ԿարևորՌեպորտաժներՎերլուծական

Ինչ են քննարկելու տարածաշրջանի 6 երկրներից 5-ի արտգործնախարարները Ստամբուլում

Հոկտեմբերի 18-ին Ստամբուլում կհանդիպեն տարածաշրջանի 6 երկրներից 5-ի արտգործնախարարները։ Վրաստանը չի մասնակցի «3+3» հարթակի հերթական  հանդիպմանը, Հայաստանը, Ռուսաստանն ու Իրանն արդեն հաստատել են մասնակցությունը։

Սա 44-օրյա պատերազմից հետո Թուրքիայի առաջարկով ստեղծված հարթակի երրորդ հանդիպումն է։ «3+3»-ի ձևաչափով առաջին նիստը 2021-ին Մոսկվայում էր, երկրորդը ՝ նախորդ տարի Թեհրանում։

Տարածաշրջանային «3+3» հարթակը  խորհրդատվական  է՝  ձևաչափի մասնակից  երկրների  երրորդ՝ ստամբուլյան հանդիպումից առաջ հիշեցնում է քաղաքագետ Արա Պողոսյանը։ Զրուցակիցս թերահավատ է Թուրքիա, Իրան, Ռուսաստան, Հայաստան, Ադրբեջան ձևաչափի արդյունավետությոն հարցում, ակնկալիքներ չունի նաև սպասվող հանդիպումից։ Կարծում է՝ առաջիկա հանդիպման առանցքում լինելու է կոմունիկացիաների ապաշրջափակման հարցը։

«Ի հեճուկս արտատարածաշրջանային մյուս խաղացողների՝ կփորձեն ցույց տալ, որ իրենք տարածաշրջանում կարևոր դերակատարներ են և ցանկության դեպքում կարող են համաձայնության գալ։ Սակայն կարծում եմ, որ «3+3» հարթակի նաև երրորդ հանդիպումը չի կարող լինել պրոդուկտիվ, որի պատճառներից մեկն այն է, որ չկա տարածաշրջանային խնդիրների, կոմունիկացիաների ապաշրջափակման հարցում ընդհանուր կոնսենսուս։ Կարծում եմ՝ հիմնական մեխը քննարկումների կլինի տարածաշրջանային կոմունիկացիաների խնդիրը, որտեղ բոլոր կողմերը ունեն թե ընդհանուր և թե առանձին հետաքրքրություններ։ Իրանը կոմունիկացիաների բացման հարցում ունի հակասություններ Թուրքիայի, Ադրբեջանի ու անգամ ինչ-որ առումով Ռուսաստանի հետ»։ 

ՀՀ արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանը հաստատել է, որ արտգործնախարար Արարատ Միրզոյանը կմասնակցի Ստամբուլում հոկտեմբերի 18-ին նախատեսված «3+3» հարթակի երրորդ հանդիպմանը, ՌԴ ԱԳՆ Լավրովը նույնպես կմասնակցի հանդիպմանը՝ հստակեցրել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Զախարովան։

Թեհրանն ավելի վաղ վստահեցրել էր, որ պատրաստ է մասնակցել տարածաշրջանային այդ ձևաչափով Թուրքիայում նախատեսված հանդիպմանը։

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը Անկարայում Հորդանանի ԱԳ նախարար Ամման աս-Սաֆադիի հետ բանակցություններից հետո հայտարարել է, որ շարունակում են խորհրդակցությունները տարածաշրջանի երկրների հետ՝ 3+3 ձևաչափով։

Վրաստանը, սակայն, հենց սկզբից էր հրաժարվել այս հարթակից՝ Ռուսաստանի հետ առկա հակասությունների պատճառով։ Թբիլիսին նախորդ երկու հանդիպումներին չի մասնակցել, չի մասնակցի նաև երրորդին։

Այդ երկրի արտաքին գործերի նախարարությունը պարզաբանել է՝ Վրաստանը վաղուց հայտարարել է, որ այս ֆորմոտով չի աշխատում։

