ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Հին Գորիս այցելողների թիվը կավելանա․ սուբվենցիոն ծրագրով նորոգվել է պատմական քաղաք տանող ճանապարհը

Սյունիքի մարզում նշել են Գորիսի օրը։ Համայնք-պետություն համագործակցությամբ նորոգվել է քաղաքի երկու թաղամաս։ Գորիսյան տոնակատարությանը ներկա են եղել Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի պատվիրակությունը, Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ ու լիազոր դեսպանը։

Աշկ ենք պացալ, շափաղ առալ էս ծյորան,
Սեր ենք առալ, շափաղ առալ էս ծյորան,
Սաս սասի տանք, սրտեր պանանք կուրունքվա տըես,
Հազար սրտի խաղ եմ կապալ էս ծյորան:

Ֆրանսիայի Վիեն քաղաքի ղեկավար Թիերի Կովաքսի համար դժվարությամբ են թարգմանում գորիսյան բարբառը, բայց գորիսյան օրերին մասնակցող պաշտոնյան ընդհատում է թարգմանչին՝ կատակելով, որ արդեն հասկանում է բարբառը, իսկ Վիենը շատ նման է քույր քաղաք Գորիսին․

«Գորիսը մոտ 30 տարի է քույր-քաղաքի հետ։ Գորիսը Հայաստանի այն քաղաքն է, որ տոկոսային հարաբերությամբ ֆրանսախոսները շատ են։ Երկու քաղաքները հին պատմություն ունեն, ցանկություն կա պատմամշակութային արժեքները պահելու, խաղաղասեր ժողովուրդ ենք»։

Գորիսի վերակառուցված Վիենի պուրակի վերաբացումից ու Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանի հիշատակի խաչքարին ծաղիկներ դնելուց հետո ֆրանսիացիները մասնակցում են նաև սուբվենցիոն ծրագրերով իրականացված մի քանի կառույցների հանդիսավոր բացմանը։ Պատմական Հին Գորիս տանող ճանապարհը հիմնանորոգվել է։ Նախկին  քարքարոտ ճանապարհը վերափոխվել է ժամանակակից, հարմարավետ մայրուղու։

Հին ճանապարհը դժվարանցանելի էր ու դժվարացնում էր այցելուների հոսքը դեպի յուրահատուկ պատմական վայր՝ ասում է Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը․

«100 տարի առաջ հենց այս նույն վայրում է եղել պատերազմ ու այստեղից մի քանի կմ այն կողմ է Նժդեհը վիրավորվել։ Արցախի դժբախտությունից  և թշնամու կողմից ժամանակավորապես օկուպացնելուց հետո Գորիսի միակ պոտենցիալը զբոսաշրջությունն է, որի ուղղությամբ աշխատանքներ ենք տանում»։

Գորիսեցիների ու հյուրերի հաջորդ կանգառը քաղաքի  ծայրամասային Թումանյան թաղամասն է։ Ասֆալտե ծածկույթը տարիների ընթացքում քայքայվել էր, բնակիչներն անընդհատ դժգոհում էին, որ անհնար է քայլել փողոցներով, ավտոմեքենաները մի կերպ էին հասնում թաղամաս։ Ասֆալտապատում, մայթերի վերանորոգում, նոր մայթերի կառուցում, ջրահեռացման համակարգերի բարելավում, կանաչապատում։ 

Ոչ միայն Գորիսում, այլև մարզի մյուս համայնքներում սուբվենցիոն ծրագրեր են իրականացվում՝ ասում է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը․

«Մարզում աննախադեպ դպրոցաշինության ծրագրեր են իրականացվելու։ 40 կրթահամալիրների կառուցումն ենք մեկնարկել, որն ավելին է քան մարզի ներուժը։ Այստեղ պիտի շատ ինտեսիվ աշխատենք, որպեսզի կարողանանք և՛ որակը ապահովել, և՛ ժամանակը։ Բոլոր ոլորտների վրա ներդրումներ արվում են, չեմ կարծում, որ կլինի որևէ բնակավայր, որ սուբվենցիոն կարևոր ծրագրեր իրականացված չլինեն։ Միջազգային կառույցների ներդրումներով էլ են ծրագրեր իրականացվում»:

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին նույնպես մասնակցում էր տոնակատարություններին։ Գորիս այցելելուց առաջ դեսպանը եղել էր Ներքին Հանդում։

«Այցելել եմ աջակցելու ամբողջ Սյունիքին, այդ թվում՝ Ներքին Հանդին: Ես ընդամենը դիտել եմ, տեսել եմ այն ամենը, ինչ կատարվում է: Այո, Ներքին Հանդի մի մասը Ադրբեջանի կողմից վերցված է, և մենք դա տեսնում ենք: Այդ իրավիճակը բնակիչների համար մեծ դժվարություններ է առաջացնում, անվտանգության զգացողություն կա, կարող են հարվածները նորից սկսել։ Նաև նշեմ, որ մենք աջակից ենք դելիմիտացիայի պրոցեսին, որը երկու երկրների միջև սկսվել է, և դա պետք է տեղի ունենա Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, որի շուրջ կողմերը համաձայնության են եկել»։

Ի դեպ, պատահական չէր Ֆրանսիացիների մեծ պատվիրակության այցը Գորիս։ 2023-ի գարնանը Սյունիքի ու Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի միջև Տաթևում կնքված համագործակցությունը նոր փուլ է մտնում։ Մարզի յուրաքանչյուր համայնք «քույրանալու» գործընթաց է սկսել Օվերնյ-Ռոն-Ալպի քաղաքներից մեկի հետ։ Այս օրերին Սյունիքում են ֆրանսիական քաղաքների պատվիրակությունները, իսկ արդեն նոյեմբերին Ֆրանսիայում՝ Լիոն քաղաքում կայանալիք «Օվերնյ-Ռոն-Ալպ-Հայաստան/Սյունիք» միջոցառման շրջանակում կկնքվեն համագործակցության հուշագրեր համապատասխան զույգ համայնքների միջև։

Կարդացեք նաև

Back to top button