Խորհրդարանական հանձնաժողովներում սկսվել են 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները։ Հայաստանի վարչապետը ներկայացրել է՝ ինչպես է ձևավորվում բյուջեն, շարադրել է առանձնահատկությունները։ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ընդհանուր գծերով նեկայացրել է ցուցանիշներն ու կանխատեսումները։ 2025–ին Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների, Առողջապահության ու Էկոնոմիկայի նախարարությունների համար նախատեսված գումարները նվազել են։ Բայց ընդհանուր առմամբ, հաջորդ տարի Ֆինանսների նախարարությունը 275 մլրդ դրամով ավելի շատ ծախսելու հնարավորություն կունենա՝ հայտարարել է Վահե Հովհաննիսյանը։
Ինչպե՞ս է ձևավորվում Հայաստանի պետական բյուջեն։ Վարչապետն ընդգծում է՝ հոկտեմբերի 1–ի դրությամբ ավելի քան 768 հազար քաղաքացիներ և բնակիչներ աշխատում են, աշխատավարձ ստանում ու եկամտային հարկ վճարում։
«Մեր երկրի բյուջեի եկամտային հոդվածներից ամենամեծն ավելացված արժեքի հարկի տողն է: Ինչո՞ւ է ձևավորվում ավելացված արժեքի հարկն ընդհանրապես, որովհետև քաղաքացիները, այն մարդիկ, որ աշխատում են և եկամուտներ են ստանում, նրանք գնում են ապրանք և ձեռք են բերում, օրինակ՝ ջուր: Մարդը հենց ջուր ձեռք բերեց, այս ջրի ձեռքբերման 20 տոկոսն ավելացված արժեքի հարկն է: Այսինքն, եթե մարդը չաշխատի, գումար չունենա, ջուր ձեռք չբերի, ավելացված արժեքի հարկ այս մասով չի գոյանա»:
Պետությունը հնարավոր է ուժեղացնել ավելի ու ավելի արդյունավետ աշխատանքով՝ ընդգծում է Նիկոլ Փաշինյանը:
«Բյուջեի եկամուտները ձևավորվում են նաև մաքսատուրքից, որը ձևավորվում է միայն այն պատճառով, որ այդ նույն, ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող քաղաքացիները, մարդիկ, բնակիչները ներմուծում են ապրանքներ, հումք, բաղադրիչներ, որոնց համար մաքսատուրք են վճարում»:
Անդրադառնալով արդեն բյուջեի նախագծում ներառված ցուցանիշներին՝ ֆինանսների նախարարն ընդգծում է՝ 2025–ին սոցիալական ոլորտի ծախսերը կկազմեն 905 մլրդ դրամ։ Վահե Հովհաննիսյանի խոսքով՝ ՏԿԵ, Առողջապահության ու ու Էկոնոմիկայի նախարարությունների համար տրամադրվող գումարները նվազել են։ ԿԳՄՍՆ գումարները կմնան նույնը, մյուս գերատեսչությունների հատկացումները կավելանան։
ԲՏԱՆ հատկացումները Էական՝ մոտ 89 տոկոսով կգերազանցեն այս տարվա համար նախատեսված ծախսերը 2025թվականին կապիտալ ծախսերը կկազմեն մոտ 733 մլրդ դրամ: Վահե Հովհաննիսյանի խոսքով՝ կապիտալ ծախսերի համար ուղղված գումարը ավելի քան 5.4 տոկոսով կգերազանցի 2024 թվականի պետական բյուջեով սահմանված կապիտալ ծախսերի մակարդակը:
«Սոցիալական պաշտպանությանն ուղղվող ծախսերը կկազմեն 905 մլրդ դրամ՝ 13․9 տոկոսով գերազանցելով 2024 թվականի պետական բյուջեով սահմանված ծախսերը։ Կկազմեն ՀՆԱ–ի 8․2 տոոկսը»։
2025 թվականին տնտեսական աճը կկազմի 5,6 տոկոս։ Կառավարությունը կանխատեսում է, որ 2024-ի վերջում պետական պարտքը կկազմի մոտ 49.8 տոկոս, իսկ հաջորդ տարի այն կաճի՝ հասնելով 53.5 տոկոսի: Գումարային արտահայտության պարտքը կկազմի 5 տրլն 914 մլրդ դրամ: Պարտքի սպասարկման համար բյուջեի ծախսերը կավելանան՝ այս նպատակով Ֆինանսների նախարարությանը հավելյալ 46 մլրդ դրամ կհատկացվի։ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Խաչատրյանը հետաքրքրվեց․
«Նոր ներգրավվող արտաքին պարտքի բաշխվածությունն ինչպիսի՞ն է, դրանք լինելու են բյուջետային աջակցության վարկե՞ր, թե՞ թիրախային ծրագրերի իրականացման համար»։
Ի պատասխան՝ ֆինանսների նախարարը նշեց, որ արտաքին պարտքի բաշխվածության առումով պլանավորում են ունենալ մոտ 600 մլն դոլարի բյուջետային աջակցության վարկեր, 500 մլն դոլարի Եվրոբոնդի թողարկում: Այս ամբողջը ոչ միայն դեֆիցիտը ֆիանանսավորելու, այլև նախորդ մայր գումարների մարմանն է ուղղված լինելու:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հովիկ Աղազարյանին դեֆիցիտն էր հետաքրքրում։
«Բյուջեի դեֆիցիտը սահմանափակվում է օրենքով»։
Նախարարը նշեց, որ դեֆիցիտը չի կարող գերազանցել կապիտալ ծախսերի մակարդակը։ 2025 թվականի համար պետական ապարատի պահպանման ծախսերը 4 տոկոսով կրճատվել են։ Հաջորդ տարի պետական ծառայողական մեքենաների ձեռքբերում չի սպասվում։ Բյուջեի նախագիծը ըստ ոլորտների կքննարկվի մոտ մեկ շաբաթ, հետո արդեն այն կներառվի լիագումար նիստերի օրակարգում։