ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

«Կիկոսի մահը»՝ ԱԺ-ում և սահմանազատման հարցում․ ընդդիմության և կառավարության տարբեր մոտեցումները  

 «3+3» տարածաշրջանային նախարարական հանդիպման ժամանակ հնչած առաջարկը՝ միջնորդական հարթակ դառնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև «Խաղաղության պայմանագրի» քննարկումների համար, դեռ փաստաթղթավորված և առարկայական տեսք չի ստացել։ Պաշտոնական Երևանը, սակայն, այս գաղափարին արդեն հստակ պատասխան ունի, որը ԱԺ-ում հարց ու պատասխանի ժամանակ ներկայացրել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը․

«Այս առաջարկը մեծ հաշվով չկա էլ դրված սեղանին և, եթե լինի էլ, մենք նպատակահարմար չենք գտնի դրան դրական արձագանքել, որովհետև մենք Ադրբեջանի հետ ունենք մեր երկկողմ բանակցությունների ձևաչափը, ընդ որում՝ բոլոր ուղղություններով՝ և՛ սահմանազատման, և՛ «Խաղաղության պայմանագրի» շուրջ, և հարաբերությունների կարգավորման։ Այլ բան՝ տարբեր երկրների նախարարներ օգտագործում են այդ առիթը՝ միաժամանակ մի տեղում լինելու՝ իրենց երկկողմ հանդիպումները և բանակցություններ ևս ունենում են։ Այս անգամ մենք էլ Ադրբեջանի արտգործնախարարի հետ բացառություն չէինք։ Մենք ունեցանք մեր բանակցությունների հերթական ռաունդը, կենտրոնացանք «Խաղաղության պայմանագրի» տեքստի վրա, փորձեցինք էլի դրական զարգացում ապահովել և մոտեցնել հնարավոր շուտափույթ պայմանագրի կնքումը»։

Հակառակ հայկական կողմի լավատեսությանը՝ Ադրբեջանի նախագահի կողմից հնչել են հերթական մեղադրանքներն՝ ուղղված Հայաստանին, թե միտումնավոր ձգձգվում է «խաղաղության պայմանագրի» կնքումը։ Բանակցող կողմերի միջև այսպիսի վերապահումներով շփումները «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի մոտ հարցեր են առաջացնում։

«Ինձ հետաքրքրիր է՝ Ձեր և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հանդիպման արդյունավետությունն ինչպես եք գնահատում, և, առհասարակ,  ինչպես եք գնահատում բանակցությունների գործընթացը»։

Առաջին անգամ չէ, որ Հայաստանը բախվում է Ադրբեջանի ոչ կառուցողական հայտարարություններին, բայց դա չի շեղելու Հայաստանին նախանշված նպատակից՝ հայտարարեց Միրզոյանը․

«Մենք ունենք արդեն պատմության մեջ առաջին իրավական փաստաթուղթը՝ կնքված երկու երկրների միջև, և այդ փաստաթուղթն արդեն հիմք է դնում և որոշակի, շատ հստակ պատկերացում է տալիս երկու երկրների կողմից միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման, կոնկրետ սահմանների և հետագա սահմանազատման մասին»։

Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին իրավական փաստաթուղթը՝ սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը, Հայաստանի խորհրդարանում վավերացվեց բացառապես խորհրդարանական մեծամասնության քվեարկությամբ։ Ընդդիմադիր խմբակցությունները չեն մասնակցել քվեարկությանը, իսկ «ՔՊ» 71 հոգանոց խմբակցությունից «կողմ» է քվեարկել 67-ը։ Հայտարարված բոյկոտը, սակայն, «Հայաստան» խմբակցությունից պատգամավոր Լևոն Քոչարյանին չի կաշկանդում խոսել կանոնակարգից և դրանում նկատած խնդրահարույց կետերից։

