
Այսօր ԱԺ արտահերթ նիստում հատուկ ընթացակարգով քննարկվել և ընդունվել է Պաշտպանության նախարարության և պատգամավորների համատեղ նախաձեռնությունը՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին փաթեթը։ Փաթեթով առաջարկվում է կենսաթոշակի անցած, սակայն դեռևս գործունակ զինվորականներին կոնկրետ զորամասերում ծառայության վերադառնալու հնարավորություն տալ՝ պահպանելով կենսաթոշակը և միաժամանակ ստանալով աշխատավարձ։ Առաջարկի հիմնական նպատակը միջին և ցածր օղակներում առկա կադրային բացերը լրացնելն է։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, հիմնական զեկուցող Արմեն Խաչատրյանն ասաց, որ նախաձեռնությունը հնարավորություն կտա զինվորական կենսաթոշակ ստացողներին՝ պայմանագրային հիմունքներով ծառայության վերադառնալու, առանց կենսաթոշակից զրկվելու, ինչը կնպաստի զորամասերի սպայական կազմի համալրմանը.
«Փաթեթի ընդունումը պայմանավորված է ՀՀ զինված ուժերի որոշակի զորամասերում պայմանագրային զինվորական ծառայության գրավչությունն ու շահագրգռվածությունը բարձրացնելու նպատակով զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողների համար այդ զորամասերում պայմանագրային զինվորական ծառայության անցնելու դեպքում նշանակված զինվորական կենսաթոշակի իրավունքը չդադարեցնելու անհրաժեշտությամբ։ Նման կարգավորման նպատակն է առաջին հերթին ապահովել միջին և ցածր օղակների զինվորական պաշտոնների համալրման գործընթացը»։

Պաշտպանության նախարարի հրամանով կընտրվի այն զորամասերի ցանկը, որտեղ ծառայության անցնելիս թոշակառու զինվորականները կարող են նշանակվել ոչ ավելի, քան փոխգնդապետի կոչումով։ Արմեն Խաչատրյանը նշում է, որ օրենքը հատկապես նպատակ ունի լուծել կադրային հրատապ խնդիրները: Ընտրությունը կատարվելու է տարածաշրջանային վերլուծության հիման վրա՝ ձևավորելով սպայական կազմը անհրաժեշտ օղակներում՝ պարզաբանեց հարակից զեկուցող, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
«Գտնում ենք, որ առաջարկվող կարգավորումները կնպաստեն որոշակի զորամասերում՝ սահմանամերձ, հատուկ կարևորություն ունեցող ուղղությունների, միջին և ցածր օղակների զինվորական պաշտոնների համալրման գործընթացին»։
Պաշտպանության նախարարությունը նպատակ ունի համալրել մարտական խնդիր կատարող զորամասերը փորձառու, սակայն արդեն թոշակի անցած զինծառայողներով՝ հիմնականում միջին օղակի պաշտոններում: Այս անձանց հնարավորություն է տրվում վերադառնալ ծառայության՝ պահպանելով կենսաթոշակը և զուգահեռ ստանալով աշխատավարձ:

Նախաձեռնությանը կողմ է նաև խորհրդարանական ընդդիմությունը։ Այս առումով բացառիկ նախագծերից է՝ արձանագրում է խորհրդարանական ընդդիմությունը։
«Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյան. «Իրավիճակը զինված ուժերում, հատկապես՝ համալրման հետ կապված, մենք այնպիսի կետի ենք հասել, որի պայմաններում միայն մեկ կետով կամ մեկ նախագծով որևէ կտրուկ, բեկումնային փոփոխություն չենք կարող անել։ Առանց ամբողջական և համախումբ գործողությունների բեկումնային փոփոխությունների հնարավորություն չկա ուղղակի իրականացնելու։ Կոնկրետ այս նախագծի հետ կապված՝ մեր խմբակցությունը «կողմ» է քվեարկելու»։
«Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանն էլ, ողջունելով գաղափարը, համակարծություն հայտնեց, որ այն հնարավոր կդարձնի մասնագետների վերադարձը։ Սակայն, միաժամանակ, ընդդիմադիր պատգամավորը համոզմունք հայտնեց, որ բանակի գրավչությունը պետք է բարձրացվի համապարփակ ծրագրերի միջոցով՝ ոչ միայն նյութական աջակցությամբ։

«Կողմ ենք, որովհետև կարևոր ենք համարել, բայց գրավչության բարձրացումը համալիր ծրագիր է։ Մի շարք նախաձեռնություններ ունեցել է պաշտպանության նախարարությունը, որոնց միշտ կողմ ենք եղել։ Բայց կրկնում եմ՝ համալիր ծրագիր է՝ հանրային գիտակցության փոփոխությունը, հանրային քարոզչությունը, հասարակության մոտ մոտեցումների տարբերությունը, իսկ փոխարենը մենք ունե՞նք այդ գրավչության բարձրացումը։ Կա՞ այդ համալիր ծրագիրը, միանշանակ՝ ոչ»։
Նախարար Պապիկյանը գոհ է ընդդիմության կառուցողական մոտեցումից ու շահագրգիռ քննարկումից։ Կարծում է, որ ընդդիմությունից հնչած որոշ առաջարկներ քննարկելի են, բայց, նրա խոսքով, քննադատությունը բարձրաձայնելիս պետք է հաշվի առնել նաև իրավիճակն ու դրանք իրականացնել երկրի անվտանգության շրջանակներում։ Օրենքի նախագիծն ԱԺ-ում ստացավ միաձայն աջակցություն՝ 88 կողմ ձայնով։




