազեցնել Իրանի պաշտպանական կարողությունները և կասեցնել հրթիռների արտադրությունը։ Թեհրանի արձագանքը չուշացավ։ Իրանը հայտարարեց, որ «հարձակման հետևանքով զոհվել է չորս զինվորական, վնասվել են մի քանի ռադիոտեղորոշիչ համակարգեր, ինչպես նաև զոհվել է մեկ քաղաքացիական անձ»։

Միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը նկատում է, որ այս բոլոր զարգացումներն ուղիղ ազդեցություն ունեն մեր տարածաշրջանի վրա՝ չնայած այն բանի, որ Իրանն ու Ադրբեջանն են նաև այս պահին համատեղ զորավարժություններ անցկացնում Կասպից ծովում։

«Հետևաբար, Մերձավոր Արևելքում իրադարձությունների զարգացմանը մենք ոչ միայն պետք է համակ ուշադրությամբ հետևենք, այլև մեզ համար էականը այն է, որ միջազգային հանրությունը կարողանա զսպել Իսրայելին, ով այսօր նմանվում է խելահեղ ինչ-որ գործընթաց վարող պետության՝ միաժամանակ պատերազմ սկսելով բոլորի դեմ և՛ Սիրիայի դեմ, և՛ Լիբանանի դեմ, և՛ Եմենի դեմ, և՛ Իրաքի դեմ և այլն։ Հետո նրանք էլ իրենց հերթին են Իսրայելին հարված հասցնում։ Բնական է, որ այս ամենը լավ ավարտ չի ունենալու։ Իսրայելի կողմից Իրանին հարվածելու պարագայում, մեծ հավանականությամբ, Ադրբեջանն է մտնելու խաղի մեջ և Ադրբեջանի տարածքից՝ իսրայելական բազաներից էլ է սկսվելու ռմբակոծվել Իրանը։ Հետևաբար մեր տարածաշրջանը ներքաշվում է շատ մեծ պատերազմի մեջ, և այստեղ Ադրբեջանը և Թուրքիան, օգտվելով այդ առիթից, ցամաքային օպերացիա կսկսեն հենց Հայաստանի դեմ՝ 2 կողմից կտրելով և՛ Սյունիքը, և իրենց համար հետաքրքիր մյուս հատվածները»։

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանը շեշտել է, որ Թեհրանը պատրաստ է գնալ ցանկացած քայլի՝ իր անվտանգության ու պաշտպանական համակարգի պահպանման համար։

«Նրանք լավ գիտեն, որ Իրանի Իսլամական Հանրապետության դեմ ցանկացած սխալի դեպքում կոշտ և վճռական պատասխան կստանան։ Այնուամենայնիվ, եթե նրանք վերանայեն իրենց պահվածքը, ընդունեն հրադադարը և դադարեցնեն անմեղ մարդկանց սպանությունը տարածաշրջանում, դա կարող է ազդել մեր արձագանքի բնույթի և ինտենսիվության վրա»,- վստահեցրել է Իրանի նախագահը։

Այս լարվածության ֆոնին նկատելիորեն ընդգծվում է նաև Իսրայելի ներքին հակասությունների կարևորությունը։ Իրավիճակի վերաբերյալ գնահատականներով են հանդես եկել Իսրայելի նախկին երկու վարչապետները։ Մասնավորապես, Իսրայելի նախկին վարչապետ Իհուդ Օլմերթը CNN-ի հետ զրույցում ասել է.

