
Ացախի հոգևոր-մշակութային ժառանգության մի մասն արդեն ոչնչացվել է, մյուս մասը ոչնչացվում է կամ վտանգված է։ Արցախի մշակութային ժառանգությունը մշտադիտարկող Monument Watch հարթակը արբանյակային պատկերներով ու ադրբեջանական աղբյուրների վկայակոչմամբ հայտնում է՝ 4 հայկական եկեղեցի արդեն անհետացել է երկրի երեսից, տնտեսական գործունեության պատրվակով ոչնչացվել է 6 գյուղ, իսկ Ստեփանակերտի պատմական փողոցներից մեկն աղճատվել ու ձևափոխվել է բառացիորեն օրեր առաջ։ Խորհրդարանում ոլորտի ներկայացուցիչները քննարկել են Արցախի պատմամշակութային ժառանգության հնարարավոր փրկության հեռանկարները, անդրադարձել նաև ոչ նյութական մշակույթի պահպանման խնդրին։
5 000 մշակութային հուշարձան, 400 միջնադարյան գերեզմանատուն, 25 թանգարան․ Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի թեմական խորհրդի ատենապետ Լեռնիկ Հովհաննիսյանը թվարկում է Արցախում հայկական ժառանգության խոսուն վկաների անունները, աշխարհագրական վայրերը, պատմական նշանակությունը։ Դրանցից որոշներն արդեն այլ՝ ադրբեջանական անուններով ու տեսքով ներկայացված են Ադրբեջանի մշակույթի նախարարության կայքԷջում։
«Սա շատ վառ օրինակ է՝ Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին է, որը այսօր իսպառ ոչնչացված է, և Ադրբեջանի հանրապետության մշակույթի նախարարության կայքէջում դրված է որպես Կուսանաց վանք»։

Ադրբեջանը համարում է, որ 1994-ից հետո բոլոր շինությունները, այդ թվում ՝ հոգևոր պաշտամունքային կոթողները, ապօրինի են կառուցվել՝ Ադրբեջանի օրենսդրության խախտմամբ՝ ասում է Հովհաննիսյանը։ Դրանից առաջ կառուցավծներն էլ վերագրում աղվանական մշակույթին։ 2023-ից առաջ և հետո արված պատկերներով Հովհաննիսյանը ցույց է տալիս՝ Ջրականի, Թալիշի, Բերձորի եկեղեցիները, Ստեփանակերտի հանրահայտ 54 մետր երկարությամբ խաչը, որոնք արդեն չկան, իսկ Քարինտակի ու Հադրութի շրջանի Վանք գյուղի եկեղեցիները դեռ պահպանվում են, քանի որ միջազգային ատյաններում դրանց վերաբերյալ դատական հայցեր կան․
«Քարինտակից միայն եկեղեցին է պահպանվել, որովհետև 2022-ին ՄԻԵԴ-ում այդ և Հադրութի շրջանի Վանք գյուղի Սուրբ խաչ վանքի հետ կապված դատական հայց է ներկայացվել, նաև եղել է չեզոք եզրակացություն, որը ուղարկվել էր Կոռնելի համալսարան, թե դրանից հետո վերջնական ի՞նչ որոշում կա, հայտնի չէ»։
Արցախում այս պահին դասական էթնոկրոնական դիմախեղում է, ամեն օր արբանյակային քարտեզների վրա հայտվում են նոր ստեղծված մզկիթների նշաններ։ Արցախի մշակույթի երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախկին նախարար Սերգեյ Շահվերդյանը ուշադրություն է հրավիրում հանգամանքին, որ նախ 2020-ի 44-օրյա պատերազմի, ապա 2023-ի բռնի տեղահանության արդյունքում առնվազն 18 թանգարանային հավաքածու ու 25 թանգարան է մնացել Ադրբեջանի վերահսկողության տակ։ Ընդ որում՝ Շահվերդյանի խոսքով, թանգարանային հավքածուների մեծ մասը վերստեղծել հնարավոր չէ․
«2023-ի բռնի տեղահանության հետևանքով կորուսյալ թանգարանների թիվը առնվազն 14-ն է, Ստեփանակերտում 3 թանգարանային հավաքածու է մասնակիորեն կորսվել, Մարտակերտի շրջանում՝ 2 արվեստի գործ, Ասկերանի շրջանում՝ 2 ու Մարտունու շրջանում`3։ 2020-ին կորսված 7 հավաքածուներ վերաստեղծվել են, 11-ը՝ ոչ»։
Ադրբեջանը Տիգրանակերտ պատմամշակութային արգելոցը ներկայացնում է որպես Փանահի ժամանակներից սկսված մշակութային շերտ, իսկ այնտեղի միջնադարյան եկեղեցին՝ որպես Փանահ խանի բաղնիք՝ ասում է հուշարձանագետ Արմինե Հայրապետյանը։ Նրա խոսքով՝ Ազոխի բնապատմական արգելոցում նախատեսվում էր ստեղծել նաև թանգարան, իսկ այժմ քարանձավի գտածոները Բաքվում են, դրանց ճակատագիրն անհայտ է․

