
Կազանում ընթացող BRICS-ի 16-րդ գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Կառավարության հաղորդմամբ՝ քննարկվել են խաղաղության օրակարգի առաջմղմանը վերաբերող հարցեր։ Արտգործնախարարներին հանձնարարվել է շարունակել «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի շուրջ երկկողմ բանակցությունները՝ հնարավորինս սեղմ ժամկետում այն վերջնականացնելու և կնքելու նպատակով։ Հայաստանի վարչապետը Կազան է մեկնել մեկօրյա այցով, նախապես չէր հաղորդվել, որ Ադրբեջանի նախագահի հետ առանձին է հանդիպում է նախատեսվում։
Ուշագրավ է, որ Փաշինյան-Ալիև հանդիպումը հաջորդել է ժամեր առաջ Հայաստանի խորհրդարանում սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի վավերացմանը։ Կազան մեկնելուց առաջ Հայաստանի խորհրդարանում վարչապետ Փաշինյանը պարզաբանել էր, որ ԲՐԻԿՍ–ի գագաթնաժողովին մեկնելու հիմնական նպատակը Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը ներկայացնելն է։
Այբբենական կարգի պատճառով ԲՐԻԿՍ–ի կազանյան գագաթնաժողովի ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները կողք կողքի նստեցին մի քանի ժամ։ Տեսախցիկներն առնվազն 5 անգամ ֆիքսեցին Փաշինյան–Ալիև ակտիվ զրույցի դրվագները։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն արձանագրեց, որ «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի զրույցը ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի ժամանակ չի խանգարել միջոցառման ընթացքը»։ Այդ շփումները չվրիպեցին նաև Ռուսաստանի նախագահի ուշադրությունից։
Գագաթնաժողովի աշխատանքային երրորդ ժամին արդեն Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը ընդհանուր սեղանի շուրջ չէին։ Թեև Փաշինյան–Ալիև առանձին հանդիպում նախապես ծրագրված չէր, բայց կողմերն առանձին երկկողմ հանդիպում ունեցան։ Քննարկումներին մասնակցեցին նաև փոխվարչապետերն ու արտգործնախարարները։ ԲՐԻԿՍ–ի շրջանակներում հայ–ադրբեջանական ուղիղ շփումները տևեցին մեկ ժամից ավելի։ Այլ մանրամասներ այդ հանդիպումից հայտնի չեն։
Վերջին շրջանում միջնորդ երկրների ակտիվացումը չի նշանակում, որ բանակցությունների ձևաչափը կարող է փախվել։ Հայաստանի ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն ասում է, որ բանակցությունները մշտապես եղել են երկկողմ, թեև չի բացառում, որ ինչ-որ փուլում միջնորդի կարիք լինի։ Այս տեսանկյունից նա արտառոց չի համարում որևէ վայրում հանդիպում կազմակերպելու հնարավորությունները․
«Տարբեր երկրներում հանդիպել են պատվիրակությունները։ Հանդիպման սկզբում հյուրընկալող կողմից համապատասխան ԱԳ նախարարը ողջույնի խոսք է ասել, բայց բուն բանակցությունների ժամանակ կողմերը սենյակում մենակ են եղել։ Մինչ այս պահը այդպես է եղել։ Հիմա ես չեմ կարող բացառել, որ մի օր կարող է փոխվել ձևաչափը, այլ կերպ լինել։ Այս առումով մենք սահմանափակումներ չունենք։ Հարցը պրագմատիզմի և պրակտիկության մեջ է»։
ԱԺ փոխնախագահը պնդում է, որ այս պահին ամեն ինչ պատրաստ է խաղաղություն կքնելու համար։ Մնացածը քաղաքական կամքի հարց է։ Ձգձգումները հաշվի առնելով՝ Ռուբինյանը համաձայն է այն ձևակերպմանը, որ «Ադրբեջանում բացակայում է քաղաքական կամքը»։
ԲՐԻԿՍ–ի գագաթնաժողովում ելույթի ժամանակ Հայաստանի վարչապետը տեղեկացրել է, որ Հայաստաի խորհրդարանն արդեն վավերացրել է Ադրբեջանի հետ սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը և պատասրտ է սկսել գործընթացը իրավական փաստաթղթերի հիմքով։ Նաև հաստատել է, որ համաձայնեցված է «Խաղաղության պայմանագրի» 80–90 տոկոսը։
