
Վերջին երեք տարում Սիսիանում ներքաղաքական խմորումներ են։ Դրանց առաջին փուլը 2022-ի ավագանու ընտրություններից հետո էր, երբ ընդդիմադիր խմբակցությունների բոյկոտի հետևանքով ավագանու նիստեր տեղի չէին ունենում ու «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուն՝ Արմեն Հակոբջանյանը չէր կարողանում ստանձնել պաշտոնը։
2023թ․ մարտին կայացած նոր ընտրություններից հետո Հակոբջանյանին հաջողվեց ընտրվել համայնքապետ, սակայն հոկտեմբերի 15-ին նա աշխատանքից ազատվելու դիմում է ներակայացրել՝ հրաժարվելով նաև ավագանու մանդատից։
Հոկտեմբերի 21-ին Սիսիանի համայնքի ավագանին արտահերթ նիստ է հրավիրել՝ որոշելու համայնքի նոր ղեկավարի ընտրության օրը։ 2023թ․ մարտի 26-ից՝ Սիսիանի ավագանու ընտրություններից հետո, երբ համայնքի ղեկավար ընտրվեց «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածու Արմեն Հակոբջանյանն ու ձևավորվեց համայնքապետարանի աշխատակազմը, սիսիանցիները կարծում էին, որ ներքաղաքական խմորումները հաղթահարվել են։ Սակայն հոկտեմբերի 15-ին հայտնի դարձավ, որ համայնքապետ Արմեն Հակոբջանյանը և առաջին տեղակալ Կարեն Հովհաննիսյանն աշխատանքից ազատվելու ու ավագանու մանդատից հրաժարվելու դիմում են ներկայացրել։
Աշխատանքից ազատվել է նաև 2-րդ տեղակալ Գարիկ Հակոբյանը։ Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքի՝ թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշմամբ վաղաժամկետ դադարած Սիսիանի ավագանու անդամների մանդատները հատկացվել են Սիսիանի թիվ 1 դպրոցի տնօրեն Անահիտ Գևորգյանին ու Սիսիանի համայնքապետարանի քարտուղարության, անձնակազմի կառավարման, տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետ Դավիթ Հարությունյանին։ Սիսիան համայնքի ավագանու 1/3-րդ որոշմամբ հոկտեմբերի 21-ին, ժամը 16-ին արտահերթ նիստ է հրավիրվել՝ որոշելու Սիսիան համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության օրը։
Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Կարեն Իվանյան․ «Նույն օրը չի լինի ընտրությունը, քանի որ ընթացակարգեր կան։ Օրենքում հստակ գրված է, որ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունը տեղի է ունենում ժամը 11-ին։ Այսինքն՝ այդ օրը բացառվում է համայնքապետի ընտրություն կազմակերպելը»։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքապետի պաշտոնի համար առաջադրելու է ավագանու անդամ, առողջապական ու աշխատանքի տեսչական մարմնի հարավային տարածքային կենտրոնի պետ Հովսեփ Առաքելյանի թեկնածությունը։ 34-ամյա թեկնածուն կառավարման փորձ ունի, երկար տարիներ ավագանու անդամ է եղել։
«Սա իմ հինգերորդ աշխատանքային տեղն է լինելու, որտեղ աշխատել եմ՝ կարծում եմ արդարացրել եմ։ 2016թ-ից ավագանու անդամ եմ եղել, ինձ համար անսվոր չի այստեղ»։
Հովսեփ Առաքելյանը Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Կարեն Իվանյանի քրոջ որդին է։ Արդյո՞ք սա կաշկանդող հանգամանք չէ համայնքապետի թեկնածուի համար։
«Ինքը լավ գիտի իմ պոտենցիալը, ես էլ իրենը։ Ավելի հանգիստ կլինեմ ես, չեմ կաշկանդվի»։
Թեկնածուին, բնականաբար, Սիսիանի աշխատակազմի ղեկավար Կարեն Իվանյանը պատրաստվում է խորհուրդներ տալ, բայց՝ «Խորհուրդը որոշման կայացման հիմք չէ, ես խորհուրդ կտամ, բայց որ խորհուրդը պարտադիր կատարման հիմք լինի, չեմ կարծում, որովհետև Հովսեփը կայացած մարդ է։ Ամենքս մեր աշխատանքն ենք անելու, մանավանդ իմ գործառույթները հստակ սահմանված են։ Կարծում եմ՝ մեր համատեղ աշխատանքը կլինի ի բարօրություն Սիսիանի ու սիսիանցների»։
Համատեղ աշխատանքին միանալու ցանկություն է հայտնել նաև Սիսիանի ավագանու նորընտիր անդամ, համայնքապետարանի քարտուղարության, անձնակազմի կառավարման, տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետ, Դավիթ Հարությունյանը։ Նա պատրաստվում է ստանձնել համայնքի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնը։
Լինելով հանրային ծառայող՝ Դավիթ Հարությունյանը չի խախտել օրենքը՝ ստանալով ավագանու անդամի մանդատը, քանի որ ըստ «Հանրային ծառայողի մասին» օրենքի՝ պաշտոնի անհամատեղելիություն առաջանալու դեպքում հանրային ծառայողը կարող է մեկ ամսվա ընթացքում մտածել ու որոշում ընդունել։ 33-ամյա Դավիթ Հարությունյանին մեկ ամիս անհրաժեշտ չէ․ նա արդեն կողմնորոշվել է՝ լինել համայնքային իշխանության ղեկավար կազմում։
Դավիթ Հարությունյան․ «Ոչ մի մտավախություն չունեմ, քանի որ ուժեղ մարդիկ ճանապարհը միշտ շարունակվում են պատվով»։
Կհաջողվի արդյոք Սիսիան համայնքի նոր իշխանությանը պատվով դուրս գալ ստեղծված ճգնաժամից, ցույց կտա ժամանակը։ Սիսիանի ավագանու 21 մանդատներից 13-ը տնօրինում է «Քաղաքացիական պայմանագիրը», 5-ը՝ ՀՀԿ-ն, 3-ը՝ «Քաղաքացու որոշում» կուսակցությունը։ Եթե ընդդիմությունը բոյկոտի ավագանու նիստը, ամեն դեպքում քվորում կլինի՝ համոզված են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչները։




