ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

«Հռոմի ստատուտ» և միջազգային դատարաններ․ արդյո՞ք միջազգային իրավունքը կարող է խոչընդոտել խաղաղությանը

Տևական ժամանակ է, ինչ Հայաստանի իշխանությունը չի բացահայտում խաղաղության պայմանագրի շրջանակներում Ադրբեջանի հետ կիսահամաձայնեցված մի քանի և չհամաձայնեցված մեկ կետի բովանդակությունը։ Բանակցությունների ընթացքում մի քանի սկզբունքային կետեր արդեն դուրս են մնացել պայմանագրից և կարգավորվում են առանձին գործընթացներով։ Այժմ իշխանության տարբեր հայտարարություններից և գործողություններից ելնելով ընդդիմությունը բարձրացնում է նոր մտավախություն, այն է՝ ո՞ր հարցին կարող է առնչվել կողմերի անհամաձայնությունը։

Հայաստանում ընդդիմությունը մտավախություն ունի, որ Ադրբեջանի հետ մշակվող խաղաղության պայմանագրի շրջանակներում քննարկվում է միջազգային դատարաններից Ադրբեջանի դեմ հայցերի հետկանչի հարցը։ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Աննա Գրիգորյանը ենթադրում է, որ հարցը կարող էր քննարկման առարկա դառնալ նաև վերջերս Միացյալ Նահանգներում արտգործնախարարների հանդիպմնան ժամանակ։

«Միջազգային դատարաններից հայցի հետ քաշումը Հայաստանի Հանրապետության համար, հայ ժողովրդի համար էական նշանակություն ունի, որովհետև հիմնավոր փաստեր կան, որով մենք իսկապես կարող ենք պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին և իր ռազմաքաղաքական էլիտան: Սա նյուանսային հարց չէ, թեթև հարց չէ, ինչ-որ ձևակերպում չէ, սա սկզբունքային հարց է»։

Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի 4 միջպետական գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ, ևս մեկ գանգատ էլ ընդդեմ Ադրբեջանի քննվում է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում: Եվրոպական դատարանում առաջին գանգատը վերաբերում է 44-օրյա պատերազմին և դրանից անմիջապես հետո եղած խախտումներին, երկրորդը՝ տարբեր փուլերում գերեվարված մարդկանց դատավարություններին և ապօրինի բանտարկության հարցերին, երրորդը՝ Հայաստանի սուվերեն տարածքում ադրբեջանցիների զինված ստորաբաժանումների ներկայությանը և դրա հետևանքով մարդու իրավունքների խախտումներին, իսկ չորրորդ գանգատը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի տարածքում տեղի ունեցած բոլոր խախտումներին։ Այն  ներառում է նաև 2023 թվականի սեպտեմբերի արցախահայերի բռնի տեղահանության փուլը:

Պաշտոնական Երևան, ըստ էության, չի հերքում, որ Ադրբեջանի հետ բանակցվող փաստաթղթում Արցախի ժողովրդի վերադարձին, իրավունքներին և անվտանգությանն առնչվող դրույթ չկա: Սրան զուգահեռ՝ իշխանության ներկայացուցիչները շեշտում են, որ լուծման ճանապարհը միջազգային ատյաններ ներկայացված հայցերն են:

Հայցերից հրաժարվելու մասին խոսակցություններն ու մտավախությունները նոր չեն։ Դեռ այս տարվա փետրվարի 27-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ Հայաստանը հետ կվերցնի Ադրբեջանի դեմ ներկայացված հայցերը, եթե Ադրբեջանը հետ վերցնի իր հայցերը։ Թեև այս հայտարարությունից հետո Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչությունից պարբերաբար հայտարարել են, որ ընդդեմ Ադրբեջանի ներկայացված միջպետական գանգատներից հրաժարվելու որոշում չկա, նույն կերպ միանշանակ չէ, օրինակ, Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պատասխանն այս հարցի առնչությամբ։