Քաղաքագետ Արա Պողոսյանը, ձևաչափին մաս կազմող երկրների հակասությունները հաշվի առնելով, քիչ հավանական է համարում որևէ հարցում ընդհանուր հայտարարի գալը, բայց նաև չի բացառում, որ ինչ-որ փուլում այս հարթակի անհրաժեշտությունը զգացվի։

«Հարթակի անհրաժեշտությունը կարող է ինչ-որ պահի իսկապես ակտուալ լինի՝ տեսանելի ապագայի մասին չէ խոսքը, բայց հեռավոր ապագայում, երբ նոր աշխարհակարգը կմտնի իր ամրացման փուլի մեջ, այդ պահին հնարավոր է, որ այդ հարթակը լինի պրոդուկտիվ և որոշակի խնդիրներ կարողանա լուծել տարածաշրջանում»։

«3+3» հարթակը ձևավորվեց 44-օրյա պատերազմից հետո Թուրքիայի նախաձեռնությամբ ու Մոսկվայի աջակցությամբ։ Հիմքում տարածաշրջանային հացերը տարածաշրջանում լուծելու մոտեցումն էր։

Իրանագետ Արմեն Վարդանյանն այս ձևաչափին Հայաստանի մասնակությունը նպատակահարմար չի համարում։ Ասում է՝ հարթակում ընդգրկված երկրների իրական նպատակներն առավել քան տեսանելի են։

«Որևէ լուրջ սպասելիքներ չունեմ։ Կարծում եմ, որ այդ ձևաչափին մասնակցելը Հայաստանի շահերից չի բխում, որովհետև դրա մեջ  ընդգրկված երկրները՝ ՌԴ-ն, Թուրքիան, Իրանն ու Ադրբեջանը, ունեն մեկ ընդհանուր նպատակ․ Արևմուտքին դուրս մղել տարածաշրջանից և հարցերը լուծել սեփական ուժերով, իսկ դա չի բխում մեր շահերից, որովհետև այս տարածաշրջանում Արևմուտքի ուժեղ ազդեցությունը Հայաստանին հնարավորություն է տալիս բալանսավորված քաղաքականություն վարել և մանևրել շատ հարցերում»։

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանն օրերս «Խաղաղության խաչմերուկ» նախագծի քննարկումներից մեկի ժամանակ կարևորել էր «3+3» ձևաչափը՝ նաև Հայաստանի առաջ քաշած նախագծի իրագործման շրջանակում։ Ռուբինյանի խոսքը՝ համաժամանակյա թարգմանությամբ։

«Մենք այս ձևաչափը համարում ենք օգտակար, որովհետև հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային հարցերը քննարկելու համար։ «Խաղաղության խաչմերուկի» կոնտեքստում այս ձևաչափը նույնպես կարևոր է, քանի որ «Խաղաղության խաչմերուկը» մեր տարածաշրջանին է վերաբերում և երկրները, որ ներգրավված են նույնպես այս տարածաշրջանից են և ինձ թվում է,որ  այս ծրագրի իրականացումը բխում է մեր տարածաշրջանի բոլոր երկրների շահերից»։

Տարածաշրջանի բոլոր երկրները խոսում են հաղորդակցության ուղիների ապաշրջափակման, նաև «Միջին միջանցքի» մասին, սակայն դրանք կյանքի չեն կոչվում, քանի որ կան աշխարհաքաղաքական շահեր ու հակասություններ։ Թուրքիան ու Ադրբեջանը պարբերաբար շեշտում են, որ հացերը պետք է լուծվեն տարածաշրջանում։ Ըստ Ռուբինյանի՝ «Հայկական խաչմերուկը» փորձաքար է «3+3»-ի համար։

Այս ձևաչափով առաջին հանդիպումը կայացել է փոխարտգործնախարարների մակարդակով Մոսկվայում, երկրորդը՝ նախորդ տարի Թեհրանում արտգործնախարարների մակարդակով։

Կարդացեք նաև

Back to top button