ԿարևորՄիջազգային

Ամմանում Իրանի արտգործնախարարը հանդիպել է Հորդանանի պաշտոնակցի հետ

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Ամմանում հանդիպում է ունեցել Հորդանանի իր պաշտոնակից Այման Սաֆադիի հետ։ Քննարկվել է Գազայում ընթացող և սաստկացող պատերազմը «Համասի» և Իսրայելի միջև, որն արդեն Լիբանան է թափանցել՝ հայտնում է Reuters-ը։ Այս հանդիպումը Իրանի պաշտոնյայի տարածաշրջանային ուղևորության մաս է կազմում։

Վերջին շաբաթվա ընթացքում Արաղչին այցելել է Սիրիա, Իրաք, Սաուդյան Արաբիա, որտեղ հանդիպել է Սաուդյան թագաժառանգ Մոհամմեդ Բին Սալմանի հետ։ Ինչպես Իրանի արտգործնախարարության խոսնակն է հայտնել, Արաղչին հետագայում մտադիր է այցելել Եգիպտոս և Թուրքիա՝ որպես Իրանի դիվանագիտական աջակցություն տարածաշրջանի երկրներին՝ դադարեցնելու «ցեղասպանությունը, վայրագություններն ու ագրեսիան»։

Ուրբաթ օրը Իրանի արտգործնախարարը հայտարարել էր, որ Թեհրանը չի երկմտի «ավելի ուժեղ պաշտպանական քայլերի դիմել», եթե Իսրայելը հակահարված տա հոկտեմբերի 1-ին տեղի ունեցած՝ Իրանի հրթիռային հարվածներին։ Մինչդեռ Իսրայելը բազմիցս հայտարարել է, որ անպատասխան չի թողնելու հարձակումները, որոնք Իրանն իրականացրել էր «Համասի» առաջնորդին սպանելու և Լիբանանին ու Գազային հրթիռային հարվածներ հասցրելուն ի պատասխան։

Թարգմանությունը՝ Շուշանիկ Նավասարդյանի

Կարդացեք նաև

Back to top button