Հասարակություն

Հայաստանը թրաֆիքինգի դեմ առավել հաջող պայքար ծավալող 31 երկրներից մեկն է

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի որոշմամբ հուլիսի 30-ը նշվում է թրաֆիքինգի դեմ պայքարի համաշխարհային օրը: Ըստ ԱՄՆ Պետքարտուղարության տարեկան զեկույցի, մեր երկիրը երկրորդ տարին անընդմեջ համարվում է թրաֆիքինգի դեմ առավել հաջող պայքար ծավալող 31 երկրներից մեկը: Հատկանշական է, որ Հայաստանն այս խմբում միակն, ինչպես մեր տարածաշրջանի, այնպես էլ ԱՊՀ երկրներից:

Թրաֆիքինգի դեմ պայքարի գործում մեր երկրի արձանագրած հաջող փորձի վերջին տարիների վիճակագրական տվյալները ներկայացրեց ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, փոխգնդապետ Ռոբերտ Գրիգորյանը:

«2012-2014թ. թրաֆիկինգի հատկանիշներով հարուցվել են 31 քրեական գործեր, այդ գործերով հայտնաբերվել և տուժող են ճանաչվել 39 անձինք, որոնցից 28-ը եղել են կանայք, իսկ 14-ը հանցագործության կատարման ժամանակ եղել են անչափահասներ»:

Ըստ պաշտոնյայի, Հայաստանը համարվում է թրաֆիքինգի սկզբանաղբյուր երկիր, թեպետ վերջին տարիներին արձանագրվել են ներքին թրաֆիքինգի, ինչպես նաև այլ երկրներից մարդկանց ապօրինի տարանցիկ տեղափոխման դեպքեր: Միայն ընթացիկ տարվա առաջին կիսամյակի ընթացքում հարուցված 5 գործերից 3-ը` վերաբերել են կանանց պոռնկության շահագործմանը, մեկը մեր երկրում անչափահասների շահագործմանը` մուրացկանության մեջ ներգրավելու միջոցով, մյուսը` ՌԴ-ում աշխատանքային շահագործմանը:

Պոռնկության շահագործման 3 գործերից մեկը ներքին թրաֆիքինգի կամ շահագործման դեպք է, շահագործումն իրականացվել է Արաբական Միացյալ Էմիրաթներում եւ Թուրքիայում: Նշված գործերով հայտնաբերվել և տուժող է ճանաչվել` 6 զոհ, որոնցից 5-ը` կանայք, 1` հանցագործության կատարման ընթացքում եղել է անչափահաս: Փոխգնդապետ Գրիգորյանը նշեց, որ տարեց տարի դեպքերի թիվը նվազում է, ինչը բացատրվում է ազգաբնակչության իրազեկվածության բարձր մակարդակով:

Թրաֆիքինգի զոհեր ասելով փոխգնդապետը նկատի ունի տուժածներին, այլ ոչ թե զոհված անձանց: Դեռևս այս իմաստով, փառք Աստծո, մեզանում զոհեր չեն արձանագրվել:
Թրաֆիքինգի դեմ պայքարը մեր երկրում համակարգվում է կառավարական խորհրդի կողմից՝ փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գխավորությամբ: Խորհդին կից գործող միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար, դեսպան Վահրամ Կաժոյանը հայտնեց, որ արդեն իրագործվում է Գործողությունների չորրորդ եռամյա ծրագիրը և կատարում է միջազագային պարտավորոոթյունների պահանջները:

Պարոն Կաժոյանը կարևորեց նաև հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների մասնակցության դերը թրաֆիքինգի դեմ արդյունավետ պայքար ծավալելու գործում: Թրաֆիքինգի դեմ պայքարը ներկայացված է և հատուկ կայքում www.antitrafficking.am հասցեով, նշեց “Աուդիովիզուալ լրագրողների ասոցիացիա” ՀԿ-ի նախագահ Արզուման Հարությունյանը:

Անդրադարձավ օրվա խորհրդին, ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն նշեց, որ թրաֆիկինգի դեմ պայքարի համաշխարհային օրը նշվում է առաջին անգամ:
Պարոն Բուզետտոն բարձր գնահատեց այս ոլորտում Հայաստանի ձեռնարկած բազմակողմանի և համալիր քայլերը, ինչի շնորհիվ երկիրը երկրորդ տարին շարունակ համարվում է թրաֆիկինգի դեմ առավել հաջող պայքար ծավալող երկրներից մեկը:

Կարդացեք նաև

Back to top button