 «Դուք ասում եք բաներ, որոնք պիտի շարունակեն կամ թեժացնեն կոնֆլիկտը դիրքորոշումների: Տևական ժամանակ է՝ արդեն խոսում ենք կարգավորման մասին: Եթե այդ կարգավորման գործընթացում մենք և Ադրբեջանը, մենք կանենք այս գործողությունը, նրանք կանեն այն գործողությունը, օրինակ, նրանք ազատ են արձակում 32 գերիների, մենք կաջակցենք COP–ի անցկացմանը Բաքվում: Ավելի փոքր, ավելի մեծ տարբեր բաներ, որոնք կարող են ամբողջականացնել կամ թույլ տալ, որ հարաբերություններն Ադրբեջանի հետ կկարգավորվեն՝ բառի լայն, ճիշտ, ամբողջական իմաստով, ապա մենք կդիտարկենք այդ տարբեր գործողությունների փոխարդարձ ընդունելիությունը։ Մենք մեր կողմից կդիտարկենք, հուսով եմ՝ Ադրբեջանն էլ իր կողմից կդիտարկի։ Հուսով եմ՝ մոտիվացիան էլ նույնն է՝ կարգավորել։ Ամեն ինչ, ինչ որ խոսում ենք՝ առանձին հարցեր, ենթահարցեր, պետք է այս պրիզմայով նայել»։

Մեկ այլ հարց է 2023–ին «Հռոմի ստատուտին» միանալու որոշման հիմնավորումներն ու այդ փաստաթղթի կիրառելիությունը Հայաստանի կողմից։ Այն ժամանակ, երբ Հայաստանը այդ որոշումը կայացրեց, ներկայացվում էր, որ դա կարող է դառնալ Հայաստանի անվտանգային ճարտարապետության մաս և անհրաժեշտ է, որ Միջազգային քրեական դատարանում բարձրացվի 2021–22 թթ–ին Հայաստանի և նրա ժողովրդի դեմ Ադրբեջանի ագրեսիայի և ռազմական հանցագործությունների հարցը։

Օրեր առաջ, երբ արտգործնախարարը Աժ–ում էր, նրա և իշխանական պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Մարիա Կարապետյանի երկխոսությունից պարզ դարձավ, որ նաև «Հռոմի ստատուտի» տված հնարավորությունները միշտ չէ, որ համընկնում են «խաղաղության օրակարգի» հետ։ Իր անձնակա՞ն, թե իշխանական թիմի կարծիքն էր փոխանցում Կարապետյանը՝ հայտնի չէ, բայց առաջարկում էր․

 ««Հռոմի ստատուտի» պարագայում պարզապես, քանի որ տրամաբանությունը այն էր, որ դա Հայաստանի պաշտպանությունն է ուժեղացնում, կան նաև կոնվենցիաներ, որոնց Հայաստանի չվավերացնելը կամ չմիանալը պայմանավորված է եղել նախկինում հարևանների հետ կամ հարևանի հետ չկարգավորված հարաբերություններ ունենալով, և այժմ խաղաղության օրակարգի լույսի ներքո, արդեն «Հռոմի ստատուսից» կարծես թե հակադիր տրամաբանությամբ, գուցե անհրաժեշտ է նաև դիտարկել սրանց միանալու, սրանց վավերացնելու հարցը»։

Փաստերը վկայում են, որ «Հռոմի ստատուտ»–ը վավերացնելուց հետո Հայաստանը Միջազգային քրեական դատարան Ադրբեջանի դեմ ոչ մի գանգատ դեռ չի ներկայացրել։

Միազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից պարզաբանում են, որ «ՀՀ կառավարությունը ներկայումս գտնվում է Հռոմի կանոնադրության վավերացումից բխող անհրաժեշտ միջոցառումերի իրականացման փուլում։ Ներկայումս իրականացվում են Միջազգային քրեական դատարանի հետ Հայաստանի Հանրապետության համագործակցության մասին օրենքի նախագծի մշակման աշխատանքներ»։

Ըստ պաշտոնական պարզաբանումների՝ նշված օրենքի առկայությունն անհրաժեշտ նախապայման է Միջազգային քրեական դատարանի հետ լիարժեք համագործակցություն ապահովելու, այդ թվում՝ դատարանի իրավասության վերաբերող իրավիճակները ներկայացնելու համար։

Կարդացեք նաև

Back to top button