ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Գոհ, հույսով, զգուշավոր, հետաքրքրված, աջակից․ հայ-ադրբեջանական շփումների մասին վերջին մեսիջները

Վաշինգտոնն ու Բաքուն գոհ են, Հայաստանը հուսով է, Փարիզն աջակցում է, Պորտուգալիան՝ հետաքրքրվում, Մոսկվան՝ զգուշանում։ Վերաբերմունքի այս դրսևորումները Հայաստան-Ադրբեջան վերջին շփումների և խաղաղության տանող քայլերի առնչությամբ են։ Բայց կան նաև «բայց»-եր․ պաշտոնական Երևանը, որպես վերջին նյուանսներ, խոսում է վերջնականապես չհստակեցված 1-2 կետի մասին՝ առանց մանրամասների, մինչդեռ Բաքուն չի թաքցնում՝ Հայաստանի Սահմանադրության մասով վերապահումներ ունի։  Համադրելով բազմակողմ քաղաքական հայտարարությունները՝ կարելի է եզրակացնել, որ ամենասուր տարակարծությունը հենց այս մասով է։

Վաշինգտոնը գոհ է Հայաստան-Ադրբեջան վերջին  շփումներից և արձանագրած արդյունքներից: ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը X-ի իր միկրոբլոգում գրառմամբ Միացյալ Նահանգների անունից  բարձր է գնահատել սահմանազատման կանոնակարգի վավերացումը: Ամերիկացի դիվանագետը դա դիտարկել է որպես ազդակ, որ կայուն երկխոսության միջոցով առաջընթացը հնարավոր է։ Միլերը շեշտել է, որ ամերիկյան կողմն աջակցում է կողմերի ջանքերին՝ ուղղված կայուն, արժանապատիվ խաղաղությանը` հանուն տարածաշրջանում անվտանգության և բարգավաճման:

Հարաբերությունների կարգավորման ընթացքի մասին գոհունակությամբ են խոսել նաև Բաքվից։  Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը «Խաղաղության պայմանագրի» շուրջ բանակցային գործընթացում նկատած  առաջընթացի մասին խոսել է Միացյալ Թագավորության՝ Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և անդրծովյան տարածքների հարցերով պետնախարար Սթիվեն Դաութիի հետ: Բայց Բայրամովը կրկին խոսել է «բայցերով»՝  հերթական անգամ  ՀՀ Սահմանադրությունը ներկայացնելով որպես խոչընդոտ:

Մինչդեռ Հայաստանի ԱԳ նախարարն օրերս խորհրդարանում հերթական անգամ հայտարարել է, որ Ադրբեջանի պնդումներն այդ թեմայով անհիմն են: Որպես հզոր եւ հստակ ապացույց՝ Արարատ Միրզոյանն ներկայացրել է Սահմանադրական դատարանի որոշումը, որն արձանագրել է, որ Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա սահմանազատումը լիովին համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը: Սա փարատում է բոլոր հնարավոր մտահոգությունները՝ հայտարարել է Միրզոյանը: Իսկ    սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը, որը կողմերն օրերս են վավերացրել, դեռ ուժի մեջ չի մտել՝ շեշտել է Միրզոյանը.

«Առաջիկայում, ըստ էության, կողմերը պաշտոնապես կծանուցեն կանոնակարգի՝ ուժի մեջ մտնելու մասին, որից հետո արդեն 2024 թվականի այս մնացած ժամանակահատվածում և 2025 թվականին մենք, հուսամ, և որևէ բան այս պահին խանգարող ինձ չի թվում, սահմանազատման աշխատանքները կշարունակվեն»:

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցում որդեգրած սկզբունքներին և ընդհանուր գործընթացին աջակցում է նաև Ֆրանսիան: Օրերս դա վերահաստատել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին.

