ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Ոռոգման ջրի սղության պատճառով Արևաշատում հողերն ամայանում են

Արմավիրի մարզի Արևաշատ գյուղում ոռոգման ջրի սակավության պատճառով հողերի զգալի մասն ամայացել է: 142 հա գյուղատնտեսական նշանակության հողերի մի մասն է մշակվում, որից՝ 30 հա-ի վրա բողկի ու ճակնդեղի ցանքեր են, 2000 քմ հողատարածքում էլ սերկևիլի ու դեղձի նորատունկ այգիներ: Բանջարեղենը մշակում են ջերմոցներում, որոնք ոռոգվում են ջրհորների միջոցով: Գյուղում ոռոգման համակարգը բարելավման կարիք ունի:

Արմավիրի մարզի Արևաշատ գյուղում մարդկանց հիմնական զբաղմունքը տնամերձ հողամասերում հիմնած ջերմոցներն են: Յուրաքանչյուր տան բակում մի քանի ջերմոց կա՝ վարունգ ու լոլիկ են մշակում: Ջեռուցման խնդիր չունեցող ջերմոցատերերը գրեթե տարին բոլոր բերք են ունենում, իսկ բնական եղանակով տաքացվող ջերմոցներում՝ միայն գյուղատնտեսական սեզոնին:

«Էս ռուսական սորտը շատ էժան է, մյուսը նազրվան վարունգն է, արդեն վերջանում է: Գարնանն ենք սկսել վարունգի մշակությունը՝ մարտից ենք վարունգը դնում մինչև այս ամիսը, երբ արդեն վերջանում է բերքը»:

Քանի դեռ օրերը տաք են ու արևոտ, ջերմոցների բերքն անպակաս է: Մադրիլեն սորտի փշոտ վարունգի ջերմոցներում բույսը դեռ ծաղկման շրջանում է: Այս սորտն ավելի դիմացկուն է հիվանդությունների նկատմամբ և լավ աճ ունի:

«Մի ամիս առաջ ենք ցանել, ծաղկում է մինչև ցրտերն ընկնելը: Շաղը նստելու ժամանակ արդեն վերջանում է: Մեղուները հիմա աշխատում են: Գոմաղբ ենք առնում, լցնում հողերի մեջ, որ պարարտացնենք, ազոտական պարարտանյութ: Հատուկ դեղեր ենք առնում և կաթիլայինով տալիս ենք»:

Ձմռանը ջերմոցների մի մասն են օգատգործում՝ կանաչեղեն են ցանում: Այդ դեպքում կրկնակի են ծածկում պոլիէթիլենային թաղանթի տակ: Ոռոգում են ջրհորներից:

«Մենք աշնանն ու ձմռանն էլ ենք ցանում՝ կանաչի է, մառոլ: Մի ջերմոցն ենք օգտագործում, մյուսները թողնում ենք, որ հողը հանգստանա: Այստեղ ջրհորն է՝ մեջը պոմպ, միացնում ենք ու ջրում»:

Ընդերքի ջուրը 18-20 մ խորությունից են հանում: Արևաշատում ոռոգման ջրի խնդրի պատճառով 142 հա գյուղատնտեսական նշանակության հողերի զգալի մասը  չի մշակվում: Ոռոգումը կազմակերպվում է խորքային հորերի միջոցով: Արևաշատի վարչական ղեկավար Արփենիկ Վարդանյանն ասում է, որ 8 խորքային հորից միայն մեկը չի գործում: Բաց դաշտերում միայն 30 հեկտարի վրա է բողկ ու ճակնդեղ մշակվում:

«Սեփականաշնորհվածի վրա հիմնականում բողկ է լինում, նաև ջերմատներ կան կառուցված: 2000 քմ տարածքի վրա էլ նոր այգի են հիմնել»:

Նորատունկ այգում սերկևիլի ու նեկտարենի սորտի դեղձի տնկիներ են դրել: Վարչական ղեկավարը դժվարացավ ասել, թե ինչքան հող չի մշակվում, նոր են սկսել հաշվառել անմշակ տարածքները: Արցախից տեղահանված ու Արևաշատում ժամանակավոր հաստատված Մանվել Աղաջանյանը ջրի պակասի պատճառով վարձակալած տան տնամերձի մի փոքր հատվածն է հասցրել մշակել:

«Խմելու ջրով ենք կարողացել մի թեթև մարգերը ջրել՝ լոբի է, ճակնդեղ, կանաչի: Կարտոֆիլը ցանել ենք, լավ չի եղել, շոգ է, ջուր չկա: Մի քիչ բիբար ենք դրել: Պահածոներ փակելու համար բանջարեղենն առել ենք: Եթե ջուր լիներ այս հողից կանեինք, բայց ջուր չկա: Որ ջուր լինի ես ամբողջ հողը կմշակեի: Այստեղ ջրհորներ են փորել ոռոգման համար, իսկ ես ինչպես փորեմ: Դրա համար շատ գումար է պետք»:

Հողերը լիարժեք մշակելու համար գյուղիոռոգման համակարգը բարելավման կարիք ունի:

Կարդացեք նաև

Back to top button