ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Խանջյանում նշում են գյուղի տոնը

Արմավիր համայնքի Խանջյան գյուղը հիմնականում բնակեցված է սասունցիներով: 1958-59 թթ-ին Թալինի Պարտիզակ գյուղը տեղահանվել ու բնակեցվել է Խանջյանում: Նրանք գյուղի տոնը նշում են գյուղատնտեսական տարվա ավարտին, երբ դաշտերի ու այգիների աշխատանքներն ավարտել են ու ազատ ժամանակ ունեն: Սասունցիներն առանձնանում են իրենց մշակույնթով ու ավանդույթներով:  

Աշնան վերջին ամիսն ամենահարմար ժամանակն է գյուղի տոնը նշելու համար: Դաշտերում ու այգիներում աշխատանքներն ավարտել են ու գյուղի կենտրոնում հավաքվել են խանջյանցիները՝ գյուղի տոնն են նշում: Տեղացիները հիմնականում սասունցիներ են՝ 65-66 տարի առաջ Թալինի Պարտիզակ գյուղից են այստեղ տեղափոխվել.

«1959թ-ին ամբողջ գյուղը տեղափոխվել է այստեղ, այնտեղ հարմար չէր ապրելու համար: Այստեղ այգեգործությամբ ենք զբաղվում: 1 հա ծիրանի ու դեղձի այգիներ ունեմ, համեմատաբար քիչ է, բայց գոհ ենք, իրացրեցինք: Գները ցածր էին ու չէր արդարացնում, բայց ինչ արած, կարևորը իրացնելն է»:

«Խանջյանցիները հողագործությամբ են զբաղվում՝ ծիրան, դեղձ, սալոր են մշակում: Այստեղ բոստան-բանջարանոցային մշակաբույսեր չեն կարողանում մշակել: Դա է մեր գյուղի գործն ու լավ ժողովուրդ են. լավ աշխատում են, լավ ստանում են»:

Խաղող էլ են մշակում, իսկ անասնապահությամբ քչերն են զբաղվում: Գյուղի տոնը լավ առիթ էր, որ ծանոթ-բարեկամները հանդիպեն, մտքեր փոխանակեն և հիշողությունները թարմացնեն:

-Վա՜յ, Ավագ, Ավագ, ես մեռնիմ քըզի:

-Հասմիկի ընկերներն են:

-Ա՜խ, ա՜խ ախպեր, դու իմ ախպերն իս: Ավագ, իմալ իս, քու հարսներն իմալ ին:

-Լավ եմ, հարսները՝ գեր-գերազանց:

Հրանուշ տատիկը բոլորել է 90 տարին, իր մանկության ընկերուհու՝ Եղսիկի հետ էր եկել: Խանջյանում նույնպես հարևաններ են, ասում են՝ քրոջ պես են միշտ եղել: Խանջյանում իրենց ունեցած ավանդի համար Հրանուշ Մանուկյանին ու Եղսիկ Սարգսյանին պատվոգիր էր հանձնել Արմավիրի համայնքապետը:

«Այստեղ սովխոզում ենք աշխատել իրար հետ: Ի՜նչ գործ ասես արել ենք»

«Քաղհան, այգի ենք թաղել, այգի ենք փորել: Ինչքան մազ կա իմ գլխի վրա, այնքան գործ ենք արել»:  

Իրարից անբաժան կենսախինդ ու աշխույժ տատիկները հիշում են երիտասարդության տարիները: Հրանուշը պատմում է, թե ինչպես են Եղսիկին առևանգել: Պարտիզակում դա առաջին դեպքն էր:

«Ես ու ինքը կթվոր էինք, մեկ էլ տեսնեմ, իջավ, հագավ իմ կոշիկները, հագած-կապած՝ փախավ: Ներքին բազմաբերդցիներն եկան փախցրին ու տարան ուղիղ ձորի ուղղությամբ: Կոշիկի մի զույգն էլ ընկել էր քարերի մեջ: Հետո տեսա, որ բեռնատար ավտոմեքենա է այնտեղ կանգնած»:

Եղսիկն էլ երիտասարդ աղջկա պես կարմրելով վրա բերեց.

«Այդ տղաների հետ միասին էինք սովորում Ներքին Սասնաշենում: Անցել եմ ու հարցրել՝ տղաներ, ոնց եք: Այս մարդիկ էլ ,գիտեն, թե ես իրեն սիրել եմ»:      

Սասունցիներով բնակեցված Խանջյանը ավանդույթներով գյուղ է, ասում են՝ ամեն մի առիթին անպակաս են իրենց ազգագրական երգն ու պարը: Սասունցիներն առանձնանում են իրենց մշակույթով: Խանջյանի տոնին էր միացել նաև սփյուռքահայ Հայկազ Կարախանյանը: Ամերիկայում է ապրում. ասում է՝ եկա ու ժողովրդի վերաբերմունքից սիրահարվեցի գյուղին:

«Արդեն 20-25 տարի ամեն ամառ մենք գալիս ենք Հայաստան, շրջում ենք տարբեր մարզեր ու գյուղեր և մի փոքր օգնություն ենք բերում վիրավոր զինվորներին, զոհվածների ընտանիքներին, ինչպես նաև Արցախից բռնի տեղահանվածների ընտանքիներին»:

Խանջյանցի երեխաները նոր գույներ էին հաղորդում գյուղին: Գեղանկարներում պատկերել են այն, ինչի մասին փորձում են բարձրաձայնել: Հեղինե Սաֆարյանը «Նոր գույներ» մշակութային կենտրոնի սան է.   

«Ես նկարել էի աղջիկ, ով իր ձեռքերում պահել է նուռը և աղավնիներ, որը նշանակում է խաղաղություն: Ես ուզում եմ, որ մեր երկիր Հայաստանը միշտ ունենա խաղաղ երկինք»:

Նվարդ Դավթյան. «Արցախի տատն ու պապն եմ նկարել: Երբ պատերազմը սկսվեց, ես ցանկացա Արցախի խորհրդանիշը նկարել»:

Խանջյանում վերջին տարիներին ենթակառուցվածքային փոփոխություններ կան: Գյուղացիներն են փաստում:

«Փոփոխությունները միանշանակ շատ-շատ են: Հիմա վերանորոգում են մսուր-մանկապարտեզի շենքը, 30 տարի մեր երեխաներին տանում ենք հարևան սովխոզի մանկապարտեզ: Սա մեզ համար շատ մեծ պլյուս է»:

Արմավիրի համայնքապետ Վարշամ Սարգսյանն ասում է, որ Խանջյանի մանկապարտեզի կառուցման համար պահանջվել է 300 մլն դրամ: Աշխատանքներն ընթացքի մեջ են:

«Վերջին երեք տարիների ընթացքում Խանջյանում բազմաթիվ աշխատանքներ են իրականացվել՝ այգու վերանորոգման ու վերակառուցման աշխատանքներ, լուսավորության ցանցն է բավականին ընդլայնվել և ամենակարևորը՝ մանկապարտեզի շինարարությունը, որը մեծ բյուջե ենթադրող ծրագիր է»:

Մանկապարտեզն ունենալու է 3 խումբ՝ 90 երեխայի համար:          

Կարդացեք նաև

Back to top button