«Մենք աջակից ենք դելիմիտացիայի պրոցեսին, որը երկու երկրների միջև սկսվել է, և դա պետք է տեղի ունենա Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա, որի շուրջ կողմերը համաձայնության են եկել»:

Ֆրանսիայի դեսպանը, սակայն, նաև լուրջ խնդիրներ է արձանագրել սահմանամերձ տարածքներ իր այցելության ժամանակ: Մասնավորապես, նա խոսել է Ներքին Հանդում անվտանգային հիմնահարցերի մասին:

«Ես ընդամենը դիտել եմ և տեսել եմ ինչ կատարվում է: Տարածաշրջանի մի մասը Ադրբեջանի կողմից վերցված է, մենք դա տեսնում ենք, և այդ իրավիճակը բնակիչների համար մեծ դժվարություն է առաջացնում: Իրականում կա վտանգ, երբ կարող են հարվածները նորից սկսվել: Առօրյա խնդիրներ կան, ջրի խնդիրներ ունի բնակչությունը, մարդկային դրամաներ կան․ մարդիկ չեն կարողանում իրենց բարեկամների գերեզմաններ այցելել»:

Որ Հայաստանի տարածքից 200 քառակուսի կիլոմետրից ավելին Ադրբեջանը օկուպացրել է, բազմիցս հաստատել է նաև Հայաստանի իշխանությունը: Միաժամանակ, պաշտոնական Երևանը հայտարարել է ՝ իր տարածքները ռազմական ճանապարհով վերադարձնելու նպատակ չի դրել: Տարածքային ամբողջականությունը վերականգնելու հարցում Հայաստանը մեծ հույսեր է կապում հենց սահմանազատման գործընթացի հետ, որի հիմքում՝ Կանոնակարգի մեջ,  արդեն հղումներ կան Ալմա Աթայի հռչակագրին, այսինքն՝ այն սահմաններին, որով կողմերն անկախություն են ստացել Խորհրդային Միության փլուզումից հետո: 

Այս առումով Հայաստանի որդեգրած ռազմավարության մասին արտգործնախարար Միրզոյանը պարզ հայտարարում է.

«Հայաստանի բոլոր քաղաքացիները կարող են իրենց թույլ տալ դատողություններ անել և պահանջներ ներկայացնել՝ ելնելով շատ զգայական, օբյեկտիվ, ցավալի տարբեր բաներից և պատկերացումներից: Իհարկե, դուք դրա իրավունքը ունեք: Ես, որպես ՀՀ ԱԳ նախարար, կարող եմ այդ զգացողությունները ևս ունենալ և վստահաբար ունեմ շատ դեպքերում, բայց իմ պարտականությունն է այնպես անել, որ ՀՀ քաղաքացիները ապրեն անվտանգ ՀՀ 29 743 կիլոմետր քառակուսի ինքնիշխան և ապահով տարածքում: Ես իմ որևէ նախադասություն, որևէ քայլ, որևէ հրահանգ, որը ես կտամ իմ ենթականերին, որևէ ուղերձ, որը ես կտամ իմ միջազգային գործընկերներին, բխեցնում եմ միմիայն և բացառապես այդ պատկերացումից և պարտականությունից»:

Խաղաղության օրակարգի և սահմանազատման գործընթացի շուրջ միջազգային հանրությունից, ավելի կոնկրետ՝ Արևմուտքից ստացվող գոհունակությանը  զուգահեռ կա նաև պաշտոնական Մոսկվայի հայտարարությունը: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը եվրասիական անվտանգության հարցերով Մինսկի երկրորդ միջազգային համաժողովում հայտարարել է, որ Արևմուտքը համառորեն պարտադրում է իր ծառայությունները Հարավային Կովկասում՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում։

Հենց Մոսկվայում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանն էլ  «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը՝ իր նպատակներով և տարածաշրջանային նշանակությամբ ներկայացրել է Պորտուգալիայի դեսպանին: Սա ուշագրավ է Հայաստանի արտգործնախարարի այն հայտարարության համատեքստում, որ միջազգային հանրության և խոշոր կենտրոնների կողմից նկատելիորեն ավելացել է հետաքրքրությունը խաղաղության հասնելու հայկական տարբերակի հանդեպ։  

Կարդացեք նաև

Back to top button