ԿարևորՔաղաքական

Ադրբեջանը Եվրախորհրդարանի բանաձևը որակել է «միակողմանի» և «կողմնակալ»

Ադրբեջանի խորհրդարանը Եվրախորհրդարանի բանաձևը համարում է միջամտություն իր ներքին գործերին։

Հայտարարության մեջ Ադրբեջանի խորհրդարանը Եվրախորհրդարանին մեղադրում է «հակաադրբեջանական դիրքորոշման մեջ»՝ նշելով, որ բանաձեւը «ապատեղեկատվության վրա հիմնված պահանջների հավաքածու է»՝ անհիմն մեղադրանքներով ու սպառնալիքներով։

«Բացահայտ անտեսում է ցուցաբերվում Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ՝ փորձ անելով միջամտել նրա ներքին գործերին։ Ավելին, բանաձևը դրսևորում է տագնապալի կողմնակալություն՝ հատուկ մտահոգություն ցուցաբերելով Հայաստանի նկատմամբ, խրախուսելով նրա ռազմական հզորացումը և այդպիսով խթանելով ռևանշիստական ​​միտումները, ինչը կարող է հանգեցնել տարածաշրջանային հակամարտության վերսկսման»,- ասվում է հայտարարության մեջ։

Ադրբեջանական կողմը բանաձեւը համարում է միակողմանի և կողմնակալ։

«Եվրախորհրդարանի դիրքորոշումն արտացոլում է թշնամական վերաբերմունքն Ադրբեջանի նախաձեռնությունների նկատմամբ, որոնք ուղղված են խաղաղության, կայունության և համագործակցության խթանմանը ինչպես տարածաշրջանում, այնպես էլ համաշխարհային մակարդակում։ Մտահոգիչ է այնպիսի էական հարցերի քաղաքականացումը և օգտագործումը, ինչպիսին է կլիմայի փոփոխությունը՝ որպես Ադրբեջանի հասցեին մեղադրանքներ հնչեցնելու գործիք»,- ասված է հայտարարության մեջ։

Ադրբեջանական կողմը նաև մեղադրել է Եվրախորհրդարանին կոռուպցիայի մեջ՝ պնդելով, որ «բանաձևը, որը հիմնված է Ֆրանսիայի, Հայաստանի և նրա լոբբիստների կեղծ պատմությունների վրա, ըստ էության ստացված նյութական շահերի դիմաց փոխհատուցում է»:

Ադրբեջանի խորհրդարանը հայտարարում է, որ «խստորեն մերժում է Եվրախորհրդարանի աղավաղող, ոչ օբյեկտիվ և միակողմանի բանաձևը»։ «Մենք պնդում ենք, որ մեր խորհրդարանը միանշանակ աջակցում է մեր երկրի և ժողովրդի շահերը պաշտպանելու համար իրականացվող քաղաքականությանը՝ մոբիլիզացնելով բոլոր ռեսուրսները դրա իրագործման համար»,- ասված է հայտարարության մեջ։

Եվրախորհրդարանը հինգշաբթի 453 կողմ, 31 դեմ, 89 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ բանաձև է ընդունել է Ադրբեջանում տիրող իրավիճակի, մարդու իրավունքների ոտնահարման վերաբերյալ։

Կարդացեք նաև

Back to top button