ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Գյուղական ամբուլատորիաները կփակվե՞ն, թե՞ կվերակազմակերպվեն․ խորհրդարանում մտահոգություններ են հնչել

Խորհրդարանում այսօր քննարկվել է ե ամբուլատորիաների առավել արդյունավետ աշխատանքի հարցը։ Պատգամավորիների մտահոգություններին արձագանքելով՝ առողջապահության փոխնախարարն ընդգծել է՝ ամբուլատորիաների օպտիմալացումը ոչ թե առաջնային բուժօգնության օղակների փակում է ենթադրում, այլ դերերի հստակեցում, կադրային ավելի արդյունավետ կառավարում։ Նախկին նախարար Արսեն Թորոսյանն էլ հստակեցրել է՝ այստեղ իրավակարգավորման հարց է, ինչը բերելու է ֆինանսական ծախսերի խնայման, ավելի արդյունավետ ծախսերի։ Երբ առողջապահության առաջնային օղակն իրեն չի արդարացնում, հիվանդանոցներում մարդիկ շատանում են, ասել է պատգամավորը։

Որևէ ամբուլատորիա կամ բուժմանկաբարձական կետ առաջնային բուժօգնության օղակում չի փակվում՝ սա հիմնական շեշտադրումներից էր, որոնք ԱԺ–ում արեց Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը՝ ներկայացնելով մարզերում ամբուլատորիաների օպտիմալացման ծրագրերը։ Ընդհակառակը, դիտարկում են, որ հեռավոր գյուղերում, որտեղ չի եղել, ավելացնեն բուժմանկաբարձական կետ, այսինքն՝ բուժքրոջ հերթապահություն։ Իսկ օպտիմալացումը կազմակերպաիրավական խոշորացում է՝ պարզաբանեց փոխնախարարը․

«Գյուղական մի քանի ամբուլատորիա դառնում է մեկ իրավաբանական անձ, տարանջատվում է տնօրենի պարտականությունը, որն իրականացնում է տվյալ ամուբուլատորիայի ընտանեկան բժիշկը, ով զուգահեռ տնօրեն է։ Իսկ տնօրենի համար սահմանվում է հատուկ պայման, թե ինչով պետք է զբաղվի։ Այսինքն՝ միայն վարչական, իսկ ընտանեկան բժշկին ազատում ենք այդ պարտականություններից և թողնում ենք զբաղվի զուտ ընտանեկան բժշկությամբ»։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանը վրդովվեց՝ բազմաթիվ հայրենակիցներ են իրենց դիմել՝ հատկապես Գեղարքունիքից, իմանալու՝ գյուղական ամբուլատորիաներն օպտիմալացնելու դեպքում ինչ է սպասվում։

«Նպատակն ի՞նչ է, որ դուք ուզում եք այդ կայացած հիմնարկն էլ քանդել, բերել լցնել իրար գլխի, ոնց որ շատ խոշորացված համայնքներ էլի խոշորացրիք, ինչի արդյունավետությունը զրո է։ Մարդիկ նորմալ աշխատում են, հիմա բանուգործ չունե՞ք, սկսում եք եղածն էլ քանդել»։  

Մտահոգություն նաև Սերգեյ Բագրատյանը հայտնեց։ Նրան էլ հետաքրքրում է, թե այս փոփոխությամբ հիվանդանոցներն ի՞նչ կարգավիճակ պետք է ունենան, օրինակ՝ Վայքի հիվանդանոցը, որը 14 գյուղ է սպասարկում և մասնագիտական որակներով  չի զիջում Եղեգնաձորում կառուցված նոր բժշկական կենտրոնին։

«Նույնը կարող եմ ասել նաեւ Ջերմուկի հիվանդանոցի մասին։ Հիմա մենք ի՞նչ ենք պատկերացնում։ Այս կարողությունները, ռեսուրսները, շենքային պայմանները, այդ ամեն ինչը մենք ի՞նչ պետք է անենք, որպեսզի մեր երկրի, մեր ժողովրդի հանրային հարստությունը չփոշիացվի, այլ իսկապես ծառայի իր նպատակին»։

 Փոխնախարարը պատասխանեց նույն Վայոց ձորի մարզի և արդեն միավորված ամբուլատորիաների օրինակով։

«Եվ Վայքի պոլիկլինիկային, և Եղեգնաձորի պոլիկլինիկային միավորվել են գյուղական ամբուլատորիաները։ Նույն գաղափարը կշարունակեմ։ Տեսեք՝ ունենք ընտանեկան բժիշկների կադրերի լուրջ խնդիրներ՝ թե իրենց դեֆիցիտը, թե տարիքային կազմը։  Երբ 1 ամբուլատորիայում աշխատում է 1 ընտանեկան բժիշկ, իր բացակայության դեպքում իրենք մնում են մենակ։ Այս կազմակերպաիրավական ձևը  փոխելով կարողանում ենք պոլիկլինիկայից ժամանակավոր հերթապահություն դնել, օրինակ՝ այդ նույն գյուղական ամբուլատորիայում, որպեսզի բնակչությունը չմնա առանց բժշկի»։

Պատգամավորների բարձրացրած հարցին արձագանքեց նաև ՔՊ պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը։ Պայմանն այն է, որ ամբուլատորիաները չդառնան հիվանդանոցին ենթակա՝ պարզաբանեց.

«Եթե հիվանդանոցի ենթակա են դառնում, հիվանդանոցը շահագրգռված է ոչ թե կանխարգելիչ բուժօգնությամբ, այլ բուժական օգնությամբ և հիվանդներին քաշում, տանում է ստացիոնար բուժօգնության»։

Թորոսյանը ևս բացատրում է՝ խոսքը իրավակարգավորման մասին է։ Դրան ուղղված ծրագիրը, որը մեկնարկել է դեռ 2019 թվականին Վայոց ձորից, շարունակվելու է  մյուս մարզերում, ինչը բերելու է ֆինանսական ծախսերի խնայման, և դրանք  ծախսվելու են հիվանդների վրա, ոչ թե  փոշիացվելու են՝ վստահ  է Թորոսյանը։ Անդրադառնալով Բագրատյանի դիտարկմանը՝ ընդգծեց Թորոսյանը՝ շատ հիվանդանոց ունենալը դեռ  չի նշանակում լավ առողջապահություն։  Լավ առողջապահությունն իրականում առողջապահությունն է, ոչ թե հիվանդապահությունը։

Կարդացեք նաև

Back to top button