«Խոսքը հատկապես 5–րդ կետի մասին է, երբ խոսք է գնում հատվածային սահմանազատման մասին։ Այսինքն՝ հիմա ավելի կոնկրետ․ եթե, օրինակ, հաջորդ հատվածը  արվում է, ասենք, Տիգրանաշենում, և հայ զինվորը հետ է քաշվում, ասենք՝ ինչ–որ մի կետ։ Հետո, երբ հերթը հասնում է, օրինակ, Ջերմուկին, որտեղ մեր սուվերեն տարածքում է գտնվում Ադրբեջանը, ու իրենք ուղղակի դա չեն անում։ Պրոցեսը դանդաղեցնում են, երկարացնում են, բայց մենք արդեն փաստացի ինչպես Տավուշում ենք հետ քաշվել, նույնպես հետ են   ք քաշված լինում այստեղ։ Ի՞նչ ենք մենք անում։ Հասկացա՝ մինչև վերջ չի հասցվում, չի ստորագրվում։ Հետո՞»։

Հայաստանի կառավարությունը նման կանխավարկածներով չի առաջնորդվում իր գործողություններում, պարզաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես հասկանում եմ, որ գուցե, «Կիկոսի մահը» այն քիչ գրքերից է, որոնք Դուք կարդացել եք, բայց Կանոնակարգում Ձեր նկարագրած մեխանիզմներն ամենևին էլ այդպիսին չեն։ Եւ պետք չէ ամեն անգամ «Կիկոսի մահի» սցենարները դիտարկել։ Այդ ամեն ինչը  ձեր մեկնաբանությունն է։ Բայց կա, ի վերջո, Կանոնակարգի տեքստ, որը հրապարակային է և որը լիարժեք համապատասխանում է ՀՀ պետական շահերին։ Մենք շարունակելու ենք հետապնդել այդ պետական շահերը»։

Սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի վավերացումը խորհրդարանում վարչապետը կարևոր քայլ է համարում անվտանգային ռազմավարությունից ելնելով։ Նա համոզված է, որ Տավուշում սահմանազատումից հետո Կիրանցի դպրոցի օրինակով ամենաանվտանգ միջավայրն է ստեղծվել վերջին 35 տարում։ Ըստ Փաշինյանի՝ խնդիրների նման լուծումը և իրադրությունն ուզում ենք ստեղծել բոլոր սահմանամերձ բնակավայրերում։

Անվտանգային և խաղաղության հարցերը առաջիկայում քննարկվելու են նաև Կազանում՝ ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովում։ Հայաստանի վարչապետը պարզաբանեց, թե որն է գլխավոր շարժառիթը և գլխավոր ակնկալիքն այդ համաժողովից։  

«ԲՐԻԿՍ–ի ընթացիկ գագաթնաժողովը վերաբերում է, ինչպես ձևակերպված է, գլոբալ Հարավի խնդիրներին և, կարծում եմ, այդ օրակարգն ուղիղ առնչվում է նաև ՀՀ–ին և, ըստ էության, կարծում եմ, մենք խնդիր ունենք և կարևոր հնարավորություն է մեզ համար այդ թվում՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ներկայացնելու համար, որովհետև, ասում եմ հաճույքով՝ ակնհայտ է, որ միջազգային հանրության շրջանում «Խաղաղության խաչմերուկի» նկատմամբ հետաքրքրությունը աճում է կայուն ձևով։ Նման հարթակներն, իհարկե, կարևոր են մեր ասելիքն ասելու համար։ Իհարկե, ամենակարևոր շարժառիթը սա է»։

Շարժառիթներում նշանակություն և դեր է ունեցել, որ Հայաստանի վարչապետը հրավերը ստացել է անձամբ ՌԴ նախագահից և ընդունել է այն։ Փաշինյանի համոզմամբ՝ Հայաստանի համար կարևոր է մասնակցել հանդիպումների բոլոր հնարավոր հարթակներում, լսելի դարձնել Հայաստանի ձայնը, նաև լսել մյուսների կարծիքները՝ կողմնորոշվելու և բալանսավորված քաղաքականություն վարելու համար։

Կարդացեք նաև

Back to top button