ԿարևորՔաղաքական

Շվեյցարացի օրենսդիրները Դաշնային խորհրդին կոչ են անում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ խաղաղության միջազգային համաժողով կազմակերպել

Շվեյցարիայի Ազգային խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից ներկայացված միջնորդությունը Դաշնային խորհրդին կոչ է անում կազմակերպել խաղաղության միջազգային ֆորում Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ։

Նպատակն է դյուրացնել բաց երկխոսությունը Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի հայերի ներկայացուցիչների միջև, որը կանցկացվի միջազգային հսկողության ներքո կամ միջազգային համապատասխան դերակատարների ներկայությամբ՝ հայ բնակչության անվտանգ և հավաքական վերադարձի շուրջ բանակցելու նպատակով:

Միջնորդության մեջ նշվում է, որ 2023 թվականի սեպտեմբերի Ադրբեջանի ռազմական հարձակումից հետո Լեռնային Ղարաբաղը գրեթե հայաթափվել է։

«Վախենալով 1915-ի նման նոր ցեղասպանությունից՝ պատմական բնակչությունը ստիպված եղավ մի քանի օրվա ընթացքում լքել հայրենիքը։ Այդ ժամանակվանից տարածաշրջանը ենթարկվել է փաստագրված էթնիկ զտումների. հայկական մշակութային ժառանգությունը՝ ինչպիսիք են եկեղեցիները, վանքերը և գերեզմանատները, համակարգված կերպով ոչնչացվում կամ վերաիմաստավորվում են «վերանորոգման» քողի տակ կեղծ պատմական փաստաթղթերով»,- նշում են պատգամավորները։

«Չնայած այս լուրջ զարգացումներին, Լեռնային Ղարաբաղի հայերն ունեն միջազգային հանրության անվտանգության երաշխիքներով հայրենիք վերադառնալու, սեփական քաղաքական ապագան որոշելու և ժողովրդավարական ինքնակառավարում իրականացնելու ցանկություն»,- ասված է միջնորդության մեջ։

Օրենսդիրները նշում են, որ Շվեյցարիան նախկինում մի քանի անգամ միջազգային հակամարտություններում հաջողությամբ հանդես է եկել որպես չեզոք միջնորդ։

«Վերջերս Դաշնային խորհուրդը 2024 թվականի հունիսին Բյուրգենշտոկում հյուրընկալեց Ուկրաինայի վերաբերյալ խաղաղության համաժողովը: Շվեյցարիան նաև արժեքավոր ծառայություններ է մատուցել Հայաստանին. 2009 թվականի հոկտեմբերին Շվեյցարիայի միջնորդությամբ ստորագրվեցին «Ցյուրիխյան արձանագրությունները» Հայաստանի և Թուրքիայի միջև, որոնք նպատակ ունեին կարգավորել երկկողմ հարաբերությունները։ Դաշնային խորհրդական Միշելին Կալմի-Ռեյը նույնիսկ Հայաստանի պատվո մեդալով է պարգեւատրվել»,- հիշեցնում են խորհրդարանի անդամները։

Օրենսդիրները շեշտում են, որ հաշվի առնելով էներգետիկ քաղաքականության ոլորտում Շվեյցարիայի և Ադրբեջանի սերտ համագործակցությունը՝ Շվեյցարիայի Համադաշնության տնտեսական շահերից է բխում տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության հաստատումը։

«Դա ներառում է, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնական իրավունքների վերականգնումը։ Շվեյցարիայի կողմից կազմակերպված խաղաղության միջազգային ֆորումը կարող է վճռական ներդրում ունենալ հակամարտության կարգավորման գործում, տեղահանվածներին վերադառնալու հնարավորություն տալ և դրանով իսկ նպաստել ողջ տարածաշրջանի կայունացմանը»:

«Շվեյցարիան բացառիկ հնարավորություն ունի օգտագործելու իր դերը՝ որպես չեզոք միջնորդ՝ հակամարտող կողմերի միջև կառուցողական երկխոսություն սկսելու համար։ Նման հանձնառությունը ոչ միայն կշարունակի Շվեյցարիայի մարդասիրական ավանդույթը, այլև կամրապնդի նրա դիրքը՝ որպես միջազգային դիվանագիտության հուսալի գործընկեր»,- ասված է միջնորդության մեջ։

Կարդացեք նաև

Back to top button