
2025 թվականին Հայաստանում ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի՝ ԻՆՍԱՐԱԳ-ի չափորոշիչներով, Հայաստանը և Վրաստանը համատեղ դաշտային ուսումնավարժանք կանցկացնեն։ Պայմանավորվածությունը ձեռք է բերվել ՆԳՆ ՓԾ տնօրեն, ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի գլխավորած պատվիրակության Վրաստան պաշտոնական այցի ընթացքում, հայտնում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Կամո Ցուցուլյանը Թբիլիսիում հանդիպումներ է ունեցել Ճապոնիայի միջազգային համագործակցության (JICA) տարածաշրջանային ղեկավար Վակուի Ջունջիի և Վրաստանի ՆԳ նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության տնօրեն Թեմուր Մղեբրիշվիլիի հետ։
Թեմուր Մղեբրիշվիլլի հետ հանդիպման ժամանակ կողմերը քննարկվել են երկու երկրների համապատասխան ծառայությունների միջև փորձի փոխանակման և համատեղ գործողությունների կազմակերպման հարցեր։ Ընդգծվել է, որ համատեղ դաշտային ուսումնավարժանքը կուժեղացնի երկու երկրների համագործակցությունը արտակարգ իրավիճակների արդյունավետ արձագանքման ոլորտում։

Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության տարածաշրջանային ղեկավարի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության հետ իրականացված ծրագրերը։
Քննարկվել են նաև համագործակցության երեք նոր ուղիներ, մասնավորապես՝ ռադիոկապի արդիականացման, Երևան քաղաքի համար փրկարարական տեխնիկայի ձեռք բերման և խոշոր աղետներին արձագանքելու նպատակով ծանր ինժեներական տեխնիկայի ձեռք բերման վերաբերյալ։
Վակուի Ջունջին նշել է, որ գործակալությունը շահագրգիռ է շարունակել համագործակցությունը, և առաջարկվող ծրագրերը կներկայացվեն գործակալության ղեկավարությանն ու Ճապոնիայի կառավարությանը։ Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ գործակալության ռազմավարության առանցքային նպատակը աղետների ռիսկի նվազեցման ծրագրերի իրականացումն է: Վակուի Ջունջին հատուկ կարևորել է այդ ոլորտում միջազգային համագործակցության խորացումը և առաջարկել ընդլայնել համատեղ ծրագրերի շրջանակը՝ ներառելով նաև փորձագետների վերապատրաստման և փոխանակման ծրագրեր։ Նա, մասնավորապես, նշել է Ճապոնիայում վերապատրաստման դասընթացներ կազմակերպելու հնարավորության մասին՝ որպես արդյունավետ մեխանիզմ նոր հմտություններ ձեռք բերելու և միջազգային փորձառություն փոխանակելու համար։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու շփումները նոր ծրագրերի քննարկման վերաբերյալ:




