Փարաքարում կառուցվում է տարածաշրջանում եզակի ուսումնական հաստատություն՝ Հայաստանի ստեղծարար տեխնոլոգիաների քոլեջը
Արմավիրի մարզի միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները շուտով կհամալրվեն ևս մեկով, որը տարածաշրջանում միակը կլինի: Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի հիման վրա Փարաքարում կառուցվում է Հայաստանի ստեղծարար տոխնոլոգիաների քոլեջը, որն ունենալու է պետական արտոնագիր: Քոլեջի շինարարությունը նախատեսվում է ավարտել հաջորդ տարվա մայիսին:
1937թ-ին կառուցված Փարաքարի հիմնական դպրոցի շենքը վթարայնության պատճառով հիմնովին քանդվել է և փոխարենը կառուցվում ժամանակի պահանջներին համահունչ միջին մասնագիտական նոր ուսումնական հաստատություն՝ Հայաստանի ստեղծարար տեխնոլոգիաների քոլեջը: Կրթօջախի կառավարումն իրակականացնելու է «Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» գիտակրթական հիմնադրամը: Քոլեջում ՏՏ ոլորտի վերաբերյալ հիմնարար գիտելիքներ կստանան հիմնական դպրոցի շրջանավարտները՝ ասում է Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանը:
«Մեր քոլեջն ունենալու է 3 բաժին՝ թվային արվեստ, համակարգչային գիտություն, ինժեներություն ու արտադրություն: Քոլեջի զրո հարկում մեծ անգար է՝ արտադրական տարածք: Ամեն շաբաթ, կիրակի հանրապետության բոլոր մարզերից երիտասարդներ են գալու՝ միասին աշխատելու ստեղծվող արտադրանքի վրա»:
Այսինքն՝ քոլեջը սովորողներին հնարավորություն է տալու ստեղծագործ միտքը զուգորդել գործնական աշխատանքով և ստանալ վերջնական արտադրանքը: Այս աշխատաոճն են որդեգրել Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի սաները։ Նրանց ստեղծած «Վիկտորիա» նավը հաջորդ տարի կփորձարկեն Սևանա լճում: Սաների առաջարկած նախագծերը կկիրառվեն նաև քոլեջի ենթակառուցվածքներում, որտեղ բացառվելու է մարդու գործոնը.
«Մեր քոլեջը ոչ միայն իր ծրագրերով ու կրթական ուղղություններով է նորարար, այլև ամբողջ ենթակառուցվածքով: Մենք այնպես ենք անում, որ երիտասարդներն ունենան վարքագծային փոփոխություն: Մեր ինժեներներն արդեն գրում են ավտոմատացված համակարգ էլեկտրական սարքերի կառավարման համար: Դրանք բոլորը լինելու են մեր ծրագրերի միջոցով: Այսինքն՝ երբ հյուրը գա, ինքը կարող է փորձարկել մեր ուսանողների ստեղծած լուծումները»:
Կրթական ծրագրերը մշակելիս առաջնորդվել են ամերիկյան հայտնի տեխնոլոգիական բուհերի ծրագրերով: Ամալյա Եղոյանն ասում է, որ լավագույն ուսանողները ցանկության դեպքում կարող են հետագայում սովորել այդ բուհերում:
«Նպատակ ունենք, որ մեզ մոտ եկած ուսանողները որոշ ուղղություններով ունենան նաև երկակի ավարտական դիպլոմ, որն անցողիկ համարվի Հայաստանից դուրս, հատկապես՝ ԱՄՆ-ում»:
Համագործակցությունը ձեռք է բերվել Էկոնոմիկայի նախարարության կազմակերպած «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» ծրագրի շրջանակում:
«Տեխասի ու Չիկագոյի կառավարության ներկայացուցիչների հետ ենք խոսել այս թեմայով: Մարտին նախատեսվում է այց, որպեսզի իրենց տեղական կառավարության միջոցով մենք համալսարանների հետ հուշագիր ունենանք և քոլեջը դարձնենք ամերիկյան միջազգային բուհերի և քոլեջների ցանցի անդամ»:
Մինչև Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը կառավարման ծրագրերն է մշակում Փարաքարում շենքի կառուցումը շարունակվում է: Աշխատանքների հիմնական մասն ավարտվել է՝ ասում է աշխղեկ Սերոբ Քանդերչյանը:
«Երկրորդ հարկում հատակի հարթեցման աշխատանքներն արդեն ավարտել են, սալիկապատվելու է: Սա կինոդահլիճն է, տանիքը ծածկ չի ունենալու և դրա համար թեքություններ են տրվել: Այստեղ խողովակներ են դրվելու, ջուրը հեռացվելու է պոմպի միջոցով, որտեղից էլ կոռոգվի տարածքը»:
Սենյակները լուսավոր են, ապակեպատ, բնական լուսվորություն կա նաև նկուղային հարկում, որտեղ աշխատարաններն են՝ առանձին լոգասենյակներով ու սանհանգույցներով: Արտադրամասի մուտքը հարմարեցված է բեռնատարների համար: Շենքի բոլոր մուտքերը թեքահարթակներով են, վերելակը բարձրանում է մինչև տանիք:
Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանն ասում է, որ կառույցը մասնավորի, համայնքի ու պետության հանագործակցության արդունք է, որի շինարարկան աշխատանքները կավարտվեն 2025թ երկրորդ կեսին:
Կրթօջախի կառուցման գործում մեծ ներդրում ունեն նաև բարերարները։ Հիմնական հովանավորը պոլսահայ Աիդա և Նշան Կարայաններն են: