ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

ՄԽ-ի լուծարումը արցախցիներին կզրկի Արցախ վերադառնալու իրավունքը պաշտպանելու հնարավորությունից․ բողոքի ակցիա ԱԳՆ-ի շենքի մոտ

Արցախցիների՝ Արցախ անվտանգ ու արժանապատիվ վերադարձի, հոգևոր-մշակութային ժառանգության պաշտպանության, ադրբեջանական գերության մեջ ապօրինի պահվող հայ գերիների ազատման, մասնավոր ու հանրային սեփականության պահպանման ու պաշտպանության իրավունք․ Արցախի քաղհասարակության շուրջ 50 կազմակերպություն նամակ է հղել Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության նախագահ Յան Բորգին, նույն նամակը հասցեագրվել է նաև ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին։ Առանցքային պահանջներից մեկը ԵԱՀԿ Մինսկի խմբի վերագործարկման ուղղությամբ քայլեր ձեռնարկելն է։

Նախաձեռնող խմբի անդամ Արթուր Գրիգորյան․ «Ադրբեջանի ղեկավարությունը չի դադարեցնում ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման մանդատ ունեցող միակ կառույցի լուծարման փորձերը, իր ապօրինի նկրտումներին իրավազորություն հաղորդելու նպատակով ադրբեջանական կողմը Հայաստանից պահանջում է համատեղ դիմել ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խմբի կառույցների լուծարման խնդրանքով»։

Մինկի խմբի լուծարումը կզրկի Արցախի քաղաքացիներին ինքնորոշման և Արցախ վերադառնալու իրավունքը պաշտպանելու հնարավորությունից՝ հայտարարում են ակցիայի կազմակերպիչները։ Ակնկալում են, որ արտաքին գործերի նախարարությունը ողջամիտ ժամկետներում կարձագանքի իրենց նամակին։ Նաև առաջարկներ ունեն․

Նախաձեռնող խմբի անդամ Մարիամ Ավագյան․ «Պետք է Մինսկի խմբի բանակցային գործընթաց մտնի մի կարևոր սկզբունք, որ զոհը չի կարող ապրել իրեն ցեղասպանող պետության սահմաններում, ուզում է էնտեղ «անջատում հանուն փրկության» սկզբունքը լինի, թե որ սկզբունքը լինի, կարևոր չէ։ Մենք պետք է մշակենք այդ սկզբունքը, տանք Մինսկի խմբին և ասենք՝ մենք չենք կարող մեզ մորթող համակարգի վերահսկողության ներքո ապրել»։  

Երևանը Մինսկի խմբի լուծարմանը դեմ չէ, բայց միայն Խաղաղության պայմանագրի կնքումից հետո՝ ասուլիսներից մեկի ժամանակ արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե հայկական կողմին առաջարկել են, որ Երևանն ու Բաքուն միասին դիմեն ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խումբը լուծարելու համար, ասել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ հայ-ադրբեջանական բանակցությունների այս փուլում Մինսկի խմբի լուծարումը հարցեր կարող է առաջացնել։

«Խնդիրը էստեղ ժամկետի մասին է, հարց է, թե արդյոք արդյունավետ է և ճիշտ ճանապարհ է այդ թեման դարձնել քննարկման առարկա հիմա, որովհետև կան հարցեր, որոնց պատասխանները մենք էլ պետք է ստանանք։ Ադրբեջանն ասում է՝ եթե հենց հիմա Հայաստանը չի համաձայնում Մինսկի խմբի լուծարմանը, նշանակում է Հայաստանը Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ ունի։ Մենք տարածքային պահանջներ չունենք Ադրբեջանի նկատմամբ։ Սրա մասին բազմիցս հայտարարել ենք»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը։

Նույն օրերին արտգործնախարարությունը հայկական կողմի դիրքորոշումը հստակեցրել էր հայտարարությամբ. «Հայկական կողմը Մինսկի գործընթացի շարունակության հարցը կարող է դիտարկել միայն համապարփակ հարաբերությունների կարգավորման և առաջին հերթին՝ Խաղաղության պայմանագրի կնքման համատեքստում»։

Փորձագետները նկատում են՝ դե յուրե չլուծարված, դե ֆակտո չգործող Մինսկի խումբն առայժմ միակ միջազգային ձևաչափն է, որն իրավասություն ունի ցանկացած պահի անդրադառնալ արցախյան հիմնահարցին։ Համանախագահող երկրների՝ ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հակասությունների պատճառով այսօր այդ ձևաչափը սառեցված է։ Միջազգայնագետ Գուրգեն Սիմոնյանի խոսքով՝ բացի Ադրբեջանից ո՛չ միջազգային հանրությունը, ո՛չ էլ կողմերից մեկը չի հայտարարել արցախյան հիմնախնդրի լուծված լինելու մասին: Հետևաբար, ԵԱՀԿ ՄԽ-ն կարող է առնվազն պահանջել և ապահովել միջազգային այնպիսի անվտանգային երաշխիքներ և այնպիսի իրավաքաղաքական պայմաններ, որոնց պարագայում հնարավոր լինի ապահովել արցախցիների վերադարձն իրենց հայրենի բնակավայրերը․

«Մինսկի խումբը չի կարելի լուծարել առհասարակ, Արցախի հայերն ունեն իրավունքներ, և արցախահայերի իրավունքները պետք է պաշտպանել։ Սակարկության ենթարկել արցախահայերի իրավունքների հարցը, դա ապիկար քաղաքականության նմանվող մի բան կլինի»։

Քաղաքագետ Արեգ Քոչինյանը, մինչդեռ, կարծում է՝ խաղաղության գործընթացի՝ ամբողջությամբ հասկանալի ու կանխատեսելի լինելու դեպքում հնարավոր է հրաժարվել Մինսկի խմբի ձևաչափից․

«Ես, ճիշտն ասած, այս պրոցեսն ընկալում եմ ոչ թե զիջողականություն, այլ հարմարվողականություն ցուցաբերելու համատեքստում։ Այսինքն՝ դա նշանակում է, որ եթե մենք տեսնենք, որ իսկապես կա բովանդակային և լուրջ խաղաղության պրոցես, որը մեզ տանում է կանխատեսելի տեղ, ապա այդ պարագայում հնարավոր է աշխատել Մինսկի խմբի չեղարկման ուղղությամբ»։

Մինսկի խումբը ձևավորվել է 1992-ին՝ ԵԱՀԿ անդամ պետությունների նախարարների խորհուրդի որոշմամբ։ Խմբի ձևավորման նպատակը Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորումն էր։ Մինսկի խումբը համանախագահում են Ֆրանսիան, Ռուսաստանը և ԱՄՆ-ը։ Կառույցի լուծարումը հնարավոր է միայն երկու կողմերի՝ Հայաստանի ու Ադրբեջանի համաձայնության դեպքում։  

Կարդացեք նաև

Back to top button