Հայաստանի վարչապետը թվարկել է, թե որ ձևակերպումներն են համաձայնեցված «Խաղաղության պայմանագրի» նախագծում։ Խոսքը տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման, տարածքային պահանջների բացակայության, ուժի կիրառման կամ դրա սպառնալիքի բացառման մասին է, նաև միմյանց ներքին գործերին չխառնվելու, դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարման համար երկկողմ մեխանիզմներ ստեղծելու մասին։
Թե՛ Հայաստանի վարչապետը, թե՛ Ադրբեջանի նախագահը ԲՐԻԿՍ–ի մասնակիցներին նկարագրեցին, թե ինչ կարևոր դիրքում են հարավկովկասյան պետությունները լոգիստիկ կապերի առումով։ Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը․
«Հայաստանը պատրաստ է և հետաքրքրված է իր տարածքում կազմակերպել տրանսպորտային միջոցների և բեռների, ուղևորների, խողովակաշարերի և կաբելային ցանցերի անցում։ Սա ամենակարճ ուղին է Սև ծովի և Պարսից Ծոցի միջև՝ Իրանի Իսլամական Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և Վրաստանի տարածքներով։ Սա Հյուսիս–Հարավն է։ Ամենակարճ ճանապարհն է նաև Կասպից և Մարմարա ծովերի միջև՝ Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի տարածքներով։ Այս ուղղությունն էլ Արևելք–Արևմուտքն է»։
Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ Հայաստանը պատրաստ է և քննարկում է Ադրբեջանին մաքսային պարզեցված պայմաններ տրամադրելու հարցը։
Այս առումով արդեն մտավախություններ են հնչում Հայաստանի խորհրդարանում։ Ընդդիմության թևից «Հայաստան» խմբակցությության անդամ Արմեն Ռուստամյանը ուշադրություն է հրավիրում․
«Բառապաշարն իշխանությունների անընդհատ մեղմանում է։ Սկզբից ընդհանրապես չէին խոսում որևէ տարբերության մասին մեր հաղորդակցության միջոցների հետ կապված, բայց հիմա սկսեցին ասել՝ այո, կարող ենք ինչ–որ արտոնություններ տրամադրել։ Հիմա մինչև որտե՞ղ է հասել այդ արտոնությունների տրամադրումը, դա իհարկե, մենք ինչպես միշտ, վերջում կտեղեկանանք, որովհետև ամեն ինչ տեղի է ունենում «կուլիսների» հետևում»։
Հայաստանի վարչապետը ԲՐԻԿՍ–ի հարթակը օգտագործեց հստակեցնելու համար երրորդ կողմերի ներգրավվածության հարցը ճանապարհների վերահսկողության մեջ։ Տարաձայնությունը գալիս է նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության 9–րդ կետից, որի հիմքով Ռուսաստանն ակնկալիքներ ունի վերահսկելու Ադրբեջանը Նախիջևանի հետ կապող ճանապարհի այն հատվածը, որն անցնում է Հայաստանով։ Ըստ վարչապետ Փաշինյանի՝ Հայաստանը երբևէ որևէ ձևաչափով և որևէ փաստաթղթով չի համաձայնել որևէ երրորդ կողմին փոխանցել իր տարածքների վերահսկողությունը։ Դա Հայաստանի իրավունքն է և Հայաստանը պատրաստ է դա կատարել, հաստատեց Փաշինյանը։
Այս հստակեցմանը Ռուսաստանի նախագահը որևէ կերպ չարձագանքեց, փոխարենը՝ անդրադարձավ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատմանը և սահմանագծմանը՝ նշելով, որ այն խաղաղության տանող ճիշտ ճանապարհն է։ Կարևորեց նաև լոգիստիկ կապերի մասին Հայաստանի առաջարկը՝ այն կարևոր ուղղություն համարելով։
Հատկապես կարևորվեց Հայաստանի պատրաստակամությունը՝ ծրագրերն իրականացնել Ադրբեջանի և տարածաշրջանի մյուս երկրների հետ։ Ի դեպ, ՌԴ վարչապետի խոսքով, սա այն հարցն է, որը վերջին տարիներին մշտապես քննարկվել է։




