ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Նոր տեմպ՝ Հայաստանի և Ադրբեջանի խաղաղության օրակարգում

Խորհրդարանական ընդդիմությունը համոզված է, որ օրերս խորհրդարանում տեղի ունեցած քվեարկությամբ ական դրվեց Հայաստանի պետականության դեմ։ Խոսքը հոկտեմբերի 22–ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կակոնակարգի վավերացման մասին է։

Ընդդիմադիրները վերապահումներ ունեն նաև Փաշինյան–Ալիև կազանյան հանդիպման առնչությամբ։ Մինչդեռ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում լավատես են, խոսում են «Խաղաղության պայմանագիրը» հնարավորինս արագ ստորագրելու  և միջազգային հանրության՝ գոհացնող արձագանքի մասին։  

Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև կազանյան ակտիվ զրույցներից որևէ տեղեկություն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն այս պահին դեռ չեն փոխանցում։ Նշում են, որ հանդիպումը նոր է տեղի ունեցել և արդյունքները դեռ հայտնի չեն։ Առաջին տեսանելի արդյունքն այն է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները զուգահեռ ստորագրեցին երկու պետությունների սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը։ Դա տեղի ունեցավ տարբեր ընթացակարգերով։ Փաստաթուղթն ավելի լայն քննարկվեց Հայաստանում։ Նախ՝ Սահմանադրական դատարանում, ապա ՝ խորհրդարանում, որտեղ կանոնակարգի վավերացման քվեարկությանը մասնակցեց միայն խորհրդարանական մեծամասնությունը։  

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի կարծիքով՝ խորհրդարանի վերջին նստաշրջանը դեռ երկար է հիշվելու։

«Այս փաստաթղթով մենք չենք ունենում համաձայնեցված սահման։ Մենք ունենում ենք այդ սահմանը համաձայնեցնելու գործընթաց։ Վերապահումներ իրենք անելու են և դա կտեսնենք, կարձանագրենք։ Առնվազն երեք այդպիսի վերապահում ես տեսնում եմ և չի բացառվում, որ դու չունենալով ընդհանուր սահմանի մասին պատկերացում, այս սահմանազատումը ի վերջո վերածվի սահմանազիջման։ Ո՞ւր է այդ երաշխիքը, որ այդ կտոր-կտորները իրար միացնելու հետո, լավագույն դեպքում, մի հատ սահման առաջանա, այդ սահմանը կուրվագծի այն տարածքային ամբողջականությունը, որի մասին այսօր նույն իշխանությունները հայտարարում են՝ 29 743 քառակուսի կիլոմետր։ Սա ամենամեծ խնդիրն է, որին մենք ապագայում առնչվելու ենք»։

Չունենալով որևէ բաց տեղեկություն Փաշինյան-Ալիև հանդիպման մասին՝ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը խոսում է մտավախություններից։  

«Զուտ վիզուալ, որովհետև բովանդակությունը, ինչպես հասկացա, նույնիսկ ՔՊ-ի խմբակցության քարտուղարը չուներ զուտ վիզուալ, ոնց որ երկու ընկերների մտերմիկ խոսակցություն էր։ Բովանդակային․ նախ՝ մեղք է այդ փաստաթուղթը «Խաղաղության պայմանագիր» անվանել։ Այդ փաստաթուղթը ՔՊ-ի նախընտրական քարոզարշավի մասն է։ Ինքը Ալիևի հետ հիմա բանակցում է իր հաջորդ ընտրական պրոցեսի ժամանակ «խաղաղություն» բառը որպես կարգախոս օգտագործելու իրավունքը։ Իրենք պետք է այդ բառը»։

Հայաստանի իրական դրդապատճառների մասին խոսում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը։ Չի կարող հստակ ասել, թե արդյոք Կազանում Փաշինյանն ու Ալիևը փորձել են դիրքորոշումները մոտեցնել «Խաղաղության պայմանագրի» չհամաձայնեցված կետերի շուրջ, բայց ըստ պատգամավորի՝ հստակ է մի բան․

