
Արցախից բռնի տեղահանված ավելի քան 4000 անձ արդեն օգտվել է Կառավարության կողմից ուսանողներին տրվող աջակցությունից։ Պատգամավոր Զարուհի Բաթոյանի հարցին ի պատասխան ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրասյանը մանրամասնել է, որ ծրագրից օգտվելու հնարավորություն ունեն պետական բուհերում սովորող բռնի տեղահանված ուսանողները։
Կառավարությունն այս աջակցությունը սահմանելու համար արդեն երկու որոշում է ընդունել։ Նախարարն ընդգծել է, որ մասնավոր բուհերում սովորող ուսանողները կարող են սահմանված կարգով տեղափոխվել պետական բուհեր և հնարավորություն ստանալ պետական աջակցությունից օգտվելու։
«Նախորդ տարի մենք կառավարության երկու որոշումներով երկու շահառուների խումբ հասցեագրեցինք․ մեկն այն ուսանողներն էին, որոնք բռնի տեղահանման հետևանքով կրթության շարունակականության խնդիր ունեին, և հնարավորինս արագ կազմակերպվեց նրանց կրթության շարունակականությունը մեր ուսումնական հաստատություններում։ Հաստատված ու հրապարակված էր ցանկ, թե որտեղ կարող են ուսանել, հետևաբար՝ այդ ընտրությունը իրականացվել է ուսանողների կողմից։ Շահառուների երկրորդ խումբն այն ուսանողներն էին, որոնք արդեն իսկ սովորում էին մեր բուհերիում, սակայն հանգամանքների պատճառով իրենց ֆինանսավորումը շարունակելու և ուսման վարձը վճարելու խնդիր էին ունենում։ Այս ուսանողների համար ևս պետությունը աջակցություն սահմանեց։ Բոլորովին վերջերս մենք նաև որոշում կայացրեցինք, որով աջակցության մեխանիզմ ներդրեցինք նաև այս ուսումնական տարում ընդունված ուսանողների համար»,– ասել է Ժաննա Անդրեասյանը։




