ԿարևորՌեպորտաժներՏնտեսական

Տնտեսական ինտեգրումը խորացնող նախագծեր՝ լոգիստիկ խնդիրների պայմաններում․ ԵԱՏՄ գործակցության «հայկական» թվերը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած հայկական պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին։  Սա Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ անցկացվող երրորդ նիստն է։ Նախորդ նիստերը, որոնք նախագահել է Հայաստանի վարչապետը, այս տարվա հունվար ու մայիս ամիսներին էին։

Շուրջ հինգ տասնյակ հարց՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մոսկովյան նիստի օրակարգում․ քննարկումների առանցքում տնտեսական ինտեգրումը խորացնող նախագծեր են, մասնավորապես, Եվրասիական տրանսպորտային միջանցքներում ընդգրկված ԵԱՏՄ երկրների ճանապարհներով տրանսպորտային միջոցների թույլատրելի քաշ, բեռների և դրանց քանակի սահմանման մասին համաձայնագրի ստորագրման նախագիծ։

Կողմերը քննարկում են նաև 2025թվականի համար նախատեսված ռազմավարության իրականացման քայլերն ու լիազորված տնտեսական օպերատորին հատուկ պարզեցման կարգի տրամադրումը և ոչ միայն։ Նաև ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերում են փոփոխություններ սպասվում։ Հայկական կողմից նիստին մասնակցում են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանն ու ՏԿԵՆ փոխնախարար Արմեն Սիմոնյանը։
Տարին կառույցի համար հոբելյանական է, տասնամյա ԵԱՏՄ-ին անդամակցում է հինգ երկիր՝ Հայաստանը, ՌԴ -ն, Բելառուսը, Ղազախստանն ու Ղրղզստանը։

Մինչ կամփոփվեն նիստի արդյունքները, հայաստանյան փորձագիտական դաշտում գնահատումներ ու կանխատեսումներ են անում՝ նկատելով՝ բոլոր նպատակներով հանդերձ Հայաստանը ԵԱՏՄ անդամ երկրների հետ լոգիստիկ խնդիր ունի։ ՀՊՏՀ մակրոէկոնոմիկայի ամբիոնի վարիչ Սոս Խաչիկյանն ընդգծում է՝ Հայաստանը ԵԱՏՄ հետ ինտեգրացիոն լուրջ համաձայնագրեր ունի, բայց կապն անդամ պետությունների հետ անցնում է Լարսով, որտեղ խնդիրները մշտական են։

«Սա շատ թույլ հաղորդակցություն է։ Սա անընդհատ լոգիստիկ խնդիրների բերող հաղորդակցություն է։ Այս առումով, կարծում եմ, որ ռիսկերը մեծ են։ Եթե քաղաքական, բնական աղետների, անգամ տեխնիկական պատճառներով այս կապը խզվի, մեր կապը կկտրվի ԵԱՏՄ անդամ պետությունների հետ։ Ճանապարհն անցնում է ոչ միայն Լարսով, այլ նաև երրորդ երկրի՝ Վրաստանի միջով»։

Հաղորդակցության խնդիրներով հանդերձ էլ՝ Հայաստանի ու ԵԱՏՄ անդամ երկրների, մասնավորապես ՌԴ-ի հետ առևտրաշրջանառությունն ավելանում է։ Տնտեսագետ Աղասի Թավադյանը ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները բաժանում է փուլերի՝ մինչև ռուս-ուկրաիանական պատերազմն ու դրանից հետո։ ԵԱՏՄ-ին անդամակցությունից ի վեր՝ մինչև հակամարտությունը, Հայաստանի արտահանումը դեպի ԵԱՏՄ երկրներ, մասնավորապես, ՌԴ աճել է մոտ 6 անգամ։ 2022-ի սկզբից արդեն իրավիճակը փոխվել է։ Առևտրաշրջանառության մեջ եղել են որոշ փոփոխություններ ՝ վերաարտահանման աճով պայմանավորված։

«Այս պահին Հայաստանի արտահանումը ԵԱՏՄ երկրներ գերազանցում է 3 մլրդ դոլարը։ Բավականին մեծ աճ կա 2021-ի 870 մլն դոլարի ցուցանիշի համեմատ։ Սա պայմանավորված է վերաարտահանման աճով։ 2022-ին Հայաստանի արտահանումը դեպի ԵԱՏՄ երկրներ ավելացել է 3 անգամ»։

ԵԱՏՄ գործակցության շրջանակում առանձնակի են Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունները․ հոկտեմբերի 8–ին ԱՊՀ երկրներիպետությունների ղեկավարների հանդիպման շրջանակում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը ՌԴ նախագահը շեշտել էր՝

«Անցյալ տարի առևտրաշրջանառությունը կազմել է 7,4 միլիարդ դոլար, իսկ այս տարվա առաջին կիսամյակում աճել է 2,5 անգամ՝ գերազանցելով 8,3 միլիարդ դոլարը։ Եթե այս տեմպերը շարունակվեն, տարեվերջին ապրանքաշրջանառությունը կարող է հասնել ռեկորդային 14-16 մլրդ դոլարի»։

Հայաստանի նախագահն էլ օրերս Ղազախստանում «Կազինֆորմ» գործակալությանը տված հարցազրույցում արձանագրել էր, որ ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը 2023 թվականին աճել է 42,7 %-ով և կազմել 7,6 մլրդ դոլար, որից միայն 7,4 մլրդ-ը Ռուսաստանի հետ առևտուրն է։

Տնտեսագետ Թավադյանը հաշվարկել է՝ առանց վերաարտահանման ցուցանիշի՝ 2022-ին Հայաստանից արտահանումն ավելացել է 2 անգամ։

«Հիմնականում աճել է պատրաստի ապրանքների արտահանումը՝ գյուղմթերքը՝ մոտ 2 անգամ, կոնյակի արտահանումը, պլաստմասե իրերի արտահանումը նույնպես ավելացել է»։

Իրեն անդամակցող երկրների միջև գործակցությունից զատ՝ միությունը համաձայնագրեր է ստորագրում նաև այլ երկրների հետ՝ համագործակցությունը խորացնելու համար։  Իրանի ու ԵԱՏՄ միջև ազատ առևտրի համaձայնագիրն արդեն ստորագրված է։ ԵԱՏՄ գործարար խորհրդի ու Միջազգային առևտրի աջակցության չինական կոմիտեի միջև նույնպես համագործակցության հուշագիը է ստորագրված։ Փաստաթուղթը թույլ կտա վերացնել խոչընդոտները և ավելի զարգացնել ԵԱՏՄ երկրների և ՉԺՀ-ի գործարար կապերը: Հուշագրով նախատեսվում է ստեղծել մշտապես գործող բիզնես երկխոսություն։ Հստակեցվել են նաև միության անդամ երկրներում դեղերի շրջանառության կարգավորման միասնական սկզբունքները։

Կարդացեք նաև

Back to top button