«Մենք պատրաստ ենք արդեն իսկ այսօր ստորագրել, պատրաստ էինք նաև երեկ։ Մենք գտնում ենք, որ որևէ բան՝ բացառությամբ Ադրբեջանի կողմից քաղաքական կամքի արտահայտման, այս պահին չի խոչընդոտում, որպեսզի խաղաղության պայմանագիրը կնքվի։ ՀՀ–ն պատրաստ է ստորագրել «Խաղաղության պայմանագիրը» համաձայնեցված հոդվածների շուրջ։ Դրանք մեր գնահատմամբ և մեր համոզմամբ՝ ամբողջությամբ պատասխանում են այն հարցին, թե որոնք պետք է լինեն հիմնարար սկզբունքները, որով կկարգավորվեն հարաբերությունները, նաև հնարավորություն է տալիս վստահության մթնոլորտ ձևավորելու և շարժվելու առաջ»։

Այս մոտեցումները «Պատիվ ունեմ» խմբակցությունում չեն կիսում։ Խմբակցության ղեկավարն առաջարկում է պարզ վերլուծություն անել․

«Կարևոր չեն թվերը։ Փաստաթուղթ, որը ունի դիցուկ՝ 13+3 կետ, որից այն երեքը, եթե Ադրբեջանը մերժում է, պարզ տրամաբանությունը սկսում է հուշել, որ ենթադրաբար դրանք Հայաստանին մի քիչ ավելի օգուտ են, քան՝ Ադրբեջանին։ Ի՞նչ է անում Հայաստանը, ասում է՝ հա, այդ երեք կետի հետ համաձայն չեք, լավ, հանենք, եկեք մնացածը ստորագրենք։ Ակնհայտ է չէ՞ շտապողականությունը»։

Ինչո՞ւ են շտապում միջնորդ պետությունները։ ԱՄՆ գործող նախագահը նամակ է ուղղում կողմերին, բանագնացն անձամբ փոխանցում է դրանք, ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածուն գրառում է անում սոցցանցում՝ Ադրբեջանում տեղի ունեցածը էթնիկ զտում որակելով, սրան զուգահեռ կազանյան հարթակում աննախադեպ ակտիվ շփումներ են տեղի ունենում։ Այս ամենը,  մեկ շղթայի մեջ դիտարկելով, արտացոլում է արտաքին հարաբերությունների առաջնահերթությունները՝  համոզված է խորհրդարանական մեծամասնությունից պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը։       

«Միջնորդական ջանքերի որոշակի ակտիվացմանը, կարծում եմ, պետք է նայել շատ դրական, որովհետև ի վերջո Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացը պետք է հնարավորինս շուտ ավարտին հասցվի և «Խաղաղության պայմանագիր» ստորագրվի։ Ինչպես տեսնում եք, նաև նախագահ Բայդենը իր նամակում և՛ Ադրբեջանի նախագահին, և՛ Հայաստանի վարչապետին ուղղված խոսում է սրա մասին և նշում է, որ ԱՄՆ–ն պատրաստ է բոլոր ջանքերը գործադրել, որպեսզի կայունությունը Հարավային Կովկասում հաստատվի և «Խաղաղության պայմանագիրը» շուտափույթ կնքվի։ Սա, կարելի է ասել, ուղիղ այն է, ինչը ՀՀ արտաքին օրակարգում առաջնահերթություն է, որպեսզի մեր միջազգային գործընկերները, այդ թվում նաև մեզ համար շատ կարևոր Արևմուտքից՝ և՛ ԵՄ–ն, և՛ անդամ-պետությունները, և՛ ԱՄՆ-ն հայտնեն դիրքորոշում առ այն, որ «Խաղաղության պայմանագիրը» պետք է ստորագրել շուտափույթ կերպով»։

Այս փուլում, սակայն, Հայաստանը խոսում է ուղիղ բանակցությունների մասի՝ բացառելով, որ «Խաղաղության պայմանագիրը» երկուսից ավելի կողմ կունենա։

Կարդացեք նաև

Back to top button