Վրաստանի խորհրդարանական ընտրությունները համարվում են երկրի պատմության մեջ ամենակարևորը։ Սպասվում է, որ դրանք կորոշեն ոչ միայն հաջորդ խորհրդարանի կազմը, այլև երկրի զարգացման ապագա վեկտորը։
Վրաստանն առաջին անգամ է ընտրում խորհրդարան՝ ունենալով ԵՄ-ին անդամակցելու թեկնածու երկրի կարգավիճակ, սակայն դա տեղի է ունենում արևմտյան գործընկերների հետ Թբիլիսիի հարաբերություններում աննախադեպ ճգնաժամի ֆոնին, երկրի եվրաինտեգրման հեռանկարը սպառնալիքի տակ է։
Վրաստանի ընտրողները խորհրդարանն ընտրում են ոչ թե խառը, ինչպես նախկինում, այլ ամբողջովին համամասնական ընտրակարգով։ Խորհրդարան մտնելու համար կուսակցությունները պետք է հաղթահարեն 5 տոկոս ընտրական շեմը։
Այս ընտրությունների մեկ այլ նոր առանձնահատկությունն այն է, որ ընտրատեղամասերի 90%-ում կանցկացվի էլեկտրոնային քվեարկություն։ Էլեկտրոնային եղանակով նաև կհաշվարկվեն և կփոխանցվեն նախնական արդյունքները։
Քվեարկություն տեղի կունենա արտերկրի ավելի քան վաթսուն ընտրատեղամասերում, ոևտեղ, ըստ ԿԸՀ-ի, գրանցված է գրեթե 96 հազար ընտրող։
«Գնացեք ընտրության, ոչնչից մի վախեցեք, ձեր քվեն, ձեր յուրաքանչյուր քվեն պետք է որոշի այս երկրի ապագան։ Թող ոչ ոք տանը չմնա, դուք որոշեք, թե ինչպիսին կլինի վաղվա Վրաստանը»,- նախօրեին ընտրողներին հորդորել է Վրաստանի նախագահ Սախոմե Զուրիբաշվիլին:




