
Գորիս համայնքում ՀՀ կառավարություն-համայնք համաներդրմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերից այս տարի ավարտվել են երկուսը։
ՀՀ ՏԿԵ նախարարությունից հայտնում են, որ 2023 թվականից մեկնարկած սուբվենցիոն ծրագրով ավարտվել է պատմական Հին Գորիս տանող ճանապարհի հիմնանորոգումը։
Ծրագրի ընդհանուր արժեքը 405 մլն 259 հազար դրամ է, որի մեջ պետական համաֆինանսավորման մասնաբաժինը՝ 237 մլն 530 հազար դրամ։
Նշվում է, որ նախկին քարքարոտ ճանապարհը վերափոխվել է ժամանակակից, հարմարավետ մայրուղու։


«Բարեկարգման աշխատանքների արդյունքում էապես կփոխվի քաղաքի զբոսաշրջային դիմագիծը, քանի որ տարիներ շարունակ Հին Գորիս տանող ճանապարհը եղել է դժվարանցանելի ու սահմանափակել այցելուների հոսքը դեպի յուրահատուկ պատմական վայր:
Նախագծի իրագործումը նպաստում է նաև Գորիսի մշակութային ժառանգության պահպանմանն ու հանրայնացմանը: Բացի հիմնանորոգումից ու ասֆալտապատումից, կառուցվել են նաև մայթեր, հենապատեր, ջրահեռացման կողային առուներ»,- ասված է հաղորդագրությունում։
2023 թվականին հաստատված սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվել է Գորիս քաղաքի Թումանյան փողոցը։
Ծրագրի ընդհանուր արժեքը 182 մլն 114 հազար դրամ է, որի մեջ պետական համաֆինանսավորման մասնաբաժինը՝ 118 մլն 901 հազար դրամ։
Փողոցը քաղաքի ծայրամասային թաղամասում է, որի ասֆալտե ծածկույթը տարիների ընթացքում զգալիորեն քայքայվել էր:
Հիմնանորոգման աշխատանքները ներառել են ասֆալտապատում, մայթերի վերանորոգում, նոր մայթերի կառուցում, ջրահեռացման համակարգերի բարելավում, կանաչապատում, և փողոցը դարձել է ժամանակակից ճանապարհային ենթակառուցվածքի օրինակ։
Նախագիծը ներառում է նաև արտաքին լուսավորության ցանցի արդիականացում։




