ԿարևորՌեպորտաժներՏնտեսական

Հայաստանն ավելի քիչ ոսկի արտադրում է, քան արտահանում․ վերաարտահանումը ազդեցիկ գործոն է դարձել

Ռուս–ուկրաիանական պատերազմը փոխել է Հայաստանից ապրանքների արտահանման կառուցվածքն ու երկրների ցանկը։ Ապրանքների արտահանմանը զուգահեռ նաև նոր երևույթ՝ վերաարտահանումն է ավելացել։ Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ Հայաստանն ամենաշատ ապրանք արտահանել է Արաբական Միացյալ էմիրություններ, Ռուսաստան ու Չինաստան։ Առաջին տասնյակը եզրափակում են Եվրամիության երկրները։ Ամենաշատն արտահանվել են թանկարժեք մետաղներ։

Ինչպե՞ս է ստացվել, որ Հայաստանից արտահանվող ապրանքների առյուծի բաժինը թանկարժեք մետաղներն են, մասնավորապես՝ ոսկին, ադամանդն ու արծաթը։ Սա այն դեպքում, երբ երկրի ներսում արտադրության ծավալները մեծ չեն։ Փորձագիտական դաշտում այս հանելուկը լուծելու համար ներմուծվող ապրանքներն են մատնանշում։ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Նարինե Պետրոսյանն ընդգծում է՝ երբ դիտարկում են, արտահանման կառուցվածքում դեպի ԱՄԷ թանկարժեք մետաղներն են առանձնանում։

«Մեր ներքին արտադրությունը չունի այդչափ հնարավորություններ՝ դեպի ԱՄԷ արտահանելու համար։ Ուստի, երբ փորձենք դիտարկել ներմուծման ցուցանիշները, ապա կտեսնենք, որ ՌԴ-ից մեծ քանակությամբ թանկարժեք մետաղներ ենք ներկրում։ Մեր ներքին տնտեսության հնարավորությունները սահմանափակ են։ Այն հիմնական հանքերը, որոնք ոսկու արտադրություն են իրականացնում, բավականին ցածր քանակությամբ արտադրություն ունեն։ Սոթքի հանքավայրը, որը նոր է սկսել մասամբ գործարկվել, Ամուսլարը, որը կշահագործվի 2025 թվականին»։

Եվ քանի որ ներքին արտադրությունը քիչ է, ուստի մասնագետները ենթադրում են՝ ԱՄԷ մեծ ծավալի արտահանումը վերարատահանման գործոնով է պայմանավորված։ Աշխարահագրությունը նույնպես հստակ է՝ Ռուսաստանից Հայաստան, Հայաստանից՝ ԱՄԷ․ ռուս-ուկրաինական պատերազմն է փոխել Հայաստանի արտահանման կառուցվածքը։ Ընդորում փոխվեցին ոչ միայն արտահանվող ապրանքների ցանկը, այլև երկրները՝ արձանագրում է ՀՊՏՀ մակրոէկոնոմիկայի ամբիոնի վարիչ Սոս Խաչիկյանը։

Հայաստանը 2024 թվականի 8 ամիսներին՝ հունվար-օգոստոսին, արտահանել է մոտ 10 մլրդ դոլարի ապրանք։ Աճը  նախորդ տարվա նկատմամբ մոտ 2 անգամ է: 8 ամսում Հայաստանն ամենաշատն արտահանել է Արաբական Միացյալ Էմիրություններ՝  մոտ 4․5 մլրդ դոլարի ապրանք, դեպի ՌԴ արտահանումը նվազել է մոտ 19․5 տոկոսով՝ կազմելով մոտ 2 մրդ դոլար։ Բայց միևնույնն է՝ ամենաշատն արտահանվող երկրորդ երկիրը Չինաստանն է՝ եռակի աճով․

«ԱՄԷ–ի հետ ոսկու և ադամանադի արտահանմամբ է պայմանավորված։ Սա ևս ՌԴ-ից վերարտահանմամբ է պայմանավորված։ Այս պահի դրությամբ Հայաստանի միջոցով ոսկու արտահանման ծավալնեը մեծացել են»։