«Մեր թշնամին արմատական հրեաներն են ու Նեթանյահուի կառավարությունը, ովքեր ուզում են պաղեստինցիների տարածքները գրավել ու կցել Իսրայելին»։

Մյուս կողմից՝ Իսրայելի նախկին վարչապետ Էհուդ Բարաքն էլ եբրայալեզու հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է՝ «Ալ-Աքսայի փոթորիկ» գործողությունը ոչնչացրեց Իսրայելի անպարտելիության պատրանքը, և դա ոգեշնչել է մուսուլմաններին ամբողջ աշխարհում։

«Պատկերացրեք, որ մեկ միլիոն մարդ երթով շարժվում է դեպի Իսրայել՝ կրելով միայն պարզ զենքեր և նույնիսկ դանակներ. ի՞նչ կլինի»։

Իրանը հաստատել է, որ «Ազնիվ խոստում-3» գործողությունը իրականացվելու է դիմադրության ուժերի աջակցությամբ, ինչպես նշել է ԻՀՊԿ-ի հրամանատար, գեներալ Քոսարին։

Այս ընթացքում, ԱՄՆ-ն վերահաստատել է Իրանի դեմ պատժամիջոցների երկարաձգումը՝ հայտարարելով, որ հարաբերությունները դեռևս կարգավորված չեն և արտակարգ դրությունը շարունակվում է։

Այս իրավիճակում Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը էլ նշել է՝ Իսրայելի հիմնական նպատակն է պաղեստինցիներին Գազայից արտաքսել Եգիպտոս և Հորդանան գետի Արևմտյան ափից՝ Հորդանան։

Իսրայելի ագրեսիվ գործողությունները տարածաշրջանում կարող են ակտիվանալ ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո. Իսրայելը կարող է փորձել ոչնչացնել Իրանի միջուկային ներուժը-այս մասին Hurriyet թերթին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի արտգործնախարարը։

Ուշագրավ է, որ Անկարան ՄԱԿ-ին նամակ է ներկայացրել, որով կոչ է անում զենքի էմբարգո սահմանել Իսրայելի դեմ։ Թուրքիան դա հիմնավորել է՝ Իսրայելի գործողությունները որպես գլոբալ սպառնալիք դիտարկելով։

Միջազգայնագետ Գրիգոր Բալասանյան. «Եթե միջազգային հանրությունը չկանգնեցրեց Իսրայելին, և եթե պաղեստինցիների հարցը, պաղեստինցիների ցեղասպանությունը Իսրայելը չդադարեցրեց, դա ուղղակիորեն մեր տարածաշրջանի վրա ունենալու է լուրջ ազդեցություն։ Ես կարծում եմ՝ մեր համար առավելագույնը պետք է լինի, որ մեր տարածաշրջանի, մեր բարեկամ պետության՝ Իրանի հետ մեր հարաբերությունները չփչացնենք, տուրք չտանք միջազգային ինչ-որ գործընկերների, կազմակերպությունների հորդորներին՝ փակել սահմանը Իրանի հետ, սահմանափակել իրանցիների մուտքը Հայաստան, տնտեսական հարաբերություններ չունենալ, և՛ այլն, և՛ այլն։ Ընդհակառակը՝ Իրանի հետ ամրապնդել հարաբերությունները, որովհետև մյուս կողմը՝ Իսրայելը, Հայաստանի նկատմամբ թշնամական քաղաքականություն է վարում, նրանք չեն էլ թաքցնում, որ 24/7 ռեժիմով զինում են Ադրբեջանին, որ մեր դեմ նաև իրենց մասնագետներն են կռվել և՛ քառօրյային, և՛ 44-օրյայի ժամանակ։ Դրա համար էլ՝ Իսրայելի և Իրանի միջև հարաբերություններում ընտրություն կատարելիս, բնական է, որ մենք պետք է կատարենք հօգուտ մեր բարեկամ Իրանի»։

ԱՄՆ նախագահի թեկնածուներն էլ իրենց վերջին ելույթներում անդրադարձել են թեմային։ Քամալա Հարիսը խոստացել է իր ընտրվելու դեպքում անել ամեն ինչ, որ «Մերձավոր Արևելքում պատերազմն ավարտվի ու պատանդները տուն վերադառնան», իսկ Դոնալդ Թրամփն էլ շեշտել է, որ եթե ինքը ընտրվի, վերջ կդնի Ուկրաինական պատերազմին, կկանգնեցնի քաոսը Մերձավոր Արևելքում ու կկանխի Երրորդ համաշխարհային պատերազմը։  

Կարդացեք նաև

Back to top button