
Վերջին տասնամյակում կլիմայի փոփոխության հետևանքով բնական աղետների հաճախականությունը և ինտենսիվությունը զգալիորեն աճել են։ Մասնագետները փաստում են՝ այդ հարցում մարդկային գործոնն ամենավերջին տեղում չէ։ Թե ինչ է լինում, երբ պատկան մարմիններն ու հասարակությունը հաշվի չեն առնում բնության ուժը անգամ մասնագետների մատնանշումից հետո, ցույց տվեց Դեբետը՝ Ալավերդիում։
Լոռու մարզում այս տարվա գարնանը Դեբետի ու հարակից վտակների վարարման հետևանքով տեղի ունեցած աղետը նաև տասնամյակներ շարունակ բնապահպանական խնդիրները հաշվի չառնելու հետևանք էր։ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն»-ի ներկայացուցիչներն ասում են՝ մեկ անգամ չէ, որ ահազանգել են գետի և հարակից տարածքների բնապահպանական խնդիրների վերաբերյալ։
Մայիսյան վարարումները, ըստ բնապահպանների, մասսայական անտառահատումների, գետի հունի նեղացման ու աղտոտման հետևանք էին։
Հողօգտագործման և ենթակառուցվածքների վերաբերյալ որոշումներն ի վնաս բնության են կայացվել, ինչն ուժեղացրել է բնական աղետների և կլիմայի փոփոխության հետևանքները: Փորձագետներն օրինակ են բերում Մ6 մայրուղու վերանորոգման ժամանակ ճանապարհի լայնացման համար ժայռերից փորված զանգվածները գետը լցնելու և հունը նեղացնելու փաստը։



Ի՞նչ պետք էր անել աղետը կանխելու համար։ Ալավերդու համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանն ասում է, թե ինչ անել հիմա, որ այն չկրկնվի։
«Ես ասեմ, թե ինչ պետք է անել հիմա․ գետի հունին ավելի լուրջ մոտեցում ցուցաբերել, տարածքներ չտրամադրել, հողեր չօտարել, մաքուր պահել։ Միանշանակ չի տրվելու (տարածքներ–հեղ․)։ Կառավարությունը հնարավոր է անդրադառնա գետի հունի վրա այն հողատարածքներին, որոնք տրվել են ժամանակին օրինավոր կամ ապօրինի, և ճիշտ կանի։ Դա պետք է՝ գետի հունը լիարժեք մաքրելու համար»։
2021 թվականին ԱՌՆԱՊ հիմնադրամն իրականացրել էր հետազոտություն՝ տեղական մակարդակում կլիմայական ռիսկերի բացահայտման վերաբերյալ, որտեղ անդրադարձ կա հարցին, թե ինչ կարող է լինել Դեբետի վարարման հետևանքով և ինչու։
«Դեբեդ գետի վարարման դեպքում ջրածածկման գոտում կհայտնվեն գետի հունի երկայնքով կառուցված շինություններն ու տարածքները: Կոյուղու խողովակները ջրի մակարդակին մոտ են։ Վարարման դեպքում կոյուղին կխափանվի և կառաջանա հետհոսք»,-նշվում է հետազոտության մեջ։ Ալավերդիում, ինչպես կանխատեսում էին հետազոտողները, անկառավարելի հեղեղատներ առաջացան՝ արգելափակելով բնակիչներին։
Բնական վտանգների տեսանկյունից Հայաստանի Հանրապետության տարածքի 100%-ը ենթակա է ուժեղ երկրաշարժերի, կարկտահարման, երաշտի, ցրտահարությունների, 30%-ը՝ սելավների և ջրածածկումների, 4.1%-ը՝ սողանքների, 0,5%-ը՝ փլուզումների ու քարաթափումների և այլն: Տեխնոլոգիական վտանգները նույնպես զգալի ռիսկի աղբյուր են։
2021 թվականին Կառավարության որոշմամբ հաստատվել է «Կլիմայի փոփոխության հարմարվողականության ազգային գործողությունների ծրագիրը և 2021-2025 թվականների միջոցառումների ցանկը», սակայն տեղական մակարդակում կատարված գործողությունները հստակ չեն՝ ասում են տեղացի փորձագետները։
Այսօր էլ այդ ռիսկերը չեզոքացված չեն, բնապահպանական խնդիրների լուծման մեջ պետք է հետևողակնություն ցուցաբերեն թե՛ համայնքները, թե՛ պետությունը․ Նինա Մամաջանյանի տեսակետն է։



«Հիդրոլոգիական ռիսկեր հիմա էլ կան, քանի որ կլիմայական փոփոխությւոններով պայմանավորված՝ ռիսկերը ոչ ոք չի կանխարգելել կամ նվազեցրել։ Մնում է, որ համայնքները, նաև պետությունը մտածեն, թե այս ուղղությամբ ինչ քայլեր են անում։ Փարիզի համաձայնագրով մենք պարտավորվել ենք մեր անտառածածկ տարածքներն ավելացնել, գուցե դա նաև ռիսկերը նվազեցնելու ինչ որ տարբերակ է»։
Աղետից երկու ամիս անց Նինա Մամաջանյանի հեղինակությամբ հրապարակվել էր ուսումնասիրություն՝ Հայաստանում կլիմայական ռիսկերի, Ալավերդիում ուշացած գործողությունների ու շարունակվող խոցելիության մասին։ Օրինակը ցույց է տալիս, որ համայնքում աղետի դիմակայմանն ուղղված գործողություններ գրեթե չեն իրականացվել։
«Մեզ հետ հարցազրույցի ժամանակ Ալավերդու համայնքապետը նշել է, որ իրենք պետք է ռիսկերի հետևանքով հնարավոր աղետների կառավարման ու դրանց լինելու դեպքում գործողությունների պլան մշակեն՝ հաշվի առնելով ներկա փորձը, և սպասում են մասնագետների եզրակացություններին ու առաջարկություններին, որպեսզի այդ պլանը լինի հնարավորինս գործունակ»։
Աղետներին դիմակայելու ու դրանց հետևանքները մեղմելու ջանքերն իսկապես հնարավոր և անհրաժեշտ են: Բնապահպանները համոզված են՝ Ալավերդու օրինակը ցույց է տալիս, որ ժամանակին արված միջամտությունները, ինչպիսիք են գետափերի ամրացումը, ջրահեռացման համակարգերի բարելավումը և իրազեկման ծրագրերը, վնասի չափը կարող են զգալիորեն կրճատել:




