
Անցած 10 ամսում 2488 անձ պաշտոն է ստացել կամ հեռացվել պաշտոնից։ Կոռուպցիայի կանխարգելման հանձաժողովը նույն ժամանակահատվածում 642 վարչական վարույթ է նախաձեռնել, դրանցից 586-ը վերաբերում են օրենքով սահմանված ժամկետում հայտարարագրերը չներկայացնելուն։ ԿԿՀ Հայտարարագրերի վերլուծության վարչության մասնագետ Նարեկ Հովհաննիսյանն ասում է՝ հանրային պաշտոնյաների հայտարարագրերը կոռուպցիոն ռիսկերի զսպման ամենածանրակշիռ մեթոդներից են․
«Հայտարարատու պաշտոնատար անձինք պաշտոնը ստանձնելու օրվանից հետո 30 օրվա ընթացքում պարտավոր են ներկայացնել պաշտոնեական պարտականությունները ստանձնելու հայտարարագիր։ Տվյալները վերաբերում են իրենց գույքին, եկամուտներին»։
Պաշտոնյաները հայտարարագրեր պետք է ներկայացնեն պաշտոնը ստանալուց կամ թողնելուց առնվազն 30 օր հետո, պարտադիր է նաև տարեկան հայտարարագրումը։ Երբեմն հանձնաժողովը պահանջում է նաև իրավիճակային հայտարարագրեր․
«Դրանք վերջին շրջանում են տեղի ունեցել, երբ հայտարարագրերի վերլուծության գործընթաց է իրականացվել, գործարքի 2-րդ կողմ հանդիսացող անձանց վերաբերյալ է ներկայացվում, այսինքն՝ էդ գործարքի կողմ հանդիսացող անձից պահանջում են էդ հայտարարագիրը, որպեսզի տեսնեն՝ արդյոք կարո՞ղ էին էդպիսի գործարք իրականացնել, թե՞ ոչ»։
Պաշտոնյայից բացի, պարտադիր հայտարարատու են նաև նրա ընտանիքի անդամները։ Հովհաննիսյանն ասում է՝ սա կարևոր է հատկապես շահերի բախման դեպքերը քննելու համար։ Պաշտոնյաները երբեմն էլեկտրոնային ծանուցումներից հետո չեն լրացնում հայտարարագրերը՝ պատճառաբանելով, թե տեխնիկական խնդիրներ կան, չեն ստացել ծանուցումները։ Հովհաննիսյանն ասում է՝ երբեմն նույնիսկ ոստիկանության միջոցով են իրազեկում․
«Էս 784 դեպքը վերաբերում է այն անձանց, ովքեր արդեն իսկ պաշտոնեական պարտականությունները դադարեցրել են ու գործատուն, այսպես ասած, էդ պարտականությունը փոխօգնության կարգով չունի։ Փոխօգնության կարգով վերջերս նաև դիմել ենք ոստիկանություն, որ ոստիկանությունը մեզ ապահովի այդ ծանուցումների հանձնումը հայտարարատու պաշտոնատար անձանց, ովքեր դադարեցրել են իրենց պարտականությունները»։
Հայտարարագրերի որոշ դաշտեր պաշտպանված են կառավարության հատուկ որոշումներով և տվյալները հանրային չեն։ Պաշտոնայները հայտարարագրերում փոփոխություններ անելու համար լրացման պահից սկսած՝ 5 օր ժամանակ ունեն, այնուհետև ոչ նրանք, ոչ էլ ԿԿՀ-ի աշխատակիցները չեն կարող խմբագրել հրապարակված տվյալները։ Հովհաննիսյանն ասում է՝ երբեմն մամուլի հրապարակումներից հետո պաշտոնյաները ցանկանում են վերախմբագրել հայտարարագրերը․
«Մինչև չենք ստանում հայտարարված տվյալներում փոփոխություն կատարելու դիմումներ, չի գնում Գլխավոր դատախազություն, չի հարցվում, թե էդ գործի վերաբերյալ արդյոք այդ հայտարարագիրը որևէ քրեական վարույթի շրջանակներում օգտագործվա՞ծ է որպես փաստական տվյալ, թե՞ չէ։ Այն ժամանակ, երբ դատախազությունից պատասխանը գալիս է, այսպես ասած՝ բավարար, որ չի հանդիսանում նյութ որևէ քրեական գործի շրջանակներում և մեր վարչություններում, նոր կարող ենք թույլ տալ»։