Փորձագիտական դաշտում ընդգծում են՝ արտահանվող երկրների փոփոխությունն իր հետ նաև արտահանման ապրանքային կառուցվածքի փոփոխության է բերել։ Հայաստանի արտահանման ապրանքային կառուցվածքում, 2023-ի վերջերից սկսած, արձանագրվում են գործընթացներ, որոնք ենթադրում են թանկարժեք մետաղների ու քարերի դերակատարության կտրուկ մեծացում: Դրանով պայմանավորված՝ փոխվում է և՛ ապրանքային կառուցվածքը, և՛ երկրների կառուցվածքը: Ներկրվելով Հայաստան, թանկարժեք ապրանքները որոշ ժամանակ անց վերամշակման ենթարկվելուց հետո արտահանվում են առանձին երկրներ, առաջին հերթին՝ ԱՄԷ: Դրանով պայմանավորված՝ ԱՄԷ-ի մասնաբաժինը կտրուկ ավելացել է մեր արտահանման կառուցվածքում՝ ընդհուպ մոտենալով 50 տոկոսի՝ նշում են մասնագետները։

Արտահանվող պատրաստի արտադրանքին ու գյուղատնտեսական ապրանքներին գումարվել է նաև հեռախոսների, կենցաղային տեխնիկայի վերաարտահանումը՝ արձանագրում է տնտեսագետը։ Չինաստանի հետ ապրանքաշրջանառության որոշակի ավելացում կա։ Սա ևս վերաարտահանման հաշվին է։

«Վերաարտահանումը որոշակիորեն խաթարում է արտահանման ու տնտեսության այլ ցուցանիշների պատկերը»։

Ռուս-ուկրաինական պատերազմով ու Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցներով պայմանավորված՝ տնտեսագետ Աղասի Թավադյանը հիշեցնում է․ «2022-ին ՌԴ դեմ պատժամիջոցներ կիրառվեցին, այդ ժամանակ մեծ քանակությամբ կապիտալ ու աշխատուժ  ներհոսեց Հայաստան։ Հատկապես մեծ քանակությամբ ՏՏ ոլորտի մասնագետներ եկան»։

Այդուհանդերձ՝ ինչո՞ւ է նվազել դեպի ՌԴ արտահանումը։ Փորձագիտական դաշտում նվազման պատճառները բացատրում են կրկին վերաարտահանմամբ, երբ 2022-ից մեքենաների, սարքավորումների, տեխնիկական միջոցների արտահանումը պատերազմի մեկնարկից հետք երկու տարվա ընթացքում բազմապատկվեց գրեթե 20 անգամ: Այժմ արդեն տեմպը նվազել է, բացի այդ, նաև ռուբլու արժեզրկումն է շարունակվում։ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Նարինե Պետրոսյանն ընդգծում է՝ արտահանման ընդհանուր կառուցվածքում ռուսական գործոնը ընդհանրապես չեզոքացնելը տրամաբանական չէ․

«ՌԴ մեր հիմնական տնտեսական գործընկերներից է, այս երկրի հետ ունենք ավանդական տնտեսական կապեր։ Բազմաթիվ ապրանքատեսակների գծով, նաև պարենային անվտանգության տեսնակյունից, մենք էականորեն կախված ենք այս երկրից։

Հետևաբար, ենթադրել, որ առնվազն կարճաժամակետում,  այս երկրի՝ մեր տնտեսության վրա արտաքին առևտրի վրա ունեցած ազդեցությունը կարող է նվազել, այնքան էլ տրամաբանական չեմ համարում»։

Դեպի ԵՄ երկրներ նույնպես արտահանումը նվազել է՝ 8 ամսում մոտ 24 տոկոսով։ Բայց դեպի ԵՄ առանձին երկրներ արտահանումն աճել է: Օրինակ՝ դեպի Բելգիա՝ 50.5 տոկոսով, Ռումինիա՝ 87 տոկոսով։

Եվս մեկ դիտարկում նույնպես տնտեսագետ Նարինե Պետրոսյանից․ «ԱՄԷ արտահանման կշիռն աճել է՝ ի հաշիվ մյուս երկրների խմբերի նվազման։ Դեպի ԱՄԷ թանկարժեք մետաղներ ենք արտահանում, դեպի ՌԴ պատրաստի արտադրանք, իսկ ԵՄ երկրներից հետաքրքրական է դեպի Իտալիա մանածագործական արտադրանքի արտահանումը»։

Քանի որ արտահանման ցուցանիշների հիմնական փոփոխությունը վերաարտահանմամբ է պայմանավորված, փորձագիտական դաշտում չեն բացառում՝ առաջիկայում գուցե պատկերը փոխվի։

Կարդացեք նաև

Back to top button