«Ազոխի գտածոները գտնվում էին արշավախմբի տրամադրության տակ, այնտեղ մենք ունեինք գտածոներ, որոնք նախատեսված էին Ազոխում ապագայում բացվելիք թանգարանում ցուցադրելու համար։ Այդ գտածոները նույնպես մնացել են Ազոխ գյուղում եւ նրանց ճակատագիրը հայտնի չէ, գիտենք, որ տեղափոխվել են Բաքու։ Ազոխը դա զուտ հայկական մշակութային շերտ չէ, համամարդկային շերտ է»։
2021-ին ստեղծված առաջին թեմատիկ ակադեմիական եռալեզու Monument Watch հարթակի համահիմնադիր, հնագետ Համլետ Պետրոսյանի խոսքով՝ հաջողելու և ադրբեջանական քարոզչությանը հակազդելու համար մասնագիտական հանրությունը պետք է հնարավոր բոլոր տարբերակներով միջազգային հանրությանը հասցնի փաստական վկայությունները․
«Մենք փորձում ենք միջազգային գիտական հանրույթին, միջազգային մշակութապահպան կազմակերպություններին ներկայացնել իրական վիճակը՝ առանց բամբասանքի, պրոպագանդիայի և պաթոսի»։
Նկատում է՝ առայժմ չկա Արցախի մշակութային ժառանգությանն պաշտպանությանն ուղղված հստակ քաղաքականություն, քննադատելու փոխարեն անհատները պիտի իրենց ուսերին վերցնեն կոնկրետ անելիք։ Օինակ՝ Արցախի ոչ մշակութային ժառանգության՝ բարբառի, արհեստների ու ավանդույթների պահպանման հարցում մեծ է Հայաստանի կրթական ու մշակությաին գործիչների դերը։ Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանի խոսքով՝ այս պահին կա հնարավորություն՝ Սփյուռքի կառույցների միջոցով նյութական ռեսուրս ներգրավելու եւ ավելի մեծ աշխատանք կատարելու։ Հայ առաքելական եկեղեցին միջազգային հարթակներում կարող է հանդես գալ որպես մշակութային ժառանգության տեր՝ ասաց Բեգլարյանը․

«Թեև մեր մշակութային ժառանգությունը միայն կրոնական չէ, բայց հատկապես կրոնական ժառանգությունն ավելի լուրջ ավերածությունների է ենթարկվում Ադրբեջանի կողմից, քան ոչ կրոնականը։ Միգուցե՝ և կրոնական հանգամանքով պայմանավորված, և քրիստոնեական մեր ժառանգության հայկական ինքնությամբ պայմանավորված»։
Վերջին անգամ հարցը միջազգային հարթակներում քննարկվել է սեպտեմբերի վերջին։ Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի նախարարական հանդիպման ժամանակ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ընդգծել էր՝ Լեռնային Ղարաբաղում իրականացված էթնիկ զտման հետևանքով հայկական մշակութային ժառանգությունը վերացման սպառնալիքի տակ է և պնդել ՅՈւՆԵՍԿՕ-ի անկախ փորձագետների առաքելության գործուղումը Արցախ։ Արդարադատության միջազգային դատարանը Ադրբեջանին պարտավորեցրել է կանխել և պատժել հայկական մշակութային ժառանգության նկատմամբ վանդալիզմի բոլոր դրսևորումները, սակայն մինչ օրս այդ պահանջները անտեսվում են՝ հիշեցրել էր Արարատ Միրզոյանը։