Պատշաճ հայտարարագրումը բերում է պաշտոնյայի վարքագծի փոփոխության, իսկ կեղծ կամ ոչ ամբողջական լրացված տվյալները չեն վրիպում ոչ լրագրողների, ոչ էլ հանձնաժողովի մասնագետների աչքից։ Հայտարարագրերի վերլուծության գլխավոր մասնագետ Սեդա Հարությունյան․
«Հայտարարագրերի ստուգման վառ օրինակն է հենց ԶԼՄ հրապարակման հիման վրա իրականացվող հայտարարագրերի ստուգումը, այսինքն՝ էստեղ նաև հաշվի առնենք, որ իրականացվում է կոնկրետ դրվագային ստուգում։ Ոչ թե ամբողջ հայտարարագիրն է ուսումնասիրության առարկա հանդիսանում, այլ կոնկրետ դրվագը, որի մասով ԶԼՄ հրապարակմամբ անհամապատասխանություն է արձանագրված, իսկ վերլուծությունը արդեն իրենից ենթադրում է առավել լայն ուսումնասիրություն։ Եթե համալիր վերլուծություն է իրականացվում, բոլոր տարիների հայտարարագրերը հանդիսանում են ուսումնասիրության առարկա»։

2024-ին նախորդ տարիների համեմատ մեծացել են պատշաճ չհայտարարագրման դեպքերը, նաև շահերի բախման և բարեվարքության կանոններին չհետևելու դեպքերը։ ԿԿՀ-ն հարուցում է վարույթներ հիմնվելով նաև մեդիահրապարակումների վրա։ Հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանն ասում է՝ ավելի խնդրահարույց են շահերի բախման դեպքերը․
«Շատ վարույթներ ունենք իրականացրած հենց շահերի բախումով։ Հիմնական աղբյուրները եղել են մամուլի հրապարակումները։ Նախորդ տարվա համեմատ երևի տասնապատիկ ավել է» ։
Շահերի բախման բոլոր դեպքերի քննման արդյունքում, երբ հանձնաժողովը պարզել է, որ պահպանվել են գնումների ընթացակաարգերը և օրենքով չի եղել շահերի բախում, հանձնաժողովը կիրառել է շահերի մասին չհայտարարելու վերաբերյալ դրույթները և տուգանել համայնքի ղեկավարներին։ Այս տարի առաջին անգամ հանձնաժողովը երկու անգամ կիրառել է բարեվարքության մասին դրույթները։ Առաջինը վերաբերում է քաղաքապետ Տիգրան Ավինյանին․
«Առաջինը վերաբերվում է Ավինյանին, որի՝ ավագանու նիստի ժամանակ հնչեցված խոսքի մասով հանձնաժողովը խախտում էր ճանաչել։ Իհարկե, ցավոք սրտի, ավագանու անդամների վրա չեն տարածվում կանոնները և մի քիչ անարդար էր, որ միայն Ավինյանի վրա տարածվեց։ Ամեն դեպքում՝ էդ ամբողջ նիստի խոսույթը ինքնին արդեն վարքագծի կանոնների խախտում էր համարվում»։
Ըստ գործող օրենքի՝ բարեվարքության ուսումնասիրություն անցնելու պարտականություն ունեցող պաշտոնյաներն են ԲԴԽ անդամի թեկնածուները, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը, դատախազների, դատավորների թեկնածուները։ Այս տարվանից՝ նաև ՔԿ-ի քննիչները։ Քննչական կոմիտեի նախագահը բարեվարքության ուսումնասիրություն անցնելու պարտավորություն չունի, իսկ 2023-26 թվականների հակակոռուպցիոն ռազմավարության օրենքի նախագծով՝ կոռուպցիայի կանխարգելմանն առնչվող բոլոր տարրերի միասնականացում կլինի։ «Կոռուպցիայի կանխարգելման մասին» օրենսդրական առանձին ակտով կամբողջականացվեն և կմեկտեղվեն բարեվարքության համակարգի տարրերի՝ շահերի բախման, նվերների ընդունման սահմանափակումների, վարքագծի կանոնների, անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների միասնական կիրառման և կառավարման, կոռուպցիայի կանխարգելմանն առնչվող այլ կառուցակարգերի օրենսդրական կարգավորումները:




